[ARM]     [RUS]     [ENG]

ԹԵԿՈՒԶ ՓՈՔՐԱԹԻՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՎ՝ ԳՅՈՒՂՈՒՄ ԴՊՐՈՑԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ

 

Արցախի Հացի գյուղում դպրությունը  5-րդ դարից սկիզբ առնող պատմություն ունի:

Դպրոցական շենքն այստեղ  կառուցվել է 1911 թվականին՝  համագյուղացի մեծահարուստներ Գյուլբահար և Ջիվանշիր Ղազիյանների կողմից։

Մարտունու շրջանի Հացի համայնքի հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Գրիգորյանը տեղեկացրեց, որ վերջին մի քանի տարիներին աշակերտների թիվը  2015-2016թթ. ուսումնական տարում կազմել  է 17, որն աստիճանաբար նվազելով, ընթացիկ ուսումնական տարում հասել է  12 -ի։ Նախորդ  տարվա համեմատ աշակերտների թիվն աճել է երկուսով:

«Աշակերտների համեմատաբար փոքր թիվը պայմանավորված է տարբեր հանգամանքներով. ամուսնությունների պակաս, աշխատատեղերի բացակայություն, շատ երեխաներ ունենալու մտավախություն, իսկ այժմ դրանց գումարվել է նաև անվտանգության խնդիրը։ Հուսադրող է այն փաստը, որ գալիք ուսումնականում առաջին դասարան է հաճախելու երեք աշակերտ։ Նախատեսվում է դպրոցում բացել նախապատրաստական խումբ՝ 10 աշակերտի ընդգրկմամբ: Կհաճախեն  նաև հարևան Նորշեն համայնքի երեխաները»,- նշում է տնօրենը։ Նախադպրոցական պարապմունքները կազմակերպելու համար անհրաժեշտ դասասենյակի վերանորոգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Այս հարցում աջակցում է համագյուղացի բարերար Նելսոն Սարգսյանը։ Հացիի հիմնական դպրոցն ապահովված է մասնագետներով, աշխատում են բարձրագույն կրթությամբ մանկավարժներ։ Դպրոցում ձևավորված համակազմ դասարաններում  անհրաժեշտ է դասավանդման հատուկ մեթոդաբանություն, սակայն որոշ մեթոդական ձեռնարկների կարիք է զգացվում։ Աշակերտների հետ, կարելի է ասել, կազմակերպվում է անհատական ուսուցում՝ յուրաքանչյուրին առանձնահատուկ մոտեցմամբ։

Ս․ Գրիգորյանի խոսքով՝ առաջնահերթն անվտանգությունն է․ «Ճիշտ է, սկզբից հուսալքություն կար ու աշխատանքներ ծրագրելիս մշտապես նույն հարցն էր՝ ի՞նչ է սպասվում: Հարցի պատասխանն ընթացքում գտանք՝ երկրի ապագայի հիմքերը դրվում է հենց դպրոցում և, անկախ իրավիճակից, պետք է երեխաներին տալ լիարժեք կրթություն։ Ուսուցչի անձնական օրինակից շատ բան է կախված»,- նշեց տնօրենը։

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, ակադեմիկոս, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի հովանավորությամբ 2013թ․ կապիտալ վերանորոգվել է դպրոցական շենքը: Նրա աջակցությամբ դպրոցում կառուցվել է ջեռուցումն ապահովող կաթսայատուն, նորացվել է դպրոցի գույքը, տրամադրվել է 8 համակարգիչ,  հեռուստացույց, մարզական գույք, նոր կահույք, համալրվել  է գրադարանը:  Բացի այդ, ամեն տարի երեխաների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ։

Ուսումնական ձեռքբերումներից խոսելիս տնօրենը նշեց, որ օլիմպիադայի հանրապետական փուլում դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Գոռ Աբրահամյանը ՆԶՊ-ից գրավել է երկրորդ տեղը, «Հմուտ ձեռքեր» խմբակի երեխաները, մասնակցելով ասեղնագործության, շյուղագործության մրցույթների,  պատվոգրեր են ստացել, նաև մարզական առաջնություններին են մասնակցում։ Դպրոցն ակտիվ մասնակցություն է ունենում գյուղում տեղի ունեցող տարբեր միջոցառումներին։ Առաջնագծամերձ Հացիում բոլորը շարունակում են իրենց գործը՝  նոր կյանք ու շունչ հաղորդելով  պատմական գյուղին։

Լուսինե ԴԱՇՅԱՆ