[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱ... ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ-63

Սերգեյ Սաֆարյան

Փետրվարի 21-ին Արցախի պատմաերկրագիտական թանգարանում բացված ցուցահանդեսը նվիրված է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, պատմաբան, Արցախյան շարժման առաջամարտիկ, քաղաքական գործիչ, Արցախի հերոս Արթուր Մկրտչյանի հիշատակին:

Թանգարանի պատասխանատուների խոսքով` Արթուր Մկրտչյան քաղաքական գործչի կյանքն ու գործունեությունը մեր հասարակությանը ներկայացնելն այսօր, ավելի քան երբևէ, կարևոր նշանակություն ունի, քանզի Արթուր Մկրտչյանը մեր պետականության խորհրդանիշներից մեկն է:
Թանգարանի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված են Արթուր Մկրտչյանի անձնական իրեր, մեր պետականության կայացման սկզբնական փուլում նրա որոշումների օրիգինալ փաստաթղթեր, զեկույցներ, ելույթների ձեռագիր տարբերակներ, ընտանեկան լուսանկարներ և այլն:
Ցուցահանդեսում առկա է նաև այն գրիչը, որով Արթուր Մկրտչյանը ստորագրել է պետական անկախության հիմունքների մասին օրենքը: Ցուցահանդեսի կարևոր նմուշներից է քաղաքական գործչի ճամպրուկը, որն Արթուր Մկրտչյանի հետ էր ամենուր:
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արթուր Մկրտչյանի հիշատակին կազմակերպված ցուցահանդեսն իսկապես յուրահատուկ խորհուրդ ունի, քանզի ամեն նմուշի մեջ մեր ինքնությունն է, մեր ես-ը:

Արցախի պատմաերկրագիտական թանգարանի կողմից կազմակերպված ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 14-ը: