«ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՄ ԱՆԳԱՄ ԳԵՏՆԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԵՐ ՊԱՊԱԿԱՆ ՏՈՒՆԸ»
Չնայած վերջին պատերազմի արհավիրքներին՝ մեր հիշողության մեջ է Շուշիի 1992թ. փառավոր ազատագրումը, ինչը պատմության հետագա էջերի սրբագրման հույս է ներշնչում։ Այդ հույսով են ապրում շուշեցիները։
Պատմում է ստեփանակերտցի Արմինե Գրիգորյանը, ով ամուսնացել է բնիկ շուշեցի Նորիկ Հարությունյանի հետ /քարինտակցի պապը 2-րդ համաշխարհային պատերազմից հետո բնակություն է հաստատել Շուշիում/, տեղափոխվել բերդաքաղաք, սիրահարվել քաղաքին և սեփական օջախ ու ընտանեկան փոքր բիզնես զարգացրել։
Արմինեն պատմում է, որ ամուսնու ընտանիքն առաջիններից է եղել, որ Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտից տեղափոխվել է Շուշի՝ պապական օջախ։ Այդ մեծ ընտանիքում սեր ու հարգանք էր տիրում։ Նա հիշում է, որ 5-րդ երեխայով հղի էր, երբ պետական ծրագրով անհատական տուն են հատկացրել, առաջին անհրաժեշտության կահույքով ապահովել, որտեղ և ծնվել է իրենց 6-րդ երեխան։
Տան մեծ տարածքը հուշում էր, որ կարելի է զբաղվել փոքր բիզնեսով. սկզբից փուռ են բացում, հետո հրուշակեղենի արտադրամաս։ Լինելով մասնագիտությամբ խոհարար՝ Արմինեն արհեստավարժությամբ է մոտենում գործին, ինչը տալիս է իր արդյունքը։ Սակայն 6-րդ երեխայի ծնվելուց հետո այլևս ժամանակ չուներ զբաղվելու սիրած գործով։ Ստացած եկամուտը դնում են նոր մտահղացման իրագործմանը. տանը կից կառուցում են հյուրանոց՝ 15 մահճակալով։ Հյուրանոցը գործում էր տարվա տաք եղանակներին՝ միայն 5 ամիս, բայց եկամտաբեր էր։ Այդ ժամանակահատվածում երեք աղջիկները հերթով ընդունվում են Երևանի տարբեր ուսումնական հաստատություններ։ Երևանում ապրում էին վարձով, հյուրանոցից ստացած եկամուտը բավարարում էր։ Սակայն հյուրանոցային գործունեության սեզոնին Արմինեն վերադառնում էր Շուշի, քանի որ սպասարկման խնդիրն իր վրա էր դրված։ Նրա խոսքով, սպասարկման բոլոր ծառայություններն իրականացվում էին ընտանիքի կողմից՝ եփել-թխելը՝ մոր, էքսկուրսավարի գործն իրականացնում էին աղջիկները /բոլորը գիտեին լեզուներ/, տղաներն էլ զբաղվում էին մատակարարմամբ։
Ամեն ինչ խաթարվեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով։ Տղան ծառայում էր հակաօդային պաշտպանության զորքերում, ամուսինն էլ՝ զորահավաքով մասնակցեց պատերազմին։ Պատերազմից հետո, արդեն փետրվարին, Արմինեն փոքր տղայի հետ վերադառնում է, իսկ մեծն ընտանիքով Ստեփանակերտում էր։ Չէր կարողանում մնալ Երևանում։ Ինչ-որ զգացում ստիպում էր վերադառնալ։ Հարազատները հորդորում էին մնալ Երևանում՝ պատճառաբանելով տուն չունենալու հանգամանքը, սակայն ոչինչ չազդեց Արմինեի որոշման վրա։ Ամուսինը, որպես տաքսու վարորդ, գնում-գալիս էր։ Արմինեն էլ, տեղափոխվելուն պես, տարբեր ռեստորաններում աշխատել է իր մասնագիտությամբ, այժմ աշխատում է «Ֆլորենս Գարդեն» ռեստորանում։ Սակայն կանգնել են մի անհասկանալի խնդրի առաջ՝ Շուշիի քաղաքապետարանը չի գրանցել ընտանիքին տուն ու տեղ կորցրած շուշեցիների շարքում։ Այդ պատճառով իրավունք չունեին օգտվել տուն վարձակալելու համար կառավարության համապատասխան աջակցության ծրագրից, բնակարան ստանալու համար չէին հերթագրում։ Դիմեցին դատարան, գործը դեռևս քննվում է։ Սակայն, ինչպես ասում են, երբ մի դուռը փակվում է, բացվում է մեկ ուրիշը։ Երբ բացվում է Բնակարանային հարցերի կոմիտեն, Արմինեն բոլոր փաստաթղթերով դիմում է համապատասխան բաժին՝ հերթագրման համար։ Ընտանիքին հերթագրում են, տան վարձն սկսում փոխանցել։ Ընտանիքը հրաժարվում է Ստեփանակերտում բնակարան ունենալուց, հողամասով տուն են գտնում Իվանյան ավանում, որը բնակարանային կոմիտեի կողմից շուտով կգնվի Հարությունյանների ընտանիքի համար։ Նրանք պատրաստ են հողի վրա քրտնաջան աշխատանքով վաստակել իրենց ապրուստը, քանի որ շատ են սիրում հողի հետ աշխատելը։
Իսկ Շուշի՞ն։ Արմինեն հարցին պատասխանեց այսօր Պաշտպանության բանակում ծառայող տղայի՝ Գարեգինի խոսքով. «Եթե անգամ գետնին հավասարեցված լինի մեր պապական տունը, գնալու եմ, վերակառուցելու եմ և ապրելու եմ, որպեսզի մեր նախապապը հանգիստ ննջի այն աշխարհում»։
Էմմա ԲԱԼԱՅԱՆ