[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱՂԱՎԱՐԴ. ՄԵԾԱՆՈՒՄ Է ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՐԱԶԱՏ ՍԵՐՈՒՆԴ

Թաղավարդի հիմնական դպրոցում սովորում է 36 աշակերտ: Այն ընդգրկված է «Երկարօրյա դպրոց» ծրագրում:

Դպրոցի տնօրեն Մարգարիտա Սահակյանին հանդիպեցինք դպրոցի բակում: Նա  փաստում է, որ երկարօրյայի պարապմունքները շատ հագեցած են  և հետաքրքիր:

  «Երեխաները մեծ սիրով են հաճախում: Սննդի հետ կապված խնդիրները կարգավորված են: Երեխաների մեծ մասն ընդգրկված է տարբեր խմբակներում՝ առարկայական, ասմունքի, երգի, ձեռքի աշխատանքի: Ավագ խումբն ուսումնասիրում է նաև մեղվաբուծության գաղտնիքները՝ համապատասխան մասնագետի օգնությամբ»,- ներկայացնում է Մարգարիտա Սահակյանը: Մեղվաբուծության ուսումնասիրությունը շատ են կարևորում, առանձնապես Թաղավարդի պայմաններում, երբ զգալի սահմանափակվել է տնտեսությունը զարգացնելու նախկին հնարավորությունները և մտածում են այլընտրանքայինի մասին: Այս ուղղությամբ աշխատում են երեխաների հետ, հետագայում նաև կլինեն գործնական  պարապմունքներ, և սովորողները կծանոթանան մեղվապահության հիմունքներին: Դպրոցի սաների մոտ տեսանելի է հետաքրքրությունը: Մեղվաբուծությամբ զբաղվողները գյուղում շատ են, հնարավորություն կա գյուղում այդ ճյուղը զարգացնել: Տնօրեն Սահակյանը հույս է հայտնում, որ հաջորդ տարի կունենան սեփական մեղվափեթակ, ինչը հնարավորություն կտա ավելի հեշտ սովորել:

Խոսեցինք նաև ամենացավոտ հարցի շուրջ՝ անվտանգության մասին. «Զգուշավորության կարևորությունը հիմա երեխաները խորությամբ չեն ընկալում երևի. մի տեսակ հարմարվել են և ուշադրություն չեն դարձնում, չնայած  մշտապես խոսում ենք այս մասին: Միշտ վախը սրտներումս է. հանկարծ մի բան չպատահի»,- ասում է դպրոցի տնօրենը:

Քույր դպրոցների բարեկամության շրջանակներում  Կալիֆոռնիա  նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում գործող հայկական վարժարանի հետ ունեն բարեկամական կապ: Արդեն երկու անգամ հեռավար հանդիպում են ունեցել: Առաջինը տնօրենների մակարդակով էր, երկրորդը՝ նաև երեխաների և ուսուցիչների ընդգրկմամբ: Երեխաները փոխադարձ հարցադրումներով որոշակիորեն պատկերացում են կազմել միմյանց կրթական ծրագրերի, առօրյայի և կենցաղի մասին: Հաջորդիվ կլինեն տարբեր գրական գործերի քննարկումներ:  Երբ առցանց հանդիպմանը պատմել են Թաղավարդում երեխաների առօրյայի և ստեղծված իրավիճակի, դպրոցի դիրքի մասին՝ էկրանի հակառակ կողմում սկսել են արտասվել:

«Անվախ ու վստահ են այստեղ ապրում և սովորում մեր սաները: Ես նրանց մոտ չեմ արտահայտվում, բայց շատ եմ հպարտանում: Գյուղի  երեխաները  երբեք իրենց ավագներին ամոթով չեն թողել՝ սա պատմությունն է ապացուցել, ու այսօր էլ մեծանում է իր արմատներին հարազատ ու արժանի սերունդ»,- հուզված ու փայլող աչքերով ասում է ընկեր Սահակյանը:

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ