Logo
Print this page

Այսօր դատական համակարգի աշխատողի օրն է

 

 Հունվարի 20-ին Արցախում պաշտոնապես նշվում է դատական համակարգի աշխատողի օրը։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի ուղերձում․

''Հարգելի գործընկերներ, հունվարի 20-ը խորհրդանշական օր է Արցախի դատական համակարգի համար. շուրջ մեկ դար առաջ, 1924 թվականին ձեւավորվեց Արցախի մարզային դատարանը, իսկ 2011 թվականից մեր հանրապետությունում այդ օրը պաշտոնապես նշվում է որպես դատական համակարգի աշխատողի օր: Ընդունված է մասնագիտական տոների ժամանակ խոսել հաջողությունների և ձեռքբերումների մասին, սակայն այսօր, հետպատերազմյան այս իրավիճակում, շատ դժվար է անդրադառնալ դրանց: Միեւնույն ժամանակ, մենք չենք կարող անտեսել այն, ինչը մեր երիտասարդ պետության կարեւորագույն գրավականներից է: Դատական համակարգի ամրապնդմամբ է պայմանավորված մեր երկրում ժողովրդավարության հաստատումն ու զարգացումը: Վերջերս իր հանդիպումներից մեկի ժամանակ Հանրապետության Նախագահը մի այդպիսի միտք է արտահայտել. «Արցախն իրավական երկիր է: Այս տարիների ընթացքում մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից մեկը կայացած ու անկախ դատաիրավական համակարգն է, որի պարագայում մենք հետքայլ անելու իրավունք չունենք»: Անկախ, արդար ու արդյունավետ դատական համակարգի կայացման ու զարգացման, դատարանի նկատմամբ հանրային վստահության ձեւավորման ու ամրապնդման գործում յուրաքանչուր ոք իր ներդրումն ունի: Հատկապես ուզում եմ կարեւորել մեր ավագ գործընկերների՝ համակարգի վետերանների ավանդն այս ամենում: Սակայն պետք է փաստել, որ բոլոր ժամանակներում հասարակության ամենամեծ պահանջը արդարությունն է: Դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը երկրի ներքին սպառնալիքներից մեկն է, եւ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է այդ վստահության ամրապնդման համար: Այսօր, առավել, քան երբեւէ, մենք պարտավոր ենք ամենայն պատասխանատվությամբ իրականացնել մեր առաքելությունը: Մեզանից յուրաքանչյուրի աշխատանքով է պայմանավորված մեր երկրի ապագան. օրենքի տառի անշեղ պահպանմամբ, համախմբվածությամբ ու միասնականությամբ միայն կարող ենք դիմակայել ժամանակի մարտահրավերներին: Բոլոր կողմերով շրջապատված լինելը չպետք է վհատեցնի մեզ, քանզի անկախ պետականություն ունենալու համար հազարավոր կյանքեր կիսատ մնացին, հազարավոր հայորդիներ ընկան՝ Արցախը հայկական, ամուր եւ ուժեղ տեսնելու հավատով'':

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.