Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՍԵՐԸ ԲՈԼՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է

 

«Անունս Շուշանիկ է, ազգանունս՝ Մանուկյան, ուսուցիչ հայրիկիս դուստրն եմ: Երկուսս էլ խուսափում էինք ուսուցիչ դառնալու մտքից՝ բավականին երկար… Առաջին մասնագիտությամբ ֆինանսիստ եմ։ Երեք տարի աշխատել եմ որպես սոցիալական մեդիայի մենեջեր, մեկ տարի զբաղվել մարդկային ռեսուրսների կառավարմամբ, իսկ հետո միացա «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին: Չնայած կազմակերպության մասին վաղուց գիտեի` պետք է, երևի, պահը գար»,- պատմում է զրուցակիցս՝ Բերդաշենի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի գյումրեցի ուսուցչուհին։

Հետո ամառային ակադեմիայում երկար պատրաստվեց դպրոց մտնելուն։ Ավարտին՝ համայնքներ ուղեգրելու վերաբերյալ փաստաթուղթ էին ուղարկել, որում մեծ-մեծ տառերով գրված էր` «Բերդաշեն»։ Երիտասարդ մասնագետը զարմացավ. Գյումրիից ոչ շատ հեռու գտնվող մի համայնք կա Բերդաշեն անունով… բայց ներքին վստահություն ուներ, որ իրեն Արցախ են ուղարկելու.  նրա մեծ ցանկությունն էր, որի մասին շատ էր նշել հարցազրույցների ընթացքում: Ու շարունակում է կարդալ՝ «…Մարտունի, Արցախ»։ Ուրախությանը չափ չկար։ Իրեն վստահել էին մեծ մի դպրոց՝ ինչպես հետո պարզեց, 15-20 աշակերտ ունեցող դասարաններ: Մանկավարժի որակավորում չուներ Շուշանիկը, եթե չհաշվենք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանակներում վերապատրաստվելը։ Հետո սովորեց ու հիմա էլ, իհարկե, շարունակում է ուսումը` այդ որակավորումը ստանալու համար։

Առաջին դժվարությունը կեցության վայր չգտնելն էր, թեպետ դա էլ իր դրական կողմերն ուներ. հյուրընկալվել էր դպրոցի տնօրենի տանը…. Հիմա դժվարությունները ժպիտով է հիշում։

2020թ. օգոստոսի 20-ն էր, երբ հասավ Բերդաշեն։ Դասերն սկսեցին սեպտեմբերի 14-ին… Երեխաների հետ հանդիպում էր կազմակերպել իր «նոր բակում»։ Խաղով ընկել ու մոռացել էին, որ արդեն մութ է։ Բոլորը տուն ճանապարհվեցին՝ հաջորդ օրը հանդիպելու ակնկալիքով։ Հաջորդ օրն իրար հանդիպեցին գյուղի ապաստարանում։ 2020թ. սեպտեմբերի 27-ն էր: «Մենք էլի խաղում էինք, վանում վատ մտքերը… »,- պատմում է Շուշանիկը։

Գյուղից ժամանակավոր տարհանվելուց  հետո Արցախի համայնքներում դասավանդող իր ընկերների հետ սկսեցին աշխատել Դիլիջանում: Ուսուցանում էին արցախցի երեխաներին, ովքեր դպրոց գնալու  հնարավորություն չունեին։ Հրադադարից անմիջապես հետո՝ դեկտեմբերին, վերադարձավ Բերդաշեն, ու մոմի լույսի տակ դասի պլան կազմելիս հիշում էր մայրիկի պատմությունները հետերկրաշարժյան և այն օրերի մասին, երբ էլի պատերազմ էր։ Այդ օրերին խմբակները, հեքիաթներ կարդալու առիթները, խաղերն՝ ամեն ինչ երեխաներին «փրկում էր» դրսի իրականությունից…

Իր սաների հետ ընկեր Շուշանը տարբեր ծրագրեր իրականացրեց, բայց, թերևս, ամենամեծը՝   Բերդաշենի համայնքապետարանի և բերդաշենցիների աջակցությամբ գյուղի հանրահայտ հուշարձանի տարածքում Զատկի օրը կազմակերպված հայկական ավանդական ուտեստների փառատոնն էր:

«Մոտ մեկ ամսից իմ ծառայության երկու տարիները լրանում են։ Սկզբում պատկերացումներս, բնական է, որ այլ էին։ Հետո հասկացա, որ պատկերացրածս կամ ուզածս այն չէ, ինչ դիմացինի համար հարմար է կամ լավագույնն է։ Ճանաչելուց հետո եմ սկսել ավելի հստակեցնել մտքերս ու նպատակներս»,- վերլուծում է երիտասարդ ուսուցչուհին։ Հիմա հետ նայելով իր մեջ տեսնում է միայն այն փոփոխությունները, որոնք հենց իրենք՝ երեխաներն են կատարել։

Բաժանման մասին դեռ չի ուզում մտածել, որովհետև չի պատրաստվում թողնել կյանքի երկու կարևոր տարիները և այդ ընթացքում իր կյանքը լցրած վառվռուն աչքերը։ Ասում է՝ շարունակելու է ապրել նրանցով, գնալու է միանա ինքն իրեն՝ իր տանը ….  Սերը տանը, ընտանիքում է ծնվում ու ապրում։ Շուշանիկն Արցախն էլ իր տունն է համարում: Հիմա նա արդեն նաև բերդաշենցի է, որովհետև իր ներդրումն ունի գյուղի զարգացման ու սերնդի ճիշտ դաստիարակման գործում, որովհետև աշխարհի որ ծայրում էլ ապրելու լինի՝ մի պատառ Բերդաշեն ընդմիշտ իր մեջ ունենալու է:

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ