[ARM]     [RUS]     [ENG]

ԵԿԱՎ ԱՊՐԵԼՈՒ ԱՅՆ ՀՈՂՈՒՄ, ՈՐՆ, ԻՍԿԱՊԵՍ, ՍՈՒՐԲ Է

«Օտարության մեջ ազատ լինելն այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն...». պարույրսևակյան այս բանաձևումին հեռավոր Ուզբեկստանում խարիսխ ձգած արցախցի ընտանիքի երկրորդ սերունդը հազիվ թե ծանոթ լիներ, բայց արմատների կանչը հաստատ իր դերն է ունեցել, որ երկու տասնամյակ առաջ Սամարղանդ քաղաքից տեղափոխվել է իր նախնիների հայրենիք և իրեն երջանիկ է զգում հենց թեկուզ նրա համար, որ ապրում է իր ժողովրդի հետ, չնայած այս ընթացքում տեսել է երկու պատերազմ, որից վերջինը` շատ դաժան:

Ռուբեն Օսիպով. շատերի կողմից ճանաչված Ռուբեն Ալեքսանդրովիչը, որի համար տարիները ոչ թե իր ջահելությունը հեռացնող ցավոտ զգացողություն են առաջացնում, այլ ուրախություն, որ մեծացնում են հայրենիքում ապրելու և իր ժողովրդին օգտակար լինելու ժամանակի ցուցիչը: Հպարտությամբ է ասում, որ անցյալ տարի լրացել է Արցախում ապրելու, իսկ այս տարի՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում իր աշխատելու 20 տարին: «2001-ից ես եկա ապրելու Արցախում: Դրանով, փաստորեն, կատարել եմ հորս կտակը: Նա ինձ պատգամել էր, որ ամուսնանամ հայուհու հետ, և անպայման` արցախցի աղջկա, քանի որ մենք արմատներով արցախցի ենք: Հայրս ուզում էր, որ իմ երեխաները տիրապետեն մեր մայրենի լեզվին` հայերենին: Նա ուրախ կլիներ իմանալու, որ ես նրա բաղձալի ցանկությունն եմ կատարել. վերադարձել եմ մեր արմատներին»:

Այնտեղ, որտեղից վերադարձել է Ռ. Օսիպովը, նրանց ընտանիքը մեծ հարգանք էր վայելում: Հայրը Սամարղանդի մարզի գլխավոր անասնաբույժն էր, շատ բան է արել այդ երկրի անասնաբուծության զարգացման գործում, նրա նկարը կախված էր Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում: Մինչև Արցախ գալը Ռ. Օսիպովը 17 տարի աշխատել է տեղի ինտերնացիոնալ դպրոցում, եղել է պիոներ-ջոկատավար, տարրական դասարանների գծով ուսմասվար, ապա՝ հոգևոր-լուսավորչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, մանկավարժական անհրաժեշտ կոփվածություն ստացել: Ընդհանրապես, նա երախտագետ անձնավորություն է, հիշում է բոլոր նրանց, որոնցից կարևոր բաներ է սովորել: Մասնավորապես, հիշում է այդ դպրոցի տնօրենին, որը ժամանակին դիվանագետ է եղել Աֆղանստանում, և ինչպես Ռ. Օսիպովն է ասում` դիվանագիտություն է սովորեցրել իրեն:

Արցախում էլ բանիմաց գործընկերներով է շրջապատվել: Նախարարությունում պաշտոնավարելուն զուգահեռ դասավանդում է Ստեփանակերտի տարբեր դպրոցներում: Կրթության պետական տեսուչ է և ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ: Ռ. Օսիպովը 2003 թվականից սկսել է կազմակերպել մեթոդական կոնֆերանսներ Արցախի դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների համար, որը հետո ծավալվելով` կրեց «Ռուսական խոսքի օրեր Արցախում» անվանումը:

Գործի բերումով նա շրջագայեց Արցախի շրջաններում, եղավ բոլոր գյուղերում, ինչը նպաստեց, որ ավելի մոտիկից ճանաչի հայրենիքը, նրա մարդկանց: Օսիպովի կյանքում կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի մեծ բարեկամ, գրող, հրապարակախոս Կիմ Բակշիին ուղեկցելն Արցախում. «Ես շատ բան տեսա Ղարաբաղում նրա շնորհիվ` եկեղեցիներ, վանքեր բերդեր... Ինձ, որպես Արցախում նոր մարդու համար անչափ հետաքրքիր էր այդ ամենը: Ես տեսել եմ շատ արժեքներ Արցախում: Իսկ արժեքներ են նրա ժողովուրդը, պատմությունը, մշակույթը, ավանդույթները: Եվ շատ բան եմ սովորել: Փաստորեն, ես մոտիկից ծանոթացա մեր ժողովրդի պատմությանը»: Դրանից հետո Ռ. Օսիպովը միշտ հրավիրում էր Կ. Բակշիին «Ռուսական խոսքի օրերին»: Հիշում է, թե ինչ մեծ հիացմունքով էր ռուս մտավորականն արտահայտվում այդ միջոցառումների մասին: Նա միշտ ասում էր, որ Արցախում կրթության նախարարությունը, դպրոցների տնօրենները, ուսուցիչները, երեխաները ռուսաց լեզվի իսկական պահապաններ են: «Այն մարդը, ով սիրում է ուրիշ ժողովրդի, դրանով իսկ բարձրացնում է իր երկրի պատիվը»,- ասում էր նա: Այսօր էլ Ռ. Օսիպովը տեղին մեջբերումներ է անում Կիմ Բակշիից, երբ որևէ միջոցառում է կազմակերպում: Նշենք, որ Կ. Բակշին 7 գիրք է գրել Հայաստանի ու հայերի մասին, վերջինում` նաև Ռ. Օսիպովի մասին: Նա կտակել էր, որ մահից հետո իր աճյունի մոխիրի կեսը շաղ տան Գառնիում, իսկ կեսը` Շուշիում:

Լ. Օսիպովի գլխավորությամբ անցկացվող «Ռուսական խոսքի օրերը» տուրք չեն ռուսաց լեզվին: Դրանք միջոցառումներ են մեր հայրենիքի նկատմամբ սիրո, նրա արժեքների, հանուն նրա պաշտպանության զոհված տղաների, հայ և ռուս ժողովուրդների հոգևոր-մշակութային բարեկամական կապերի: Ասմունքողների մրցույթին սկզբում բանաստեղծությունն արտասանում են ռուսերեն, ապա՝ հայերեն: Երաժշտական դադարներին կատարվում են հայկական և ռուսական երգեր ու պարեր: Նայած այդ տարվա գլխավոր իրադարձությանը՝ «Ռուսական խոսքի օրերն» անցկացվում են համապատասխան խորագրով: Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներին մեծ տեղ էր տրված ռուս մտավորականներին, ընդհանրապես հայ և ռուս գրողների կապերին, Հովհ. Թումանյանի 150-ամյակին նույնպես անդրադարձ է եղել: Իսկ այս տարվա միջոցառումները, որոնք նվիրված էին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին, անցկացվեցին «Արցախն ապրում է» խորագրով: Այդ միջոցառումները նպատակ են հետապնդում ոչ միայն ռուսաց լեզվի զարգացմանն ու տարածմանը, այլև, որ նոր սերունդը սովորի Արցախն աշխարհին ներկայացնելը: Ռ. Օսիպովի ղեկավարությամբ կազմակերպված բոլոր միջոցառումներում այն գաղափարն է շեշտվում, որ յուրաքանչյուրն իր մայրենի լեզուն պետք է առաջնահերթ իմանա, բայց դրա հետ մեկտեղ տիրապետի օտար լեզուների: Իսկ ռուսերենն օտար լեզուների շարքում չէ, արցախցիների համար այն մայրենիից հետո երկրորդ կարևոր լեզուն է: Ինքը` Ռ. Օսիպովը, հաճույքով է ընթերցում հայ գրողներին, ճիշտ է` թարգմանաբար, իսկ իր սիրած գրողի` Հովհ. Շիրազի այս խոսքը` «Մայր և հայրենիք` միասնական են ինձ համար, չսիրել ձեզ չեմ կարող» նրա կյանքի կարգախոսն է:

Ռ. Օսիպովը հպարտությամբ է նշում, որ տարիների ընթացքում հավաքել է ռուսաց լեզվի ուսուցիչների ոսկե թիմ: Նրանք և՛ մայրաքաղաքից են, և՛ շրջաններից: Անկրկնելի էին Հադրութում, Շուշիում, Բերձորում կազմակերպված միջոցառումները: Դրանց ներկա ռուս բանաստեղծ Վ. Կոնոպլյովը հիացած ասել էր, որ Արցախի երեխաների ռուսերենն իր մաքրությամբ գերազանցում է անգամ Ռուսաստանի դպրոցների սովորողներին: Իսկ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի դոցենտ Իրինա Կրուգլովան այդպես էլ չի հավատացել, որ իր այցելած մի շարք դպրոցներ ռուսական չեն: Ռուսաստանից ժամանած հյուրերն ասում են, որ պետք է գալ Ղարաբաղ, տեսնել, շփվել մարդկանց հետ` հասկանալու, թե ինչ իրականություն է Ղարաբաղը, ինչպիսի մարդիկ են և ինչի են ձգտում: «Այսօր էլ տեսնում ենք` ինչ հարգանքով են ռուս խաղաղապահները վերաբերվում մեզ, նրանք միշտ ասում են, որ այստեղ օտար չեն զգում, քանի որ իրենց հասկանում, և իրենք էլ մեզ են հասկանում ռուսերենով շփվելով»:

Ռուբեն Օսիպովի աշխատանքը գնահատվել է ԱՀ կառավարության կողմից. նա պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ