ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՆԱԲԵՐԴԸ ԵՎ ՌՈՒՍՆԵՐԸ
Ընդունված է համարել, որ Լեռնային Ղարաբաղում առաջին ռուսական բնակավայրերն ի հայտ են եկել XIX դարի 30-ական թթ., որտեղ բնակություն էին հաստատել Դոնից տեղահանված 40 ընտանիք, իսկ առաջին ռուսական բնակավայրը դարձավ Կարյագինո (Ֆիզուլի) գյուղը՝ 1833թ. դրությամբ 213 բնակչով, հետագայում բնակիչների թիվը հասավ 700-ի։
Համարվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը Ռուսական կայսրության կազմում պաշտոնապես ընդգրկվել է 1813թ.՝ ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո։
Բայց ահա Շուշիի տարածքում գտնվող հին գերեզմանաքարերն այլ բան են վկայում։ Ընդհանրապես, շիրմաքարերը շատ բան կարող են պատմել։ Դրանց արձանագրությունները թույլ են տալիս վերծանել տվյալներ՝ բնակչության կազմի, նրա զբաղվածության վերաբերյալ, անգամ կարելի է վերականգնել տվյալ մարդու կերպարը։
Պատմական տեղեկություն
Հակառակ նրան, որ Անդրկովկասը Ռուսաստանին միացնելու ծրագիրը մշակվել էր Պետրոս I-ի օրոք, այն ի կատար ածվեց միայն Ալեքսանդր I-ի ժամանակ՝ 1805թ. մայիսի 14-ին. Գանձակից (Ելիզավետապոլ) ոչ հեռու Քուռ գետի ափին տեղակայված կայսերական բանակի (հրամանատարը՝ Ցիցիանով) ճամբարում էլ կնքվեց համաձայնագիր, ըստ որի Ղարաբաղի խանությունն անցավ Ռուսաստանին։ Այդ նույն տարում Շուշիում տեղակայվեց թիվ 6 սահմանապահ գունդը՝ մայոր Լիսանևիչի հրամանատարությամբ։ Քաղաքում այն զբաղեցնում էր Մեղրեցոց (մեղրեցիների) և Գյանջեցոց թաղամասերի արանքում գտնվող հատվածը (նմանատիպ թաղամաս մինչ օրս գոյություն ունի Երևանում՝ Շիլաչի)։ Գնդի տեղակայման վայրը կոչվում էր Զորանոցային թաղամաս։ Բերդի Երևանյան դռներից ոչ հեռու կար պահակաջոկատ, որի տեղակայման վայրը մինչև վերջերս կոչվում էր «Զաստավա», չնայած նրան, որ դրանից ոչինչ չի մնացել։ Գունդն ուներ մասնագիտացված ստորաբաժանում Վարարակնում (այժմ՝ Ստեփանակերտ), Կարկառ գետի աջ ափին (տեղանքն այսօր էլ կոչվում է «Սունջինկա») տեղակայված էր հեծյալների ստորաբաժանումը, որի հրամանատարը փոխգնդապետ Գլադիլինն էր։ Գունդն ուներ նաև հատուկ նշանակության վաշտ, որը կազմված էր եգերներից (արհեստավարժ որսորդ)։ Նրանց պարտականությունների մեջ մտնում էր ավազակային խմբավորումների դեմ պայքարը լեռնային ու անտառային տեղանքում (գործում էին հիմնականում Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում՝ ընդհուպ մինչև XX դարի 1920-30-ական թթ.)։ Վաշտը ղեկավարում էր փոխգնդապետ Վլադիմիր Միխայլովը։
Լեռնային Ղարաբաղի հայության պատմական միջնաբերդում՝ Շուշիում, կան մի քանի հին գերեզմաններ՝ 4 հայկական, մեկական ռուսական, հայ-ռուսական, պարսկական։ «Շուշի. նորահայտ նյութեր՝ քաղաքի պատմության մասին» մենագրության հեղինակ Հրաչիկ Հարությունյանի շնորհիվ, ով մի քանի տարի շարունակ ուսումնասիրում էր Շուշի քաղաքի հին շիրմաքարերի և պատմաճարտարապետական հուշարձանների արձանագրությունները, հաջողվեց մոռացությունից փրկել անցյալի նշխարները՝ դրանով իսկ բացառելով մեր պատմությունը կեղծելու հնարավորությունը։ Ըստ աշխատության՝ ռուսական գերեզմանոցը զբաղեցնում էր մոտ 3 հազար քառ. մ տարածք՝ Շուշիի բերդի պատերի դրսի կողմից։ Ընդհանուր առմամբ, պահպանվել է 80 գերեզման։ Շիրմաքարերն իրարից տարբերվում են իրենց տեսակով ու արտաքին տեսքով, թվագրվում են 19-20-րդ դարերով։ Պահպանված և առավել ընթեռնելի արձանագրությունները վկայում են այն մասին, որ գերեզմանոցում թաղվել են ոչ միայն զինվորականներ, այլև ժամանակին քաղաքում ապրող այլ մասնագիտությունների տեր մարդիկ՝ պետական ծառայողներ, դատական համակարգի, փոստի, կրթության ոլորտի աշխատակիցներ, ինչպես նաև ոստիկաններ։ Նրանցից է տիտուլյար խորհրդական Եմելյան Ցելովալնիկովը, դատական պրիստավ Վասիլի Աֆանասևը, դատավոր Բորիս Ֆիշերը, զինվորական պարետ, գնդապետ Իլյա Ցումֆորդը՝ «քաջարի զինվորական, թագավորի ու Հայրենիքի հավատարիմ ծառա» (ինչպես փորագրված է շիրմաքարին), կրտսեր սպա Իվան Պրիվալովը՝ «սպանված 1906թ. հուլիսի 12-ի անկարգությունների ժամանակ. իր պարտքն է կատարել հավատարիմ ծառայությամբ և պատվով վախճանվել արյունալի պայքարում՝ բաժանելով հայերին ու թաթարներին՝ դրանով իսկ ծառայություն մատուցելով թագավորին», ռուսական բանակի 6-րդ սահմանապահ գնդի հրամանատար, գնդապետ Ֆյոդր Սեմենովը, տիտուլյար խորհրդական Գրիգորի Դմիտրիևը, պետական խորհրդական Դեսկուպի կինը՝ Աննետ Ալեքսանդրովնան, Ֆյոդր Անացկին, ով Գորիս քաղաք էր ուղեկցում պետական փոստը և սպանվել է «հայ-տաճկական ազգամիջյան բախման ժամանակ», Դերբենտի 154-րդ գնդի 3-րդ վաշտի շարքային Նիկիֆոր Պերուխալովը, լեհուհի Յադվիգա Զագորսկայան և ուրիշներ։
Գերեզմանոցի կենտրոնական մասում աչքի է զարնում մոտ 2,5մ բարձրությամբ ուղղանկյուն շիրմաքարը. այն տեղադրված է Շուշիի պարետի՝ Իշենկովի որդու՝ գնդապետ Ֆյոդր Սեմենովի գերեզմանին։ Շիրմաքարի արձանագրության համաձայն՝ Սեմենովը ծառայել է բանակում 17 տարեկանից, իր 54-ամյա կյանքի տարիներից 37-ը նվիրել է թագավորի ու հայրենիքի ծառայությանը։ Նրա գլխավորած ստորաբաժանումը՝ գրաֆ Իվան Ֆյոդորովիչ Պասկևիչի ընդհանուր հրամանատարությամբ, մասնակցել է մի շարք ճակատամարտերի և հասել մինչև Եփրատի ափերը։ Շուշիի խաղաղ կյանքն ապահովելու համար նա սեփական նախաձեռնությամբ կազմակերպեց պաշտպանություն՝ կանխելով Արցախի վրա լեռնաբնակների հարձակումները։ Ռուսական գերեզմանոցում հանգչում է 5-րդ կանոնավոր վաշտի հրամանատար, փոխգնդապետ Ֆյոդր Պոգորելովը։ Վաշտի ծառայողական պարտականությունների մեջ մտնում էր Շուշի-Ելիզավետապոլ-Թիֆլիս ճանապարհով անվտանգ երթևեկի ապահովումը։
Գնդի կազմը միատարր չէր։ Կարճ ժամանակ անց ավագ և կրտսեր սպայական կազմը համալրվեց ղարաբաղցիներով, և դրա վառ վկայությունը Բերդաձոր, Քարին տակ, Կուսապատ, Շոշ գյուղերում հայտնաբերված շիրմաքարերի արձանագրություններն են։
Հ. Հարությունյանի ուսումնասիրությունների համաձայն, Շուշիի ռուսազգի բնակիչներից ոմանք թաղվել են հայկական գերեզմանոցում՝ գավառական ոստիկանության կապիտան Լեոնարդ Սյանոժենսկին, 42-րդ եգերական գնդի հրամանատար, փոխգնդապետ Վլադիմիր Միխայլովը, Ղարաբաղի գավառային դատարանի նախագահ, դատական ատենակալ Մոիսեյ Սիմոնովը և ուրիշներ։
«Շուշի քաղաքի ռուսական գերեզմանոցը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետ եկա եզրակացության, որ այն արժանացել է նույն ճակատագրին, ինչ հայկական գերեզմանոցը։ Շատ գերեզմաններ ավերվել ու թալանվել են, խաչերը ջարդվել մահմեդականների կողմից, երբ քաղաքը որոշակի ժամանակահատվածում նրանց ձեռքում էր»,- ափսոսանքով արձանագրում է Հրաչիկ Հարությունյանը։
Զինվորական ծառայության վերաբերյալ տվյալներից պարզ է դառնում, որ հայ-ռուսական հարաբերությունները հասել էին այն մակարդակին, որ բարեկամական հարաբերություններ էին հաստատվում խառը ամուսնությունների շնորհիվ։ Ավշարյանցների նախատատը չինովնիկ Կովալյովի դուստր Վարվարան էր (Գրիգոր- բեկ Ավշարյանի կինը), իսկ Շախովսկի Թավրիզովան (Թավրիզյան) Մոսկվայում ապրող գիտնական Արնոլդ Կլեշչովի նախատատն էր։ Սեփական արմատները բացահայտելու նպատակով Ա. Կլեշչովը եղբոր հետ 2006թ. եղել է Շուշիում, լուսանկարել շիրմաքարը և շիրիմից մի բուռ հող վերցրել։ Հարկ է նշել, որ Վարվարայի հոր՝ 1873թ. հունիսի 5-ին մահացած քարտուղար Յակով Եֆիմովիչ Կովալյովի աճյունը հողին է հանձնվել Ավշարյանների գերդաստանի ննջեցյալների կողքին՝ հին հայկական գերեզմանոցի տարածքում։ Դժբախտաբար, 2019թ. հունվարին կյանքից հեռացավ Շուշի քաղաքի պատմաճարտարապետական հուշարձանների ու շիրմաքարերի ուսումնասիրություններով հայտնի արցախցի պատմաբանն ու ազգագրագետը։
Ուսումնասիրելով հայկական և ռուսական շիրմաքարերի արձանագրությունները, Հ. Հարությունյանը նույնիսկ չէր ենթադրում, որ 2020թ. նոյեմբերին թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Շուշին կանցնի հակառակորդի հսկողության տակ, որն այս անգամ մի առանձին մոլեգնությամբ ու համառությամբ է անցնելու շիրմաքարերի ու պատմամշակութային արժեքների ոչնչացման գործին, ինչպես նաև շարունակելու է կեղծել պատմությունը։
Այսպիսով, XIX դարում Ղարաբաղում ի հայտ եկան բնակավայրեր, որտեղ հայերն ու ռուսներն ապրում և աշխատում էին միասին։ Ռուս մշակույթն ու ռուսաց լեզուն կենցաղի անբաժանելի մաս էին դարձել Ղարաբաղի հայերի համար և՝ հակառակը։ Լեռնային Ղարաբաղում այսօր էլ շատ ռուսախոս հայեր կան, իսկ ռուսերենի և ռուս մշակույթի հանդեպ հարգալից վերաբերմունքը ոչ միայն պահպանվել է, այլև ստեղծված իրողությունների պայմաններում նոր թափ է հավաքում։ Հիրավի ռուսերենն Արցախում ազգամիջյան հաղորդակցության լեզու է, ռուսերեն կարելի է լսել և՛ փողոցում, և՛ հանրային վայրերում, և՛ տրանսպորտում։ Թերևս սա է պատճառը, որ խաղաղապահներն այստեղ իրենց օտար չեն զգում։
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ