[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՍՂՆԱԽ, ՄԱԴԱԹԱՇԵՆ, ՋՐԱՂԱՑՆԵՐ և ՄՈՇԽՄՀԱՏ ՀԱՄԱՅՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

 

Հանրապետության խոշոր շինհրապարակներից է Աստղաշենի վարչական տարածքում կառուցվող նոր թաղամասը: Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պատվերով 2021թ. մարտին մեկնարկել են թաղամասի կառուցման աշխատանքները: Թաղամասը նախատեսվում է Սղնախ, Մադաթաշեն, Ջրաղացներ և Մոշխմհատ բնակավայրերից տեղահանված ընտանիքների համար: Առաջին փուլում շահագործման կհանձնվի 149 առանձնատուն` կապիտալ բոլոր հարմարություններով: Առանձնատները լինելու են 2-5-սենյականոց: Մեզ հետ զրույցում «ԿԱՊԱՎՈՐ» ընկերության աշխղեկ, տեղամասի պետ Համլետ Բաբայանն ասաց.

- Արդեն ահագին աշխատանքներ են կատարվել, ինչպես տեսնում եք տներ կան, որտեղ արդեն ավարտված են տանիքապատման աշխատանքները, ներկա պահին մի շարք տներում ընթանում են նույնիսկ ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում աշխատանքի որակին: Կառուցվող նոր թաղամասը կունենա մի քանի փողոց, որոնք կմիանան համայնք բերող մայրուղուն:

Համլետ Բաբայանի փոխանցմամբ` թաղամասը կունենա նաև համայնքային կենտրոն, բուժկետ և հանդիսությունների սրահ: Մեր զրուցակիցը հավելեց, որ թաղամասի բնակիչների համար կկառուցվեն նաև ջերմոցներ: Թաղամասի բոլոր բնակիչները նաև սեփական այգի հիմնելու հնարավորություն կունենան: Նոր թաղամասի կառուցման աշխատանքներին հետևում և մասնակցում է նաև Ջրաղացների գյուղապետ Արսեն Հայրապետովը.

- Թաղամասի կառուցումը կարևոր իրադարձություն է բոլորիս համար, քանզի մեր տեղահանված հայրենակիցներն այս աշխատանքների ավարտից հետո կունենան իրենց սեփական օջախները: Թաղամասը բավականին գեղեցիկ է լինելու, աշխատանքները կատարվում են բոլոր շինարարական չափանիշներին համապատասխան:

«ԿԱՊԱՎՈՐ» ընկերությունը նախատեսում է ընթացիկ տարվա վերջում շահագործման հանձնել շուրջ 100 առանձնատուն:

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ