[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՈՒՆ ՄԱՔՈՒՐ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ՓՈՂՈՑՆԵՐԻ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Օրերս գործի բերումով անցնում էի Ստեփանակերտի Մարտունի փողոցով: Զգուշությամբ էի քայլում, քանի որ մայթի ասֆալտը քանդված էր, հարթ չէր: Մտովի նախատում էի շինարարներին, բայց նաև հավելում` դե ի՞նչ արած, հետպատերազմյան ծանր շրջան ենք ապրում, ասֆալտապատ մայթերի ժամանակը չէ: Այդ ՙերկխոսության՚ ներքո հասա մինչև Մշակույթի և երիտասարդության պալատի շենք: Մեքենաների համար ճանապարհը բավականին բարվոք էր, ինչը մայթերի մասին չէի ասի, հատկապես` ձախ կողմի, որ հիշեցնում էր, ավելի շուտ, խրամատ: Որոշեցի քայլել փողոցի` մեքենաների համար նախատեսված հատվածով, թեկուզ վարորդներն ազդանշաններ էին տալիս, որ զգուշանամ: Ես էլ անհասցե փնթփնթում էի` թող մայթերը կանոնավոր սարքեն, որ հետիոտն էլ իրեն հատկացրած տեղով անցնի, ու նաև ինքս ինձ նախատում` հարմար է թե ոչ, մայթով անցիր, հանկարծ քո պատճառով վթար չպատահի: Սակայն ինչքան իջնում էի փողոցով, այնքան ավելի էի զարմանում ու վրդովում: Փողոցի ձախակողմյան մայթը պարզապես կորչում էր խիտ խոտի մեջ, կամ էլ կտրուկ ընդհատվում էր. պետք էր ցատկել մեկ մետր բարձրությունից, կամ ավտոմեքենայի երթևեկության հատվածով շարունակել` հանդիպելով, զիջելով տրանսպորտային միջոցների: Մայթը ՙհարուստ՚ էր շինարարական ավազի կույտերով, քարերով, որոնք վաղեմությունից բուսածածկ էին: Այս հատվածով անցնելիս մեքենաներն էին ինձ ճանապարհ զիջում: Իսկ փողոցի վերջին հատվածում ուղղակի աննկարագրելի բարդությունների էի հանդիպում:

Հասկանալի է, ցանկացած բնակավայրում կան խնդիրներ: Խնդիրներն էլ պիտի լուծում ստանան: Բնականաբար, դիմեցի քաղաքապետարան` շինարարության և բարեկարգման բաժին: Բաժնի պետ Վ. Միքայելյանի հավաստմամբ, քաղաքապետարանը ոչ միայն տեղյակ է խնդրին, այլև համապատասխան նամակով դիմել է ԱՀ քաղաքաշինության նախարարություն` հարցին դրական լուծում տալու խնդրանքով: Նա տեղեկացրեց, որ Ստեփանակերտում նման մայթերով փողոցները քիչ չեն, և նամակում առաջարկվում է համալիր լուծում տալ` բարեկարգելով նշված փողոցների մայթերը: Ե՞րբ դա տեղի կունենա հարցին, նա նշեց, որ այս տարի բարեկարգման աշխատանքները չեն կարող սկսվել, քանի որ տարին արդեն ավարտվում է: Բայց հաջորդ տարում, հավանաբար` գարնանը, դրանք կմեկնարկեն: Ի դեպ, շեշտեց նա, նաև քաղաքապետարանն է իր հնարավորություններով մասնակցում գործընթացին:
Մտադրվելով գրել նման խնդրի մասին` չէի կարող չբարձրաձայնել քաղաքում առկա այլ խնդիրների մասին: Բազմիցս եմ գրել մրգերի ու բանջարեղենի խանութների տերերի խնդրահարույց վարվելակերպի վերաբերյալ: Թե՜ պատերազմից առաջ և թե՜ հետո քաղաքի մայթերին տիրում է նույն երևույթը` հետիոտների իրավունքները ոտնակոխ են արվում: Նշված խանութների տերերն իրենց իրավունք են վերապահում զավթել գրեթե ողջ մայթը` խախտելով հետիոտների ազատ տեղաշարժվելու իրավունքը: Դե, իհարկե, չես կարող ասել, որ նրանք խիղճը կորցրած մարդիկ են: Մի կերպ անցնելու համար նրանք արահետներ են թողնում: Հետիոտների անունից ինչպես շնորհակալություն չհայտնել, երբ, ի տարբերություն Մարտունու փողոցում տիրող իրավիճակին, գոնե մի հնարավորություն են թողնում` մայթն անցնելու:
Ինչի՞ց և ինչպե՞ս է առաջանում նման ամենաթողությունը: Մի՞ թե միայն այն պատճառով, որ օրենքով նախատեսված պատժամիջոցներն ամենայն խստությամբ չեն կիրառվում: Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հավաստմամբ, այդ խանութների տերերից շատերը ենթարկվել են օրենքով նախատեսված տուգանքի` թեկուզ և փոքրագույն չափով, բայց նրանք այդպես էլ չեն խրատվում: Նրա համոզմամբ, այս խնդիրներն առաջանում են մարդկանց հանդեպ պատշաճ վերաբերմունքի պակասից կամ բացակայությունից: Քաղաքապետի վկայությամբ, նա անձամբ է այդ խանութների յուրաքանչյուր տիրոջ հորդորում, որ նրանք առանց պատժամիջոցներ կիրառելու ինքնակամ ազատեն մայթերը` հետիոտներին հնարավորություն տալով մայթով ազատ տեղաշարժվելու: Նա շեշտեց, որ ամենաանուղղելի սեփականատերերը մի քանի անգամ տուգանվել են: Ավա՛ղ… քաղաքի մայթերին նույն իրավիճակն է տիրում:
Բարձրաձայնեցի նաև մեքենաների վարորդների անկանոն, անգամ կարգազանց վարելու խնդրի մասին: Հաճախ կարելի է տեսնել, որ վարորդները չեն պահպանում երթևեկության կանոնները, ինչն էլ բարձրացնում է վթարային իրավիճակների հավանականությունը: Այս հարցի վերաբերյալ Դ. Սարգսյանն ասաց, որ, իրոք, քաղաքում վաղուց մեքենաների քանակը շատացել է ու կա խցանումների խնդիր: Ուստի, այս տարի, քաղաքապետարանի առաջարկությամբ, Մ. Մաշտոցի պողոտայում իրականացվել են շինաշխատանքներ. մայթերին նախատեսված գազոնները բարեկարգվել են` մեքենաների համար կայանատեղեր ունենալու համար: Հաջողված փորձը կկիրառվի այլ փողոցներում, տեղեկացրեց նա, ինչը հնարավորություն կտա ծառերի միջև ընկած հատված-գազոններն օգտագործել նույն նպատակին: Եվ, այսպիսով, կթեթևանա մեքենաների երթևեկելի մասը:
Ինչ վերաբերում է մրգերի ու բանջարեղենի խանութների տերերի վարքագծին, քաղաքապետը հավաստիացրեց, որ նրանք մինչև այս տարվա վերջ ևս մեկ անգամ կզգուշացվեն, սակայն նոր տարում, ի լուր բոլոր նման պահվածք ունեցող սեփականատերերի, նրանց հանդեպ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ: Նա համոզված է, դա կնպաստի, որ մայրաքաղաքի փողոցների մայթերը կազատվեն նման տեսարաններից ու կլինեն մաքուր և գեղեցիկ: