ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ ԲՆԱԿԱՆՈՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
Վան ՆՈՎԻԿՈՎ
Հարցազրույց Արցախի Հանրապետության պետական նախարար
Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Բեգլարյան, անցնող տարում ի՞նչ ցուցանիշներ են արձանագրվել Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական բնագավառում։
-Հետպատերազմյան մեկ տարվա ընթացքում Արցախում բնականոն կյանքը վերականգնվել է, բավականին սոցիալ-տնտեսական և մարդասիրական ծրագրեր են իրականացվել։ Արդյունքում, քայլ առ քայլ լուծվում են սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները։ Արցախի Հանրապետության կառավարությունը 2021 թվականին տնտեսության մեջ դրական միտումներ է արձանագրել։
Տարեսկզբին Արցախի Հանրապետության պետբյուջեի տարեկան սեփական եկամուտները կանխատեսվել էին շուրջ 17 միլիարդ դրամի շրջանակում, սակայն տարեվերջին փաստացի կկազմեն շուրջ 31 մլրդ դրամ։ Դա նշանակում է, որ տնտեսությունն արագ վերականգնվել է, տնտեսական ակտիվության ցուցանիշը բավարար մակարդակի վրա է գտնվում։ Այնուամենայնիվ, մենք խնդիր ունենք ամբողջ հայության աջակցությամբ տնտեսության վերակառուցման՝ ըստ առկա կարիքների ու առանձնահատկությունների։
Դրական միտումներ են նկատվում գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտում։ Արդյունաբերության ոլորտում առկա էին ենթակառուցվածքային խնդիրներ, որոնք հիմնականում լուծում են ստացել, և առաջիկայում շոշափելի աճ է ակնկալվում այդ ճյուղում։ Աշխատանքներ են տարվում ոսկու նոր հանք շահագործելու ուղղությամբ։ Սփյուռքահայ ներդրողների հետ տեքստիլ արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտներում որոշակի ծրագրեր են նախատեսվում։ Մեկնարկել են երկու խոշոր ՀԷԿ-ի նախագծման ու նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև նախատեսվում են ներդրումներ արևային էներգետիկայի ոլորտում։ Դրանց շնորհիվ հնարավոր կլինի ընդհանուր առմամբ վերականգնել Արցախի էլեկտրաէներգիայի ինքնաբավության մակարդակը։
Կառավարությանը հաջողվել է ընդհանուր առմամբ ապահովել հետպատերազմյան սոցիալական կայունությունը՝ թե՜ հիմնական և թե՜ լրացուցիչ սոցիալական ծրագրերի շնորհիվ, որոնք ուղղված էին ԱՀ քաղաքացիների, հատկապես տեղահանված անձանց կարիքների բավարարմանը։ Այնուամենայնիվ, արդեն ջանքեր են գործադրվում, որպեսզի սոցիալական աջակցության ծրագրերն աստիճանաբար փոխակերպենք զարգացման ծրագրերի։ Կարևոր ձեռքբերումներից մեկն էլ բնակարանային խոշորամասշտաբ ծրագրերի մեկնարկն է, որոնց շնորհիվ արդեն բարելավվել են մեծաթիվ ընտանիքների բնակարանային պայմանները, և շուտով տեղահանված ու այլ շահառու անձինք ստանալու են նորակառույց բնակարաններ։
-Ինչպե՞ս կգնահատեիք անվտանգային միջավայրն ու դա ինչպիսի՞ազդեցություն է ունեցել Հանրապետության կենսագործունեության վրա։
-Արցախի Պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ, ընդհանուր առմամբ, հնարավոր է եղել ապահովել անվտանգ միջավայր, թեպետ, ցավոք, քանիցս գրանցվել են միջադեպեր, որոնք մարդկային կյանքեր են խլել։
Այն, որ խոշորամասշտաբ ռազմական գործողություններ չեն եղել, ինքնին արդեն հաջողություն է այս ժամանակահատվածում։ Դա չի նշանակում, որ պետք է բավարարվենք եղած ձեռքբերումներով. մեծ աշխատանք պետք է տարվի, որպեսզի ավելի երկարաժամկետ անվտանգային երաշխիքներ ունենանք՝ և՜ ռազմական, և՜ քաղաքական գործիքակազմերով։
Չնայած երկարաժամկետ անվտանգային խնդիրներին ու անորոշություններին` Արցախում նաև ժողովրդագրական հաջողություններ են գրանցվել։ Արցախում արդեն շուրջ 120 հազար մարդ է բնակվում, և գլխավորապես բնակարանային ֆոնդի սղության պատճառով այդ թիվն ավելին չէ։ Սա ցուցիչ է, որ արցախցիները պատրաստ են իրենց հայրենիքում ապրել ու արարել՝ նույնիսկ անվտանգային անորոշությունների պայմաններում։
-Քանի՞ ընտանիք է 2021 թվականին ապահովվել սեփական տանիքով, և ի՞նչ ծրագրեր են մեկնարկել այդ առումով։
-Իրականացվում է բնակարանաշինության մեծածավալ ծրագիր։ Պատերազմի հետևանքով տեղահանված շուրջ 40 հազար արցախցի բնակարանային խնդիր ունի, բացի դրանից՝ ավելի փոքր շահառու խմբեր (զոհվածների ընտանիքներ, առաջին խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձինք, բազմազավակներ, սպաներ, փախստականներ և այլն) ևս ունեն բնակարանային սուր կարիքներ։ Մեկնարկած ծրագրով նախատեսվում է 3 տարվա ընթացքում առնվազն 5 հազար բնակարան կառուցել՝ չհաշված հին բնակֆոնդի վերականգնման ու երկրորդային շուկայից բնակարանների ձեռքբերման ծավալները։ Մենք փնտրում ենք լուծումներ, որ Արցախում, ի լրումն սոցիալական առանձին խմբերի, բոլոր կարիքավոր ընտանիքներն ունենան արժանապատիվ պայմաններով սեփական տանիք՝ նախագահ Արայիկ Հարությունյանի ՙՅուրաքանչյուր ընտանիքին՝ առանձին բնակարան՚ նախընտրական խոստմանը համապատասխան։
Անցնող տարում Ստեփանակերտում ընթացել են 1211, իսկ շրջաններում՝ 1438 բնակարանի կառուցման աշխատանքները։ Տարեվերջին ու առաջիկա շաբաթներին շահագործման է հանձնվել կամ կհանձնվի 317 նորակառույց բնակարան, որից 294-ը Ստեփանակերտում։ Դրանից բացի, հին բնակֆոնդից հարյուրավոր բնակարանների վերականգնման աշխատանքները ևս ընթացքում են, որոշների պարագայում՝ ավարտվել են։ Այս ծրագրերն իրականացվում են Արցախի և ՀՀ պետական բյուջեների միջոցներով, ինչպես նաև ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և որոշ չափով նաև այլ կազմակերպությունների ու բարերարների աջակցությամբ։
-Ի՞նչ կբարեմաղթեիք Ամանորի առթիվ:
- 2021 թվականը, թերևս, բարդ ու մարտահրավերներով լեցուն տարի էր Արցախում՝ հատկապես պատերազմի հետևանքները վերացնելու, առկա սոցիալ-տնտեսական ու հոգեբանական խնդիրները մեղմելու առումով։ Եկող նոր տարին նույնպես նոր մարտահրավերներով է առանձնանալու, սակայն այն կլինի առավելապես հայրենաշինության և հայրենապաշտության կարևոր ժամանակահատված ու պատասխանատու հանգրվան։ Հավատացած եմ, որ մեր նվիրվածության, մասնագիտական պատրաստության ու կամքի ուժով հնարավոր է լինելու հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Եվ մեծ հավատով ու լավատեսությամբ եմ շնորհավորում բոլորիս Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով ուժ ու տոկունություն մեր հայրենիքի այս հատվածը շենացնելու և մեր երեխաների համար անվտանգ ու բարեկեցիկ ապագա կառուցելու հարցում։