[ARM]     [RUS]     [ENG]

Ես իմ երկրից գնացողը չեմ

Ստեփանակերտի նեղլիկ ու հին փողոցներից մեկը տանում է Էմիլիա տատիկի տունը։ Այդ փողոցում էլ հանդիպեցինք։ Երկրում իրավիճակի հետ կապված իր մտահոգությունն էր կիսում հարևանների հետ։

-Ադրբեջանի կազմում մենք չենք կարող լինել։ Առանց այդ էլ անհնար է մեր հողում նրանց հանդուրժել ,-ասում է Էմիլիա տատիկը,-չենք մոռացել, թե էն տարիներին ոնց էինք ապրում։
-Ո՞նց էիք ապրում,-միջամտում եմ։
-Հեշտ չէր, բայց այդ տարիներին դեռ հեռու էր ազատագրված հողում ապրելու ցանկության իրականացումը… մինչև 88-ը,-ասում է ու մոտենում ինձ։ Մեր զրույցը շարունակում ենք քայլելով։ Հանդիպած յուրաքանչյուր երեխայի կոնֆետ կամ ծամոն է տալիս Էմիլիա տատիկը։ Միշտ իմ գրպանում ունենում եմ՝ ասում է։ Լավ սերունդ է մեծանում, ամեն անգամ ջերմ բարևում են, հարցնում՝ տատի՛կ, ինչո՞վ կարող ենք քեզ օգնել։ Ամեն մեկը մի զինվոր է։ Այսպիսի սերնդին հաղթել կլինի՞… Կրտսեր որդիս՝ Արսենը, 92-ին Բեկորի վաշտում էր։ Լավ կռվող տղա էր։ Ծանր էր տանում ընկերների կորուստը։ Պատերազմից հետո էլ ուզում էր ընտանիք կազմել հայրենիքում ապագան կառուցել։ Գրեթե հոր տարիքին ինքն էլ վթարի ենթարկվեց ու կյանքից հեռացավ,- ասում է արցունքները խեղդելով։
Տուն տանող աստիճաններով դժվարությամբ է բարձրանում 84-ամյա Էմիլիա տատիկը։ Ոտքը վիրահատել են, բայց այգի մշակելիս չի ցավում։
-Քաղաքի կենտրոնից հեռու է այգին։ Մի քիչ մեքենայով, մի քիչ էլ ոտքով եմ գնում։ Չէ, աշխատելիս ոտքս չի ցավում։ Հողի հետ գործը սիրում եմ։ Երեխաներիս էլ բաժին եմ հասցնում։ Երկու որդիս Ռուսաստանում են բնակվում,-ասում է ու շարունակում։-Այգու բարիքներից չեմ վաճառում։ Տեղահանված հարևաններիս եմ հյուրասիրում։
Նստում ենք պատշգամբում, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում՝ կենտրոնում Դաշուշենի բլրի խաչը։
-Հենց խաչի լույսերը վառվում են, որտեղ էլ լինեմ գալիս եմ տուն։ Առավոտյան արթնանում եմ, երբ խաչի լույսերն անջատում են։ Միշտ հայացքս ուղղած խաչին՝ աղոթք եմ բարձրացնում առ Աստված։
Էմիլիա տատիկը մի քանի անգամ փորձել է ապրել Արցախից հեռու, բայց չի կարողացել։ Այսօր որդիներից հեռու է։ Կարոտը մեղմողը միայն հեռախոսն է։ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ տունը կրկին վնասվել է, պետության աջակցությամբ՝ վերանորոգել։ Շատ դժվարություններ ու զրկանքներ է կրել։ Ընտանիքում 9 երեխա էին։ Դպրոցում լավ է սովորել, բայց ուսումը շարունակելը դժվար էր։ Ամառային արձակուրդներին հունձ է արել՝ վաստակած գումարով թեթևացրել ծնողների հոգսը։ Դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել է։ Մի նոր ծանրություն կախվեց փխրուն ուսերին, երբ երեք զավակի խնամքը մնաց իր հույսին, բայց այսօր զրուցակիցս չի դժգոհում։ Թերթում է ընտանեկան լուսանկարների ալբոմը և երանությամբ հիշում երիտասարդության տարիները, անցած-գնացած ամեն մի օրը։
-Ծանր ու դժվար օրեր ենք ապրել։ Արցախցու կողը հաստ է, ճակատը՝ պինդ. մինչև վերջ պայքարելու է։ Ես իմ երկրից գնացողը չեմ,-ասում է։

Անի Մանգասարյան