ՄԱՆԿԱԿԱՆ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՐՈՒՄԸ
ԱՀ առողջապահության նախարարության, «Ջինիշյան» հիմնադրամի, «Կոնցեռն էներգոմաշ» ՓԲԸ-ի համագործակցության շրջանակներում շաքարային դիաբետով ախտորոշված մինչև 18 տարեկան շուրջ 25 երեխա հունիսի 1-ից առաջին անգամ անվճար հիմունքներով սկսել են ստանալ գլյուկոզայի շարունակական դիտարկման ժամանակակից նոր սարք։ Այն կնպաստի ավելի արդյունավետ դարձնելու դիաբետով հիվանդ երեխաների բուժումն ու հիվանդության ընթացքի վարումը։ Ներկայացնում ենք մեր հարցազրույցը ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման էնդոկրինոլոգ Շողեր ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։
- Ի՞նչ առանձնահատկություններ ունի մանկական շաքարային դիաբետը. այն ի ծնե՞ է, թե՞ ձեռքբերովի։ Ժառանգական գործոնը, գեները ի՞նչ դեր են խաղում մարդու մոտ այդ հիվանդության առաջացման առումով։
-Մանկական շաքարային դիաբետը դասվում է դիաբետի 1-ին տիպին և այն հիմնականում ախտորոշվում է մինչև 30 տարեկան երիտասարդների մոտ։ Դա ինսուլինակախյալ շաքարային դիաբետն է և, ի տարբերություն 2-րդ տիպի, երբ ինսուլինը կարող է լինել հարաբերական, այսինքն՝ նորմալ, քիչ կամ շատ, ապա դիաբետի 1-ին տիպի դեպքում հիվանդներն ունենում են ինսուլինի բացարձակ անբավարարություն։ Այդ պատճառով էլ մեր բոլոր երեխաներն ստանում են ինսուլինոթերապիա։ Առաջին տիպի դիաբետն, ի տարբերություն 2-րդի, սկսվում է շատ սուր ընթացքով ու կարճ ժամանակաընթացքում հիվանդի մոտ լինում են գանգատներ, ախտանշաններ՝ հեղուկների շատ օգտագործում (անհագ ծարավի պատճառով երեխան սկսում է օրական ավելի քան 3 լիտր ջուր խմել), հաճախամիզություն, քաշի կորուստ (մեկ շաբաթում 5-7 կգ քաշի կորուստ), շատակերություն, բերանի խոռոչում առաջացող չորություն։ Այս ախտանշանների և գանգատների հետևանքով արդեն ծնողները դիմում են բժշկի։ Բուժմիավորումում առաջին հերթին երեխայի արյան հետազոտությամբ որոշվում է շաքարի մակարդակը, ինչն էլ հիմք է հանդիսանում դիաբետի ախտորոշման համար։ Իսկ 2-րդ տիպի դիաբետով հիվանդները կարող են տարիներով հիվանդ լինել՝ չիմանալով դրա մասին, քանի որ իրենց մոտ բացարձակ ինսուլինային անբավարարություն չկա և սուր գանգատներ չեն ունենում։
Առաջին տիպի շաքարային դիաբետը բնածին չէ, այլ՝ ձեռքբերովի։ Դրա առաջացման հստակ պատճառներ չկան։ Այն աուտոիմուն հիվանդություն է, այսինքն՝ ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա բջիջները վնասվում են աուտոիմունային ախտահարման հետևանքով և արդյունքում ինսուլինի արտադրությունը կա՛մ թուլանում է, կա՛մ էլ ընդհանրապես չի արտադրվում։ Ինսուլինի շարունակական նվազման և չարտադրման հետևանքով արյան ու մեզի մեջ աճում է գլյուկոզայի քանակը։ Ծնողների` շաքարային դիաբետով հիվանդ լինելն էլ ամենեևին պատճառ չի կարող հանդիսանալ, որ երեխան ևս կհիվանդանա, որովհետև հիմնականում հիվանդ երեխաների ծնողները նշյալ հիվանդությամբ չեն տառապում։ Պարզապես շաքարային դիաբետով երեխաները ծնվում են դիաբետի՝ աուտոիմուն հիվանդության նախատրամադրվածությամբ, և ինչ-որ մի գործոն պատճառ է հանդիսանում հիվանդության առաջացման համար։ Նման գործոններ կարող են դառնալ սթրեսը, վարակները, այսինքն այն տրիգերները, որոնք խթանում են հիվանդության սկիզբը։
-Հիվանդության ախտորոշման դեպքում, թերևս, նախ հոգեբանական, այնուհետև բուժման հետ կապված մի շարք խնդիրների հետ են բախվում երեխաներն ու ծնողները։ Ձեր կողմից ի՞նչ խորհուրդներ են տրվում նրանց։
-Շաքարային դիաբետի ախտորոշումն ինքին մեծ սթրես է երեխայի և նրա ընտանիքի համար։ Բնականաբար, նրանք հոգեբանական և այլ խնդիրների լուծման համար աջակցության կարիք ունեն։ Ախտորոշման հենց առաջին օրվանից մենք երեխային և ծնողներին ընդգրկում ենք դիաբետի ուսուցման դպրոց, որտեղ բացատրում ու սովորեցնում ենք հիվանդության վարման, բուժման և վերահսկման վարվելակերպը։ Երեխայի ծնողին սովորեցնում ենք ինսուլինի ներարկման տեխնիկան, ներկայացնում մանկական դիաբետ ախտորոշվածների սննդակարգը և, մշտապես կապի մեջ լինելով, անհատական վերահսկում մանուկների հիվանդության ընթացքը։ Առաջիկայում նախատեսել ենք կյանքի կոչել դիաբետի խմբակային ուսուցման նոր ծրագիր, որի շրջանակներում հիվանդներն իրար հետ կշփվեն և, իրենց հուզող խնդիրները բարձրաձայնելով, կունենան բուժման առավել արդյունավետ ընթացք։ Դիաբետով ախտորոշված երեխաներին տրամադրում ենք գրիչ-ներարկիչներ, ասեղներ և բուժման վարման այլ անհրաժեշտ պարագաներ ու սարքեր։ Այս տարվա հունիսի 1-ից էլ տրամադրում ենք գլյուկոզայի շարունակական դիտարկման նոր սարք, որի շնորհիվ 3 րոպեն մեկ հատուկ եղանակով չափվում է երեխայի արյան շաքարի մակարդակը և ավելի ճշգրիտ ընտրվում երեխայի ինսուլինի չափաբաժինը կամ ընդունվող դեղորայքը՝ կանխելով վհիպոգլիկեմիաներն (գլյուկոզայի ցածր մակարդակ) ու հիպերգլիկեմիաները (գերշաքարարյունություն)։ Նման սարքերի շնորհիվ հիվանդն ու նրա ծնողները, նաև բժիշկը, կարողանում են վերահսկել երեխայի շաքարի մակարդակն ողջ օրվա ընթացքում և խուսափել, հատկապես, գիշերային ժամերին շաքարի մակարդակի նվազման ժամանակ առաջացող դիաբետի սուր բարդությունից՝ հիպոգլիկեմիկ կոմայից։
-Մենք գիտենք, որ երեխաները հիմնականում քաղցրակեր են լինում և ողջամիտ ծնողները փոքրուց վերահսկում են մանուկների սննդակարգը՝ արգելելով շաքարի չարաշահումը։ Իրականում հնարավո՞ր է քաղցրակերությունը մանկական շաքարային դիաբետի պատճառ դառնա։
-Եթե երեխան չունի նախատրամադրվածություն դիաբետի նկատմամբ՝ քաղցրավենիքը պատճառ չի կարող լինել դրա առաջացման համար։ Բայցևայնպես, մենք խորհուրդ չենք տալիս օգտագործել շատ քաղցրավենիք, որովհետև այն ենթաստամոքսային գեղձի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է և, դրանք հիմնականում հեշտ յուրացվող ածխաջրեր են, որոնք կարող են հանգեցնել ճարպակալման լուրջ խնդրի։ Ներկայումս ճարպակալման խնդիրն արդիական է դարձել երեխաների շրջանում և մենք բոլոր ծնողներին խորհուրդ ենք տալիս նրանց սննդակարգից հնարավորինս կրճատել քաղցրեղենը ու առաջնորդվել առողջ, ռացիոնալ սննդակարգով։
- Արցախում շաքարային դիաբետով ախտորոշված են մինչև 18 տարեկան շուրջ 25 երեխա։ Տոկոսային հարաբերությամբ ինչպիսի՞նն է վիճակագրությունը ՀՀ-ի հետ համեմատությամբ։ Կան, արդյո՞ք, սկրինինգային ծրագրեր, որոնց շնորհիվ հնարավորություն է տրվում հիվանդության ոչ բարդացած փուլում երեխայի մոտ ախտորոշել դիաբետը։ Ձեր խորհուրդը ծնողներին։
-Տոկոսային առումով հիմա կդժվարանամ ներկայացնել, մանավանդ պատերազմից հետո ստույգ տվյալներ չունենք, բայց ՀՀ-ի հետ համեմատած մանկական դիաբետով մեր երեխաների թիվն ավելի քիչ է։ Իսկ, ընդհանուր առմամբ, 1-ին տիպի դիաբետով տառապում են դիաբետների 5-10%-ը։ Մենք սերտ համագործակցում ենք Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովայի, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկների հետ։ Նշյալ կլինիկան համարվում է Հայաստանի մանկական դիաբետի կենտրոնը, որտեղ բուժվում և վերահսկվում են այդ հիվանդությամբ ախտորոշված երեխաները։ Մեր արցախցի երեխաների արդյունավետ բուժման համար սերտորեն համագործակցում ենք նշյալ կառույցների էնդոկրինոլոգների հետ և ստանում անհրաժեշտ խորհրդատվություններ։ Ինչ վերաբերում է սկրինինգային ծրագրերին, ապա մեզ մոտ դեռ չկան, միայն ունենք բնածին հիպոթերիոզի սկրինինգային ծրագիր, որով ախտորոշվել է 4 երեխա։ Նման երեխաների բուժումը պետք է սկսել անմիջապես, որ բարդություններ չառաջանան, և այդ 4 երեխաների բուժման վարումը սկսել ենք ժամանակին։
Ծնողներին խորհուրդ եմ տալիս լինել ուշադիր երեխաների նկատմամբ, որ նրանց մոտ ի հայտ եկած ցանկացած ախտանիշի դեպքում դիմեն բժշկի։ Դիաբետը հեշտ ախտորոշվող հիվանդություն է. ընդամենն արյան մեջ շաքարի մակարդակը որոշելով արդեն եզրակացնում ենք՝ հիվանդությունն առկա՞ է, թե՞ չէ։ Անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի, որովհետև շատ հաճախ երեխաները բուժհաստատություն են ընդունվում արդեն հիվանդության բարդացման փուլում, երբ անհրաժեշտ է լինում կիրառել վերակենդանացման միջոցներ։
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ