Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԽՐԱՄՈՐԹԻՍ ՀՈՂ ՈՒ ՋՐԻՆ ՄԱՏԱՂ…

 

Խրամորթցի Անժելա Ղահրամանյանը՝ ամբողջ կյանքում հողի հետ կռիվ տվող, բերք ու բարիք ստեղծող, հարազատներին ամեն ինչով օգնության ձեռք մեկնող կին, այսօր թևաթափ ու մտամոլոր է: Ախր աշխատավոր մարդու համար շա՜տ դժվար է պոկվել մայր հողից, կարոտով թողնել այնտեղ ապրած ամեն մի օրը… Մարտի 24-ից լիովին փոխվել է Անժելայի կյանքի բնականոն հունը: Մեծ տրամաչափի զինատեսակներից թշնամու արձակած արկերի հանկարծակի պայթյուններից ամբողջ գյուղն արդեն ոտքի վրա էր, իսկ երբ լսել են, որ թշնամին արդեն Փառուխում է, միանգամից հասկացել են պահի լրջությունը: Անժելան անմիջապես մտածել է եղբոր՝ կյանքից անժամանակ հեռացած Առաքելի ընտանիքի մասին: «Ես ինձ համար չեմ վախեցել, եղբորս երեխաների ու թոռների համար եմ անհանգստացել: Սկզբից չէի կարծում, որ պիտի գյուղից հեռանանք: Հետո տեսանք, որ դա անխուսափելի է, ու տեղափոխվեցինք Ասկերան, ժամանակավոր բնակություն հաստատեցինք եղբորս նոր ամուսնացած աղջկա տանը: Նա ընտանիք է կազմել Ազոխից տեղահանված մի տղայի հետ և վարձով ապրում է Ասկերանում: Բազմաշունչ ընտանիք ենք, սակայն մի կերպ դիմանում ենք՝ գյուղ վերադառնալու հույսով ու հավատով: Ամեն օր աղոթում եմ Աստծուն, խնդրում, որ օգնի մեր բազմաչարչար ժողովրդին, պահապան լինի մեր դիրքապահ տղաներին,-ասում է տուն ու տեղից կտրված կինը և կարոտով ավելացնում,-ես իմ Խրամորթի հող ու ջրին մատաղ…»: Անտեսելով ամեն մի վտանգ՝ Անժելան ամեն օր գնում է Խրամորթ, աշխատում իր այգում, մշակում, բանջարեղեն հավաքում, որ կարողանա կերակրել երեխաներին: Մոտակա հանդ ու դաշտերից դժվար է նրան պոկել. միշտ ձգտել է ամենաառաջին բարիքը հավաքել, տուն բերել: «Պարապ նստել չեմ սիրում: Պետք է աշխատեմ ու օգնեմ հարազատներիս: Միակ երազանքս Խրամորթ վերադառնալն է: Չեմ պատկերացնում կյանքն առանց մեր հարազատ գյուղի, նրա օդ ու ջրի: Մեր գյուղը շատ է տուժել, խրամորթցին միշտ դիմացել է ու էլի կդիմանա»,-ասում է Անժելա Ղահրամանյանը և պինդ գրկում եղբոր թոռներին, որոնք անմեղ աչքերով նայում են տատիկի դեր ստանձնած իրենց հորաքրոջը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ