ՏԱՐԵՑՏԱՐԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՝ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԻՄՊՈՒԼՍ
Փախստականների համաշխարհային օրը հռչակվել է 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից։ Ամեն տարի՝ հունիսի 20-ին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունը և տարբեր երկրներ անց են կացնում միջոցառումներ՝ փախստականների և բռնատեղահանված անձանց ճակատագրերի հանդեպ հասարակայնության ուշադրությունը գրավելու համար։ Անկախ այդ ամենից, փախստականների խնդիրը տարեցտարի ստանում է նոր՝ բացասական իմպուլս։ Աշխարհում առաջին անգամ փախստականների թիվը գերազանցել է 100 միլիոնը. նման վիճակագրություն է ներկայացնում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։
Փախստականների համաշխարհային օրը նշում են աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում՝ Հայաստանում և Արցախում։ Ավանդույթի համաձայն՝ «Ազատ Արցախ» թերթը ամեն տարի այդ օրը հյուրընկալում է «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ նախագահ Սարո Սարյանին։
- Պարոն Սարյան, մեր թերթը երկար տարիներ համագործակցում է «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ-ի հետ։ Մենք պարբերաբար լուսաբանում ենք ձեր գործունեությունը, բարձրացնում օրախնդիր հարցեր։ Արցախյան վերջին պատերազմի հետևանքով շուրջ 90 հազար մարդ դարձել է փախստական, նրանք կորցրել են տները, ունեցվածքը։ Ներկայացրեք, խնդրեմ, ներկայումս Ձեր կազմակերպությունում գրանցված բռնատեղահանվածների թիվը։
- Այսօրվա դրությամբ գրանցվել է 4215 բռնատեղահանված ընտանիք, վերագրանցվել Ադրբեջանից 1988-92 թթ. բռնագաղթած փախստականների 308 ընտանիք։ Գրանցման և վերագրանցման գործընթացը շարունակվում է։ Հիշեցնեմ, որ մեր գրասենյակը գտնվում է Մշակույթի և երիտասարդության պալատի շենքում։
- Ինչպե՞ս է ընթանում բնակարանների տրամադրման գործընթացը։ Քանի՞ ընտանիք է արդեն ապահովվել կացարանով։
- Ավելի լավ կլիներ այդ հարցով դիմել Բնակարանային հարցերով կոմիտե։ Մենք հստակ տվյալներ չունենք այդ հարցի առնչությամբ։ Նրանց խոսքով՝ առաջին հերթին կացարանով ապահովվում են պատերազմի ժամանակ զոհված անձանց ընտանիքները և բազմազավակ ընտանիքները։ Մենք մի քանի անգամ հարցում ենք ուղարկել՝ փորձելով իմանալ, թե քանի ընտանիք է ապահովվել բնակարանով, բայց այդպես էլ պատասխան չենք ստացել։ Մեր կազմակերպությունում գրանցված ընտանիքներից միայն երկուսին է բնակարան տրամադրվել։
- Ադրբեջանից բռնատեղահանվածներից խոսենք։ Արդյո՞ք լուծվում է նրանց բնակարանային խնդիրը։
- Ցավոք, առաջընթաց չկա նաև այս հարցում։ Բնականաբար, կան դժգոհություններ հասարակության շրջանում, մարդիկ դիմում են մեզ, մենք մեր հերթին Բնակարանային հարցերով կոմիտեին տեղեկատվություն ենք տրամադրում առավել կարիքավոր ընտանիքների մասին, որոնք առաջնահերթության կարգով պիտի ապահովվեն կացարանով։ Ավելի վաղ մեզ ասվել էր, որ, այսպես ասած, կրկնակի փախստականները՝ Ադրբեջանից 1988-92թթ. բռնագաղթած անձինք, որոնք դարձել են հարկադիր վերաբնակ 2020թ. պատերազմից հետո, բնակարան կստանան արտոնյալ հերթով, բայց այսօրվա դրությամբ այդ առումով էլ դրական տեղաշարժ չկա։
- Որո՞նք են Ձեր հետագա քայլերը։
- Հուսով եմ, որ շատ շուտով ԱՀ նախագահին առընթեր կստեղծվի Քաղաքացիական խորհուրդ՝ «15+7» հարթակ, որի կազմ կմտնեն հանրապետության հասարակական կազմակերպությունների, այդ թվում նաև մեր միության ներկայացուցիչներ։ Մենք մեծ հույսեր ենք կապում այդ Խորհրդի հետ։
Ի դեպ, «ԼՂՀ փախստականների միությունը» դարձել է ԱՀ Օմբուդսմենին առընթեր գործող Հարթակի կազմակերպություններից մեկը, որտեղ մենք փորձում ենք բարձրաձայնել փախստականների և ներքին տեղահանված անձանց խնդիրների մասին։ Ինչ վերաբերում է մեր կազմակերպության գործունեությանը, ապա նշեմ, որ շարունակում ենք գրանցել բռնատեղահանված անձանց և Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին, կազմակերպության նախաձեռնող խմբի անդամների, համապատասխան հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ միասին այցելում ենք նրանց, տեղեկանում կեցության պայմաններին, կարիքներին։
«ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ-ն հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, ԱԳՆ ղեկավարի, Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կից գործող միգրացիայի բաժնի ղեկավարի հետ. ԱՀ խորհրդարանի նախագահին է փոխանցվել նամակ՝ «Փախստականների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու խնդրանքով, ինչն առնչվում է բռնի տեղահանված անձանց ներքին կարգավիճակի հստակեցմանը, ինչպես նաև փախստականների և բռնատեղահանվածների համար արտոնությունների շրջանակների ընդլայնմանը։
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ