ԽԱՂԱՂ ԳԵՂԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ ԴԵՌ ԿՐՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏՔԵՐԸ
Լեռնային Ղարաբաղում Ռուսական խաղաղապահ զորակազմի
գործունեության ամփոփ տեղեկատվություն
«Որտեղ մենք՝ այնտեղ խաղաղությունը» կարգախոսի ներքո Ռուսական խաղաղապահ զորակազմն իր օժանդակությունն է բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման գործին։ Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված ռուսական «կապույտ սաղավարտների» ստորաբաժանումները պլանաչափ կերպով իրականացնում են խաղաղապահ մանդատով վերապահված իրենց առաջադրանքները։ 29 դիտակետում կազմակերպվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի վերահսկողություն։ Նշենք, որ դիտակետերն ունեն տեխնիկական հագեցվածության բարձր մակարդակ։
Ռուսական խաղաղապահ զորակազմն իր խաղաղարար առաքելությունը ծավալել է հետևյալ հիմնական ուղղություններով՝
- Ռազմական գործողությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղից հեռացած փախստականների անվտագ վերադարձ։
- Պատերազմի ժամանակ վնասված ենթակառուցվածքային օբյեկտների՝ էլեկտրահաղորդակցման, հեռախոսային գծերի, համացանցի, ջրատար-գազատար խողովակների վերականգնում։
- Տարածքի ականազերծում, մաքրում չպայթած ականներից ու արկերից։
- Սոցիալական նշանակության շինությունների՝ հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների վերականգնման գործում աջակցության ցուցաբերում։
- Ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների աճյունների որոնման, մարմինների փոխանակման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի անհայտ կորած զինծառայողների որոնման գործողություններ։
- Վիճահարույց հարցերի կարգավորում, լարվածության նվազեցում հակամարտության կողմերի միջև։
- Ռազմագերիների և այլ պահվող անձանց փոխանակման կազմակերպում հայկական և ադրբեջանական կողմերի միջև՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։
- Արտերկրի քաղաքացիների (պաշտոնատար անձանց)՝ Լեռնային Ղարաբաղի տարածք մուտք գործելու հետ կապված հարցերի կարգավորում։
- Տեղեկատվական բնույթի միջոցառումների կազմակերպում, որի նպատակն է միջազգային հանրությանն ու տեղի բնակչությանը ներկայացնել խաղաղապահ զորակազմի գործունեության առաջադրանքներն ու ընթացքը։
Բացի այդ, Հատուկ նշանակության բժշկական ջոկատի անձնակազմը բժշկական օգնություն է ցուցաբերում տեղի բնակչությանը, համագործակցում Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության հետ՝ առողջության պահպանման և առողջապահական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման հարցերում։ 2020թ. նոյեմբերից բժշկական ջոկատի անձնակազմն օգնություն է ցուցաբերել ավելի քան 3600 քաղաքացու։ Իրականացվել է 33 հումանիտար բժշկական ակցիա, որի ընթացքում շարժական հոսպիտալներում բուժօգնություն են ստացել 1647 քաղաքացի։
Խաղաղությո՜ւն՝ յուրաքանչյուր տան
Խաղաղապահ առաքելության իրականացման առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում իր գործունեությունն սկսեց Հումանիտար արձագանքման կենտրոնը։
Կենտրոնի սպաները տեղի բնակչության խնդրանքով միջոցներ էին ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ չեզոք գոտում կամ ականապատ տարածքում գտնվող գյուղտեխնիկան, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայտնված անասուններին վերադարձնելու ուղղությամբ։
Հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեության նախնական փուլում առաջնահերթ խնդիրներից էր պատերազմի ժամանակ վնասված կրթական հաստատությունների վերականգնումը։ Բոլոր գործող դպրոցներում անց էին կացվում «Խաղաղապահի դասեր», որոնց շրջանակներում ՀԱԿ սպաները երեխաներին սովորեցնում էին առաջին բուժօգնության ցուցաբերման կանոնները, կասկածելի առարկաներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ գործողությունները։
Կենցաղային դժվար պայմաններում հայտնված ընտանիքների երեխաներն ստացան գրենական պիտույքներ «Երիտբանակ» ռազմահայրենասիրական շարժման անդամների կողմից և նվերներ «Մարտական եղբայրություն» Վետերանների համառուսական կազմակերպության կողմից։
Հումանիտար արձագանքման կենտրոնի քաղաքացիների ընդունարան
Լեռնային Ղարաբաղի բնակչության բազմաթիվ դիմումների հետ կապված 2020թ. նոյեմբերի 22-ից Ստեփանակերտ քաղաքում՝ ՀԱԿ ժամանակավոր տեղակայման վայրում, ԼՂ բնակիչները հնարավորություն ստացան անձնական հարցերով դիմել Կենտրոնի աշխատակիցներին։ Քաղաքացիների ընդունման կենտրոնն իր գործունեության սկզբից ի վեր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիներից ստացել է ավելի քան 5536 դիմում։ Դրանց հիմնական մասն առնչվում էր Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներից (Շուշի, Հադրութի շրջան և այլն) գույքի վերադարձման հարցերին։ Բնակչության զգալի մասը դիմում էր մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորած հարազատների հարցերով։ Որոնողական աշխատանքները կազմակերպելու համար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կորած քաղաքացիների մասին տվյալները փոխանցվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին։
Զգո՜ւյշ, ականներ են
Ինժեներասակրավորային ստորաբաժանումների անձնակազմը, ըստ էության, տարածաշրջանում խաղաղապահ առաքելության առաջնագծում է։ Սակրավորները կատարում են, թերևս, ամենաբարդ առաջադրանքներից մեկը՝ չեզոքացնում են անտեսանելի մահվան սպառնալիքը։ Նրանք ամեն օր վտանգի են ենթարկում սեփական կյանքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին խաղաղ կյանքի հույս պարգևելով։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներական ծառայության և ինժեներասակրավորային ստորաբաժանումների կողմից կապ է հաստատվել ԱԻՊԾ, Պաշտպանության բանակի ինժեներական ծառայության, ԼՂ Հումանիտար ականազերծման կենտրոնի հետ։ Այս ծառայության կողմից սահմանվում են պայթյունավտանգ առարկաներից մաքրման ենթակա օբյեկտները, ուսումնասիրվում է կիրառվող զինամթերքը, մանկավարժական կոլեկտիվների և սովորողների հետ անց են կացվում պարապմունքներ, որոնց ժամանակ խաղաղապահները սովորեցնում են՝ ինչպես վարվել պայթյունավտանգ առարկաներ գտնելիս։ Նմանատիպ ամենօրյա աշխատանք տարվում է նաև տեղի բնակչության, մասնավորապես, գյուղական համայնքների բնակիչների հետ։
Ընդհանուր առմամբ, սկսած 2020թ. նոյեմբերի 23-ից, ՌԽԶ սակրավորների կողմից պայթյունավտանգ զինամթերքից մաքրվել է 2371.3 հա տարածք, մոտ 689,5 կմ ճանապարհ, գրեթե 1937 շինություն։ Գտնվել և ոչնչացվել է 26464 պայթյունավտանգ առարկա։
Հիշեցնենք, որ Ռուսական խաղաղապահ զորակազմի Քաղաքացիների ընդունման կենտրոնը շարունակում է իր աշխատանքը Ստեփանակերտ քաղաքում՝ Ա. Մկրտչյան 4/5 հասցեում, և Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր բնակիչ իր խնդիրներով կարող է դիմել անձամբ կամ զանգահարել թեժ գծին՝ 047-94-61-94 հեռախոսահամարով։
«ԱԱ»