[ARM]     [RUS]     [ENG]

Յոթ օր Արցախի գյուղական բնակավայրերում

 Անի Մանգասարյան

Այսօր՝ հունվարի 13-ին եզրափակվեցին Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան  պետական թատրոնի տիկնիկային 7-օրյա ներկայացումներն Արցախի գյուղական բնակավայրերում: Մարտունի քաղաքում ու շրջանի գյուղերում այս ընթացքում ցուցադրվել են  ,,Երեք խոզուկները,, և ,,Պոչատ աղվեսը,,: Նախաձեռնության հեղինակը Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն է:  Հովանավորը՝ մարտունաբնակ հայրենադարձ Շանթ Չարշաֆճեանի հիմնադրած <<Լորիկ>>  մարդասիրական  հիմնադրամը: Մեկ շաբաթվա ընթացքում ցուցադրվել է  տիկնիկային 13 ներկայացում: Շանթ Չարշաֆճեանի խոսքով՝ Արցախում նման նախաձեռնությունները շարունակական են լինելու: Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրենի օգնական Տիրուհի Գասպարյանը հավաստմամբ՝  Համազգայինի Արցախի գրասենյակը Շուշիի պետական թատրոնի  կողքին է՝ նպատակ ունենալով խթանել  նրա  գործունեության վերականգնումը: - Մեր ներկայացումներով փորձեցինք  մի փոքր բարելավել առաջնագծին մերձ գտնվող բնակավայրերում ապրող երեխաների հոգեբանական վիճակը,-,,Ազատ Արցախ,,-ի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը: Թատրոնի տնօրենը կիսելով իր տպավորությունները, նշեց, որ  Արցախյան  գյուղերի հանդիսատեսները գալիս են ներկայացում դիտելու՝ քաջ գիտակցելով, որ իրենք թշնամու դիտակետի տակ են: - Օրինակ ՝  մեր  ներկայացումից  ուղիղ կես ժամ հետո  թշնամին  տարբեր տրամաչափի  զինատեսակներով սկսեց կրակել  Կարմիր Շուկայի ուղղությամբ: Մենք պարզապես շատ մեծ հպարտություն ենք ապրում  արցախցիների կամքի ուժով և որ հենց այսպիսինն ենք,-մեզ հետ զրույցում ասաց Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան  պետական թատրոնի տնօրենը։ Նրա խոսքով՝  Շուշիի թատրոնն առայժմ գործում է շրջիկ կարգավիճակով: Թատրոնի՝ այս կարգավիճակից բխող խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների և սեփական ուժերով առաջիկա ծրագրերի իրագործման վերաբերյալ  ''Ազատ Արցախ''-ի անդրադարձը՝  թերթի առաջիկա համարներում։