ԱՐՑԱԽԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔ Է
Պատերազմից հետո, երբ Հադրութում տուն ու տեղ կորցրած Վիտալին ընտանիքով հայտնվել էր Երևանում, ՙՀամազգային հայ կրթական և մշակութային միության՚ Արցախի գրասենյակի նախաձեռնած ծրագրով Արցախից տեղափոխված երեխաների հետ սկսեց պարապել մայրենի լեզու։
ՙՙԴասավանդի՜ր, Հայաստան՚-ի գործունեությանը հեռակա ծանոթ էի։ Մտածեցի՝ դիմել ծրագրին և վերադառնալ Արցախ։ Իսկ Քերթ համայնքի ընտրությունը կատարեց ՙԴասավանդի՜ր, Հայաստանը՚՚,- պատմում է առաջնորդ-ուսուցիչը։
Այսօր արդեն Վիտալի Պետրոսյանն ընտանիքով ապրում և աշխատում է Քերթ գյուղում։ Շարունակում է դասավանդել դպրոցում, իրականացնել մի գործունեություն, որն իրեն և՜ շատ հոգեհարազատ է, և՜ լավ ծանոթ։
Գյուղ գործուղվել է անցած տարվա օգոստոսի վերջին՝ որպես երկարօրյայի ուսուցիչ։ Դասավանդում է նաև հասարակագիտություն։ Աշխատանքն սկսեց աշակերտի անձը ճանաչելով, և ՙԴասավանդի՜ր, Հայաստանի՚ փոխանցած հմտութjունները շատ օգնեցին։
ՙԴասը վարում եմ՝ հիմնվելով աշակերտի անձնային հատկանիշների վրա։ Քանի որ աշակերտները թեման ավելի լավ յուրացնում են տեսնելու միջոցով՝ ուշադրություն եմ դարձնում դասը դիտողական դարձնելուն։ Առանձնահատուկ արժևորում եմ ազգային գաղափարախոսությամբ դաստիարակությունը, հատկապես, որ հասարակագիտություն առարկան այս առումով լայն հնարավորություններ է տալիս։ Մեծ ուշադրություն եմ դարձնում աշակերտների վերլուծական մտածողության ձևավորմանը և զարգացմանը։ Դասը վարում եմ ինքնուրույն ուսումնառության մեթոդով։ Սա ենթադրում է, որ դասի մոտ 40 տոկոսն աշակերտն օգտագործի նոր ստացած գիտելիքը փորձարկելով՚,- իր հաջողության փակագծերն է բացում և անկեղծանում Վիտալին։ Աշակերտին դասը պատմել չի պարտադրում, հին թեմային անդրադառնում է հարցերի միջոցով՝ կարևորելով գիտելիքի գործնական կիրառումը։
Բացի դասավանդումից, գործունեության հիմքում համայնքային ծրագրերի իրագործումն է։ Աշակերտների հետ համատեղ իրականացրել է աշակերտական ծրագիր, որը կյանքի կոչվեց օրերս. Քերթի դպրոցում բացվեց ՙԳրագիտունիկներ՚ ընթերցասերների ակումբը։
Մինչ այդ կազմակերպվել է դրամահավաք՝ հիմնականում ժամանակակից արտասահմանյան և հայ գրականություն ձեռք բերելու նպատակով։ Արդյունքում՝ հովանավորների և աջակիցների օժանդակությամբ ակումբի ընթերցացանկը համալրվել է մոտ 700 հազար դրամ արժողությամբ նոր գրականությամբ ու զարգացնող խաղերով։ Համագործակցում են ՀՀ ՙԶարթնիր՚ ՀԿ-ի հետ, որը պարբերաբար գրքեր է ուղարկում։ Աշակերտներն ընթերցում են ունեցած գրականությունը, կազմակերպում են քննարկումներ, մրցույթներ, ինտելեկտուալ խաղեր։ Այս համատեքստում կարևորն աշակերտների մոտ գրքի հանդեպ սեր առաջացնելն է, ինչը հաջողվում է նրան։
Կազմել են նաև համայնքային զարգացման ծրագիր, որն ավարտական փուլում է։ Համաձայն նախագծի՝ պատրաստվում են հաջորդ ուսումնական տարում համայնքում կառուցել իրար կից զբոսայգի ու խաղահրապարակ։
ՙՇատ կարևոր է, որ արցախցին մնա Արցախում, որ համայնքային կյանքը հետաքրքիր դառնա, ինչը կարևոր է հատկապես պատերազմի ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակում։ Բնականաբար, և՜ զբոսայգու, և՜ խաղահրապարակի կառուցումն ունի կրթական նպատակներ։ Զբոսայգու բոլոր ծառերը կրելու են Արցախյան պատերազմներում զոհված քերթեցի ազատամարտիկների անվանական հուշատախտակներ։ Այն նաև բացօթյա դասարան է լինելու ռազմահայրենասիրական դաստիարակության համար՚,- հետագա ծրագրերին անդրադառնալով՝ ներկայացնում է Վիտալին։
Ինչ վերաբերում է խաղահրապարակին. լինելու են ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար նախատեսված սարքավորումներ ու կահավորանք։ Նախահաշվարկով՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է լինելու 13-15 մլն դրամ գումար։ Նախատեսում են հունիսին սկսել դրամահավաքը՝ ընդգրկելով համայնքի պատրաստակամ բնակիչներին, սփյուռքին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր այս դժվարին պայմաններում պատրաստ են նման կարևոր նախաձեռնության իրականացմանն աջակցելու։
Ճակատագրի բերումով Հադրութից Քերթ հասած ուսուցիչ-առաջնորդի բազմաբովանդակ ու հետաքրքիր գործունեությունը միայն ոգևորում է ու վստահություն ներշնչում, որ իր սաների հետ նա անպայման իր նոր բնակավայրին դրական ու գնահատանքի արժանի զարգացումներ կբերի։
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ