ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ՇՈՒՇԻՈՒՄ, ԿԱՄ՝ ԻՐԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ ԱՊԱԳԱՅԻ ՀԵՏ
Այս երկխոսությունը կարող էր և չլիներ, բայց եղավ ու շատ տպավորիչ էր։ Անկեղծ ասեմ՝ ապագայի հանդեպ նոր հույսերով լցվեցի։ Երկխոսությունը մայրաքաղաքի դպրոցներից մեկում սովորող շուշեցի մի պատանյակի հետ էր, որը հրաժարվում էր իր տարիքն ասել, բայց դա, երևի, այնքան էլ էական չէ։ Հուսամ՝ դուք էլ կտպավորվեք ինձ պես։
-Որտեղացի՞ ես, տղա։
-Շուշեցի եմ։
-Հիմա Ստեփանակերտո՞ւմ ես բնակվում։
-Հա։
-Այստեղ լա՞վ է քեզ համար, հարմարվե՞լ ես արդեն։
-Չէ, Շուշիում ավելի լավ էր, այնտեղ ես ընկերներ ունեի։ Հիմա նրանք տարբեր տեղեր են ապրում, բայց մենք պայմանավորվել ենք նորից հանդիպել Շուշիում։
-Ե՞րբ։
-Երբ մեծանանք։ Իմ հայրիկը պատերազմում վիրավորվել է, նա այլևս չի կարող կռվել։ Ես պիտի շուտ մեծանամ, որ գնամ Շուշին ազատագրեմ։
-Ընկերներիդ հետ պիտի գնա՞ս։
-Ընկերներիս հետ։ Ուրիշներն էլ կմիանան մեզ։
-Որտեղի՞ց են գալու նրանք։
-Տարբեր տեղերից։
-Ճանաչո՞ւմ ես նրանց։
-Չէ, բայց ցուցակով անունները գիտեմ։
-Ի՞նչ ցուցակ։
-Չեմ ասի։
-Լավ, մի ասա։ Իսկ ինձ ձեզ հետ կվերցնե՞ք։
-Չէ։ Կգաք Շուշի, երբ այն արդեն ազատագրած կլինենք։
-Դա ե՞րբ կլինի։
-Երբ մեծանամ։
-Քանի՞ տարեկան ես հիմա։
- Երբ ժամանակը գա՝ մեծացած կլինեմ։
-Պարզ է։ Ուրեմն՝ կհանդիպենք Շուշիում։
-Կհանդիպենք։ Ես եկեղեցու մոտ էի ապրում։ Մեր շենքը թուրքերը քանդել են, բայց ոչինչ, մենք նորը կկառուցենք։ Այն ժամանակ ես արդեն մեծ կլինեմ ու ընկերներիս հետ նոր շենքեր կկառուցենք։
-Աստված բոլորիդ պահապան, տղա՛։
-Աստված Շուշիում է մնացել, պիտի նրան փրկենք, որպեսզի մեզ միշտ պահպանի։
-Կպահպանի, տղա՛, շարունակիր հավատալ։
Զրույցը գրառեց
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ