Մի արցախցի երիտասարդի պատմություն. պատերազմից առաջ և հետո
Պատերազմը փոխեց, գուցե խմբագրեց ու նորացրեց արցախցի երիտասարդների գաղափարները՝ զբաղեցնելու իրենց տեղն ու դիրքը հենց արցախյան արևի տակ: Նրանցից շատերը 21-րդ դարի տեխնոլոգիական առավելություններից օգտվելով՝ փորձում են յուրացնել մի քանի մասնագիտություն, լինել ավելի ճկուն` տարբեր իրավիճակներում ճիշտ դիրքավորվելու հրամայականով:
Աննա Դավթյանը 20 տարեկան է, ծնվել է Ստեփանակերտում: Դպրոցական կյանքը հարստացրել է պարարվեստի քոլեջում՝ ուսումնասիրելով թատերական արվեստը: Հիմնական կրթությունն ստանալուց հետո՝ 2014թ. ընդունվել է Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջը և ավարտել գերազանցությամբ: Այժմ էլ Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ դասական վոկալ բաժնի երկրորդ կուրսի ուսանող է: Բացի այդ, դեռևս դպրոցական տարիքից ստեղծագործում է՝ արձակ և չափածո. սկզբում՝ քառյակներ, հետո ծնվեցին հեքիաթներ ու պատմվածքներ: Ժամանակի ընթացքում իր մտքերը թղթին էր հանձնում, հաջողվածներն էլ տեղադրում առցանց հարթակում: Գրական կեղծանունն է Մեկունց: Քիչ չէր այն մարդկանց թիվը, ովքեր կարդացին, լսեցին ու հավանեցին:
Վերջերս հրատարակվել է «Արևը ծագում է մեջտեղից» գիրքը: Շուտով լույս կընծայվի «Արցախս՝ հավասար հոգուս Ա՜խ-ին»: Նկուղում պատերազմի ընթացքում գրված գիրքը իրական պատմություններով է շարադրվել՝ նվիրված մեր հերոսների հիշատակին:
Պրոֆեսիոնալ վոկալով սկսեց զբաղվել 2018 թվականից: Սկզբում նպատակ չուներ քոլեջում սովորելու, դասախոսի խորհրդով սկսեց առաջին քայլը: Երազում է օպերային երգչուհի դառնալ, իր կյանքն առանց երաժշտության չի պատկերացնում:
Աննան սիրում է մարդկանց լսել ու հասկանալ և դրա համար պատրաստ է ձեռք բերել նաև հոգեբանի մասնագիտություն:
Դիանա Մխիթարյան