[ARM]     [RUS]     [ENG]

ՀՀ ԲԺԻՇԿ-ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Դեռևս անցած տարվա մարտ ամսից ՙԱրևիկ՚ բուժմիավորումում երկու ամիսը մեկ ժամանակահատվածով կազմակերպվում է հայաստանյան մանկական նյարդաբանների այցեր ու խորհրդատվություններ։ Պարբերաբար երկու մանկական նյարդաբան մասնագիտական բուժօգնություն են ցուցաբերում նյարդաբանական խնդիրներով երեխաներին, իսկ անհրաժեշտության դեպքում ուղղորդում ՀՀ համապատասխան բուժհաստատություններ։
Վերոնշյալ մասնագետները զննել են արցախցի երեխաներին, և անհրաժեշտության դեպքում նշանակել դեղորայքային բուժում, հավելյալ հետազոտություններ։
Բիայնա Սուխուդյանի խոսքով՝ զննումների ընթացքում երեխաների մոտ արձանագրվել են նյարդաբանական տարբեր խնդիրներ՝ զարգացման հապաղում, էպիլեպտիկ ցնցումներ, գլխացավեր և ուշաթափություններ։ ՙՀիվանդների խնդիրները բազմաթիվ էին և մանկական նյարդաբանի կարիքը խիստ զգացվում է։ Այդ առումով մենք ունենք հեռանկարային ծրագիր երիտասարդ մասնագետների վերապատրաստման, և հուսով ենք, որ մինչև 3 տարին ՙԱրևիկ՚ բուժմիավորումը կդառնա լավագույն մասնագետներով համալրված կենտրոն։ Վերապատրաստվող մասնագետները ծննդով Արցախից են, և հույս ունենք, որ ԱՀ առողջապահության նախարարությունն ամեն կերպ կաջակցի այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՚,-նշեց ՙԱրաբկիր՚ ԲՀ-ի մանկական նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավարը։
Հնգօրյա զննումների ընթացքում բժիշկները հիվանդների մեծ մասի մոտ արձանագրել են նյարդաբանական լուրջ խնդիրներ, այդ թվում գենետիկական, ձեռք բերովի, որոնց մի մասն ի հայտ է եկել ծանր ծննդաբերության հետևանքով, մի մասն էլ, ցավոք, սթրեսային վիճակներից, որոնք առաջացել են Արցախյան 3-րդ պատերազմի ժամանակ։ Բ. Սուխուդյանի պարզաբանմամբ՝ երեխաները բողոքում էին տագնապի գրոհներից, սթրեսային գլխացավերից ու կարիք ունեին ոչ միայն նյարդաբանի, այլև հոգեբանի ու նույնիսկ, հոգեբույժի աջակցության։ Մասնագետը գտնում է, որ նման խնդիրները դժվար են հաղթահարվում և ներկայումս ՀՀ-ում և ԱՀ-ում, հատկապես Արցախյան 3-րդ ծանր պատերազմի պատճառով, մասնավորապես, երեխաների շրջանում տարածվել են սթրեսի հետևանքով առաջացած հիվանդություններ, իսկ դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ է բավականին ժամանակ։ ՙՆման խնդիրները, բնականաբար, չեն լուծվում նյարդաբանի 1-2 այցի ընթացքում ու մենք միշտ կապի մեջ ենք ՙԱրևիկ՚-ի բուժանձնակազմի, մասնավորապես այն մանկաբույժի հետ, ով կվերապատրաստվի և կաշխատի նաև որպես մանկական նյարդաբան։ Անհրաժեշտության դեպքում հեռավար խորհրդատվություններ ենք կազմակերպում, որ հիվանդը մեր բացակայության ընթացքում տեղում ստանա բուժօգնություն։ ՙԱրևիկ՚ բուժմիավորման տնօրենն էլ իր հերթին ամեն օր հեռավար կապվում է մեզ հետ, որ համատեղ լուծվեն առկա խնդիրները։ Իսկ այն երեխաները, ովքեր կարիք են ունենում շտապ բուժսպասարկման և որոնց բուժման գործընթացը հնարավոր չէ կազմակերպել Արցախում, տեղափոխվում են արդեն Երևանի համապատասխան բուժհաստատություններ՚,-տեղեկացրեց նյարդաբանը։ Նյարդաբանական խնդիրներով արցախցի երեխաների բուժման գործընթացում իրենց աջակցությունն են ցուցաբերում ոչ միայն ՙԱրաբկիր՚-ի, այլև ՙՍուրբ Աստվածամայր՚ ԲԿ-ի նյարդաբանները։
Ինչ վերաբերում է դեղորայքի և համապատասխան սարքավորումների պակասին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այդ հարցում աջակցել են սփյուռքահայ բժիշկները և նրանց կողմից հատկացված ֆինանսական միջոցների շնորհիվ ձեռք են բերվել անհրաժեշտ դեղամիջոցներ, որոնք արդեն սպառվել են, և այժմ հիվանդներն ունեն լուրջ խնդիր, քանի որ ի վիճակի չեն գնելու այդ դեղերը։ Որոշ դեղամիջոցներ էլ բացակայում են ոչ միայն Արցախում, այլև ՀՀ-ում։ Այս առումով բժիշկներն ու հիվանդները հույս են տածում, որ ԱՀ առողջապահության նախարարությունը կաջակցի ֆինանսապես և նորից ձեռք կբերվեն անհրաժեշտ դեղամիջոցներ, ինչպես նաև տեղի հնացած սարքավորումը կփոխարինվի խիստ անհրաժեշտ նորով, որը հնարավորություն կընձեռի հեռավար եղանակով հետազոտել հիվանդին և ախտորոշել։
ՙՆյարդաբանական խնդիրներն ի հայտ են գալիս տարիքային տարբեր խմբերի երեխաների շրջանում՝ նորածնային շրջանից մինչև 18 տարեկան։ Յուրաքանչյուր տարիքի երեխաների մոտ խնդիրները տարբեր են, և ողջունելի է, որ արցախցի մայրերը շատ ուշադիր են ու սերտ կապի մեջ են բժշկի հետ ու խիստ հետևողական իրենց երեխաների բուժման հարցերում՚,-վերջում հավելեց մեր զրուցակիցը։
ԱՀ առողջապահության նախարարին կից մասնագիտական խորհրդի մանկական նյարդաբանության գծով փորձագետների ջանքերով ՀՀ-ում կվերապատրաստվի 2 մանկական նյարդաբան, ովքեր էլ մշտապես կաշխատեն Արցախում։