[ARM]     [RUS]     [ENG]

Ճանապարհային նոր նշաններ՝ Ստեփանակերտում

 
Ստեփանակերտում անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնագետների հետ համատեղ բանուկ ճանապարհահատվածներում, կենտրոնական ու ծայրամասային փողոցների խաչմերուկներում՝ իրականացրել են հետազոտություններ, որոնց արդյունքում նոր ճանապարհային նշաններ են տեղադրվել մայրաքաղաքի մի շարք փողոցներում: Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հանրության հետ կապերի բաժնից՝ մասնավորապես Ա.Տերտերյան-Մարտունի, Ա.Տերտերյան-Սպանդարյան, Իոսիֆյան-Դ.Բեկ, Իոսիֆյան-Պ.Սևակ, Վ.Սարոյան-Հ.Այվազովսկու, Ազատամարտիկների-Մ.Գոշ փողոցների խաչմերուկներում տեղադրվել են «Գլխավոր ճանապարհ», «Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշաններ: «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» ճանապարհային նշաններ են տեղադրվել Ս.Դավիթ-Վ.Տերյան, Հ.Այվազովսկի-Դ.Բեկ փողոցների խաչմերուկներում: «Գլխավոր ճանապարհ», «Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշաններ են տեղադրվել Վ.Սարոյան փողոցում (N2 դպրոցի մարզադաշտի հարակից տարածքից՝ դեպի ԱրՊՀ խաչմերուկ) և Վ.Մամիկոնյան-Ն.Ստեփանյան (կենտրոնական մարզադաշտի շրջակայք) փողոցների խաչմերուկներում: «Լրացուցիչ տեղեկատվության ցուցանակ» ճանապարհային նշան է տեղադրվել Գր.Լուսավորիչ փողոցում՝ N8 դպրոցի հարևանությամբ և Դ.Բեկ-Կամո խաչմերուկում: Տիգրան Մեծ-Ա.Մանուկյան փողոցների խաչմերուկում ավելացել է «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանը: Անդրանիկի փողոց N7 տան դիմաց, ինչպես նաև Վ.Մամիկոնյան-Հ.Հակոբյան փողոցների խաչմերուկում տեղադրվել է «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» և «Երեխաներ» ճանապարհային նշանները: Ազատամարտիկների փողոց N37 շենքի մոտ տեղադրվել է «Կայանման տեղ» և «Լրացուցիչ տեղեկատվության ցուցանակ» ճանապարհային նշանը: Աջափնյակ-Քռասնի հանրապետական նշանակության ճանապարհի վրա Քռասնի համայնքի կողմից մուտք և ելք դեպի ք.Ստեփանակերտ՝ տեղադրվել են «Բնակավայրի սկիզբ » և «Բնակավայրի վերջ» ճանապարհային նշանները: Փոխարինվել են նորով՝ Ա.Մկրտչյան փողոցի սկզբնամասում «Կայանելն արգելվում է» ճանապարհային նշանը, Վ.Մամիկոնյան-Հ.Հակոբյան փողոցների խաչմերուկում՝ «Առավելագույն արագության սահմանափակում» և «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է», Գ.Նժդեհ-Վ.Սարգսյան փողոցների խաչմերուկում, ինչպես նաև Ադմ. Իսակով փողոցի 4ա շենքի մոտ՝ «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշանները: Նաբերեժնայա 3-րդ նրբանցք N32/1 hասցեում տեղադրվել են «Կայանման տեղ» և «Լրացուցիչ տեղեկատվության վահանակ» ճանապարհային նշանները: Ակտը կազմելիս հաշվի է առնվել նշված փողոցների ծանրաբեռնվածությունը: Ճանապարհային նոր նշանները որոշակիորեն կթեթևացնեն ծանրաբեռնված փողոցները, ինչպես նաև կխթանեն երթեկության կանոնների պահպանմանը: