[ARM]     [RUS]     [ENG]

Համազգային միասնությունը՝ օրվա խորհուրդ․ հարգանքի տուրք երկրաշարժի զոհերի հիշատակին

Աննա Պետրոսյան
 
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցին բազմաթիվ արցախցիներ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Լինի երկրաշարժ, թե պատերազմ՝ համազգային ողբերգական աղետներին դիմակայելու և վերքերը բուժելու համար կարևոր է պատմությունից դասեր քաղելը, ճիշտ քաղաքականությունն ու միասնականությունը։ Իր խոսքում նշեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը՝ հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո։ - Պետք է միշտ պատրաստ լինենք՝ դիմակայելու բոլոր մարտահրավերներին, դժվար պահերին կարողանանք ազգովի համախմբվել, ընտրել ճիշտ ճանապարհներն ու քայլերը, որպեսզի կարողանանք հնարավորինս փոքր կորուստներով դուրս գալ այդ փորձանքներից,-ասաց Գագիկ Բաղունցը՝ ընդգծելով, որ չնայած Սպիտակի երկրաշարժից 33 տարի անց վերականգնվել են բազմաթիվ բնակավայրեր ու շենքեր, սակայն չի մշակվել հայեցակարգ, որը հնարավորություն կտար այդ ողբերգական աղետների հետևանքները համազգային հավաքական ուժերով հաղթահարել։ -Կոչ եմ անում հայ ազգին՝ համախմբվել այդ գաղափարի շուրջ, որպեսզի կարողանանք դիմակայել ցանկացած մարտահրավերի,-ասաց Գ․ Բաղունցը։ Երկրաշարժից անմիջապես հետո Արցախից Մայր Հայաստան շտապեց 24 կամավորներից բաղկացած փրկարարական ջոկատ, որը ղեկավարում էր Ասլան Գրիգորյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ 1988 թվականի այս օրերին ամբողջ Արցախն էր ոտքի կանգնել՝ օգնելու Մայր հայրենիքին։ -Երկրաշարժի լուրը լսելուց հետո մեր խումբն անմիջապես մեկնեց Սպիտակ, որն ամբողջությամբ ավերվել էր։ Այնուհետև ուղևորվեցինք Լենինական։ Առաջին օրերին շատ դժվար էր, որովհետև փորձ չունեինք։ Աշխատում էինք գիշեր ու ցերեկ՝ երբեմն առանց սնվելու և անքուն ։ Գիշերներն աշխատում էինք լուսարձակների ներքո: Ամեն վայրկյանը թանկ էր, քանի որ մարդու կյանք արժեր,-պատմեց Ա․ Գրիգորյանը։ Աղետի գոտու մեր հայրենակիցներին օգնության հասած արցախցիներից էր նաև Կամո Իսաբաբյանը, ում նույնպես հանդիպեցինք Ստեփանակերտի հուշահամալիրում։ Պարգևատրվել է Խորհրդային Հայաստանի <<Վեհանձնություն, գթասրտություն>> հուշամեդալով։ -Հիշողությունիցս չեն ջնջվում այն պահերը, երբ մարդիկ ներքնահարկում գոռում էին, բայց չէինք կարողանում փրկել, քանի որ շենքը մխրճված էր գետնի մեջ։ Բոլորս պետք է միշտ հիշենք անմեղ զոհերին։ Զրուցեցինք նաև ուսուցչուհի Հրանուշ Աղաբեկյանի հետ, ով նշեց, որ ուսուցիչները, պետք է վառ պահեն նոր սերնդի հիշողությունը, որպեսզի նաև դասեր քաղեն պատմությունից։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամ է դարձել, ավելի քան 500 հազար մարդ զրկվել է տնից։