ԱՇԽԱՐՀԸ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՑ…
Բերդաշենցի Բորիկ Զաքարյանին համագյուղացիները մատնացույց էին անում որպես լավագույնս իրազեկվածի, որը հայրենի գյուղի պատմությունը գիտի հինգ մատի պես…Երբ մոտեցանք, նա, լրագրողներով շրջապատված, իր ասելիքի կարևորությունն իմացողի ինքնավստահությամբ, բարի ժպիտով հաճեցավ մեր հարցերին էլ պատասխանել։
Բորիկը գյուղի հաշվապահն է դեռևս «կոլխոզների» ժամանակներից, ահա թե ինչու լավ է տիրապետում բոլոր թվերին, փաստերին, հայրենի Բերդաշեն գյուղի գլխով անցած-գնացած բոլոր նշանակալի իրադարձություններին։ Երանությամբ է հիշում, թե կոլտնտեսության նախագահ Սիմոն Սողոմոնյանի օրոք գյուղն ինչ անուն ու փառք էր վայելում, ինչպիսի ձեռքբերումներ ու հաջողություններ ուներ…Երանելի ժամանակներ էին՝ ասում է, գյուղի համբավը երկինք էր հասել, միլիոնատեր սովխոզ էինք…1971 թվականին նա կաթնապրանքային ֆերմայի հաշվառն էր, նոյեմբեր ամսին բանակ է զորակոչվում, վերադառնալուց հետո կրկին աշխատանքի է անցնում որպես հաշվառ։ 1976թ. արդեն կոլտնտեսության հաշվապահն էր։
1967 թվականին էր, Բորիկի քեռու՝ Բենիկի որդին՝ դպրոցական Նելսոնը, սպանվում է մարդասպան, Կուրապատկինո կոչվող տեղամասի դպրոցի տնօրենի՝ Արշադի ձեռքով։ Երբ Բորիկը վերադառնում է բանակից, քեռին այդ հայտնի դեպքերի պատճառով բանտում էր արդեն։ Նրան հանդիպում է Կոշի բանտում։ Այդ գործով նաև հորեղբոր տղան՝ ֆուտբոլիստ Ռուդիկն էր բանտարկվել։ Այդ անամոք ցավն իր հոգում ամբարած՝ Բորիկը, երբ խոսում-վերհիշում է գյուղի երանելի տարիները, ունքամեջը, ինչպես ասում են, բացվում է… Շուրջ 1600 բնակիչ ունեցող Բերդաշենն իր նվիրյալ զավակի՝ Սիմոն Սողոմոնյանի նախագահության տարիներին ծաղկունք է ապրել… Տնտեսության բոլոր ճյուղերը՝ խաղողագործություն, անասնապահություն, դաշտավարություն, թռչնաբուծություն... արդյունքները՝ մեկը մյուսից առաջանցիկ։ Տարի է եղել, երբ օրվա մեջ միայն 6 տոննա կաթ էին կթում և այն էլ ձեռքով, անասնապահական համալիրն այդ տարիներին դեռևս շահագործման չէր հանձնվել։ Բերդաշենի գինին, հատկապես խնդողնին՝ անգերազանցելի էր, պահանջված ոչ միայն Արցախում, այլև նրա սահմաններից դուրս։
Կոլտնտեսության վարչության արխիվում Բորիկը գտել է իր բոլոր համագյուղացիների տոհմածառերը, որոնք կազմել էր համագյուղացի Թևան Դանիելյանը։ Նա հավաքել է նաև գյուղին ու գյուղացիներին վերաբերող հին լուսանկարներ, որոնք այսօր արդեն տեղադրված են Բերդաշեն գյուղի կայք-էջում։
Երբեմնի մեծ ու ունևոր գյուղի գովքը շուրթերին, իր գյուղի հոգս ու ցավերով ապրող Բ. Զաքարյանը մի տեսակ խեղճանում է, երբ ստիպված է խոստովանել, որ 44-օրյա պատերազմից հետո գյուղը լքողներ են եղել։ Թվում է՝ փորձում է մեզ սփոփել, բայց ավելի շատ իրեն է սփոփում՝ մտորելով բարձրաձայն՝ կվերադառնան, վաղվա օրվա հանդեպ վստահություն կունենան, տուն կդառնան, բերդաշենցին ուրիշ միջավայրում դժվար է արմատակալում։
Բերդաշենը ներկայում ունի 1233 բնակիչ և 348 ծուխ։ Բերդաշենցիները զբաղվածության խնդիր չունեն, նրանք զբաղվում են դաշտավարությամբ, խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, նռան այգիներ են հիմնել ու շարունակում նորանոր այգիներ գցել։ Գյուղացին բերքուբարիք մշակելու, արտադրելու, իրացնելու խնդիր չունի, բերդաշենցին ներկայումս էլ նախաձեռնող է ու աշխատասեր, նա, ինչպես ասում են, քարից էլ հաց կքամի, միայն թե խաղաղություն լինի, միայն թե նրա գլխին հուր-կրակ չթափեն ու չզոհվեն իրենց տան ճրագ-զավակները։ Զրուցակիցս դժվարանում է ասել՝ հին ու երանելի ժամանակները կրկին վերադառնալու են, թե՝ չէ, բայց շատ կուզենար, որ գային այն օրերը, երբ իրենց պահեստները պայթում էին բերքի առատությունից, միայն Հարամի կոչվող տեղամասից այնքան բերք էին ստանում, որ անհնարին էր դառնում ամբարելը, աշխօրի դիմաց այնքան գյուղմթերք էին ստանում, որ մի ողջ գերդաստան կարելի էր կերակրել ու ավելցուկ էլ ունենալ։ Գյուղացին վայելում էր իր հալալ քրտինքի արդյունքը։ Իրենց պատմական «Պյորթին» հարակից տարածքում գազակայան են ունեցել, անհայտ անձինք եկել քանդել-տարել են, տարիներով հիմնած-ստեղծածն օրերի մեջ քամուն են տվել, ու դա միայն գազակայանին ու անասնահամալիրին չի վերաբերում, այլ բնագավառներում էլ ավեր-ավար են արել, հիմա գյուղը կրկին փորձում է ձգել գոտին, նոր գյուղապետ են ընտրել, ջահել է, կրթված, էներգիայով լեցուն, հետը մեծ հույսեր են կապում, կօգնեն, ձեռք կհասցնեն, որ հաջողի, ի վերջո, ամեն բան հայրենի գյուղի ու նրա ապագայի համար է արվելու։ Իմաստնության տարիք թևակոխած զրուցընկերս կյանքը, աշխարհը դիտարկում է իր գյուղի բարձունքներից, և այն համոզման է, որ մի օր աշխարհի քար սիրտը փափկելու է և փոքր ազգերն ու ժողովուրդներն իրեն արժանի տեղն են ունենալու՝ զերծ ամեն տեսակի հետապնդումներից ու բռնաճնշումներից։ Բորիկ Զաքարյանը մի ցանկություն էլ ունի՝ ավարտին հասցնել գյուղի 18 տների տոհմածառերը և այն ավարտուն տեսքով թողնել սերունդներին՝ շարունակելու պայմանով։ Իսկ թե ինչպիսին է լինելու Բերդաշենի վաղվա օրը, Բ. Զաքարյանի կարծիքով կախված է յուրաքանչյուր բերդաշենցուց, նրանք ոչ միայն գյուղի ներկայի, այլև ապագայի տերն են՝ ինչ-որ այսօր ցանեն, այն էլ վաղը հնձելու են։ Գյուղը ջուր հասցնելու նոր ծրագիր է մշակվում, ասել է թե՝ կենարար երակ են ունենալու… Հավատանք, որ բերդաշենցին կերտելու է խորհրդային տարիների՝ Բերդաշենից էլ ծաղկուն իր գյուղը՝ 21-րդ դարի Նոր Բերդաշենը…
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ