ՀԵՐԹԱԿԱՆԸ՝ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻՑ...
Օրինաչափ է, երբ հոբելյանների ժամանակ վերաբերմունքը դառնում է ուշադիր, հայացքը՝ համընդգրկուն, տեսանելի է դառնում մինչ այդ անտեսանելին, տարիներով չասված խոսքն ասելիքվում են նոր շեշտադրումներով, նոր լույսի տակ են երևում դեպքերն ու դեմքերը, փաստերն ու իրադարձությունները...
«Սովետական Ղարաբաղ» թերթի 1963թ. ապրիլի 7-ի համարը հոբելյանական է։ Թերթը տոնում էր իր 40-ամյակը։ Խոստովանեմ, որ փնտրեցի 1933, 1943 թվականների համարները, սակայն առաջինի դեպքում ոչ մի խոսք /հավանաբար 10 տարին քիչ ժամանակահատված է հաջողությունները ժողովելու համար/, 1943-ին Մեծ Հայրենականի տարիներն էին և հոբելյաններ նշելու ժամանակը չէր, թերթեցի 1953 թվականի` թերթի 30-ամյակի համարը՝ քար լռություն, ինչը սկզբից ինձ զարմացրեց, սակայն միտքս մի փոքր «չարչարելուց» հասկացա պատճառը. մեկ ամիս առաջ կյանքից հեռացել էր «Ժողովուրդների հայր» Ի. Վ. Ստալինը, էլ ի՞նչ հոբելյանի մասին կարող էր խոսք լինել։ Եվ ահա արդեն 40-ամյակի առթիվ շնորհավորանքների, գնահատականների պակաս չկար... ԼՂ մարզկոմի և աշխատավորների դեպուտատների ԼՂԻՄ մարզսովետի շնորհավորական ուղերձում ասվում է «Սովետական Ղարաբաղ»-ը իր գոյության 40 տարում կարևոր դեր է խաղացել աշխատավորներին կոմունիստական պարտիայի շուրջը համախմբելու, նրանց քաղաքական դաստիարակության, մարզի էկոնոմիկայի և կուլտուրայի բարգավաճման բնագավառում։ Այժմ, երբ սովետական ամբողջ ժողովրդի հետ միասին Լեռնային Ղարաբաղի աշխատավորները պայքարում են պարտիայի 22-րդ համագումարի որոշումների, յոթնամյակի առաջադրանքների կենսագործման համար, էլ ավելի է մեծանում «Սովետական Ղարաբաղ» թերթի՝ որպես կոլեկտիվ կազմակերպչի ու կոլեկտիվ պրոպագանդիստի դերը։
Պարտիայի մարզային կոմիտեն, աշխատավորների դեպուտատների մարզային սովետը վստահություն են հայտնում, որ «Սովետական Ղարաբաղ» թերթն այսուհետ ևս կլինի պարտիական և սովետական կազմակերպությունների մարտական օրգանը՝ մարզի առջև դրված հոյակապ խնդիրների կատարման գործում։
Նույնաբովանդակ շնորհավորանքներն անպակաս են թերթի հոբելյանական համարից, վերջիններիս շարքում են «Կոմունիստ» /հայերեն/ թերթի խմբագրությունը, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունը և այլն։
Ղարմետաքսկոմբինատի կարժողուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս Գոհարիկ Սարինյանը գրում է. «Մոր նման բռնել ես իմ ձեռքից, հույս ու ներշնչանք տվել ինձ, գովել իմ աշխատանքը, հետևել իմ առաջընթացին։ Առաջին օրերից, երբ ես երիտասարդ բանվորուհի էի, մինչև այսօր դու ոգևորել ես ինձ, և ես լարել եմ ուժ ու եռանդ, որ լինեմ առաջավորների շարքում, քայլեմ մրցության ավանգարդում։
Դու օգնել ես ինձ, և ես այսօր իմ կրծքին հպարտությամբ եմ կրում Լենինի շքանշանը և Ոսկե աստղ մեդալը»։
Մասնագիտությամբ ագրոնոմ Ս. Բարսեի ցանկությունն է, որ «Սովետական Ղարաբաղ»-ն ամենից առաջ ճշմարտացի լինի, պաշտպանի ամեն մի լավ նախաձեռնություն, անողոքաբար խարազանի ագրոկանոնների խախտման ամեն մի փաստ.
- Ես «Սովետական Ղարաբաղ»-ին թղթակցում եմ առաջին համարներից։ Նա քիչ բան չի արել գյուղատնտեսական գիտությունը պրոպագանդելու ուղղությամբ։ Հատկապես գյուղատնտեսության սոցիալիստական վերակառուցման և Հայրենական պատերազմի տարիներին, երբ քիչ էին բարձրորակ մասնագետները, «Սովետական Ղարաբաղ»-ը շոշափելի օգնություն է ցույց տվել գյուղի մարդկանց։
Հիշում եմ այսպիսի մի դեպք։ 1943 թվականին էր։ Կոլտնտեսություններ էի գնացել՝ հնձվորների աշխատանքի վարձատրումը կանոնավորելու գործում տեղում օգնելու համար։ Եվ ինչքան լավ էր, որ համարյա ամեն կոլտնտեսությունում բրիգադավարները գրպանից հանում էին «Սովետական Ղարաբաղ»-ի այդ տարվա հունիսի 23-ի համարը, ուր տպագրված էր ՙԽրձի փաթի հետևանքով կես միլիոն աշխօրի շռայլումը վերացնելու համար» հոդվածը։
Տպագիր խոսքը ազդու է։ Ես համոզվել եմ Չլդրանի կոլտնտեսությունում կարտոֆիլի սերմնաբուծարան հիմնադրելիս։ Կարտոֆիլի մշակման աշխատանքներն այստեղ ձգձգվում էին։ Այդպիսին էր դրությունը նաև մի շարք այլ տեղերում։ Ամեն տեղ չէի հասցնում լինել և օգնել։ Ստիպված եղա թերթում հանդես գալ քննադատական հոդվածով, որը գործին շատ օգնեց։
Հայրենական մեծ պատերազմի մասնակից, մարտական տասնյակ շքանշանների ասպետ Ա. Մովսիսյանի «Իմ մարտական ընկերը» հոդվածում կարդում ենք. «...Հիշում եմ, 1944 թվականին էր։ Սովետական բանակի զորամասերը Կերչում ահեղ ու դժվարին մարտեր էին մղում հիտլերյան հրոսակախմբերի դեմ։ Հազարավոր ռումբերից ու ականներից տնքում էր մայր հողը։
Ահա այդ օրերին էր, որ ստացա «Սովետական Ղարաբաղ» թերթի մի համարը։ Նրանում «Ողջո՜ւյն կարմիր բանակի հերոսական մարտիկներին՝ Ղարաբաղի զավակներին» խորագրի տակ զետեղված նյութերում գրված էր նաև իմ մասին։
Անցան օրեր ու ամիսներ և ես ավելի սիրեցի հայրենի Ղարաբաղում լույս ընծայվող թերթը։ Նրանում տպագրված նյութերը ես թարգմանում և պատմում էի իմ ռուս, ուկրաինացի, ուզբեկ, վրացի ընկերներին։ Նրանք մեծ հաճույքով էին լսում իմ պատմածը։
Հայրենական մեծ պատերազմի օրերին «Սովետական Ղարաբաղ»-ի միջոցով իմացա Լեռնային Ղարաբաղի մարտիկների հերոսական գործերի, Ղարաբաղի աշխատավորների անձնվեր աշխատանքի մասին։ Այդ ամենը ոգևորում էր ինձ և իմ ընկերներին՝ սիրելի Հայրենիքի ազատության համար մղվող մարտերում»։
«Մեր թղթակիցները» վերտառությամբ թղթակցության մեջ խոսվում է «Սովետական Ղարաբաղ» թերթի ակտիվ թղթակիցների մասին, որոնք իրենց հոդվածներով գրավում են ընթերցողների ուշադրությունը, թերթի միջոցով բարձրացնում կենսական հարցեր, սուր գրչով վեր հանում այս կամ այն թերությունները։ Գրեթե վեց տասնամյակ անց նպատակահարմար գտանք մեր ընթերցողների հիշողության մեջ թարմացնել նրանց անուններն ու խմբանկարը, որ տեղ է գտել նույն հոբելյանական համարում... Հ. Բեգլարյան, Ս. Համզոյան, Մ. Գալստյան, Ռ. Բալայան, Շ. Աբրահամյան, Մ. Հայրապետյան, Լ. Մկրտչյան, Տ. Բարսեղյան, Մ. Դոլուխանյան։
Մեր ուշադրությունից չէր կարող վրիպել թերթի առաջնորդող հոդվածը՝ «Ահա և իմ քառասուն տարին» վերնագրով, որը յուրահատուկ հաշվետվությունն է անցած 4 տասնամյակի...
Հաշվետվությու՞ն տալ։ Ըստ երևույթին, դրա կարիքը չկա, ես իմ ամբողջ էությամբ ընթերցողի աչքի առաջ եմ։
Աշխարհ եմ եկել 1923 թվականի ապրիլի 4-ին, Շուշի քաղաքում։ Սկզբում «Ղարաբաղի գեղջուկ» էի, հետո՝ «Խորհրդային Ղարաբաղ» և ապա՝ «Սովետական Ղարաբաղ»։ Հենց սկզբից նետվել եմ պայքարի մեջ, մարտնչել նեպմանականների ու կուլակության դեմ, հանուն գյուղատնտեսության սոցիալիստական վերակառուցման ու հետագա զարգացման, հանուն կուլտուրական ռևոլյուցիայի։ Հետո՝ Հայրենական մեծ պատերազմ, հետպատերազմյան հնգամյակներ, բարգավաճում՝ մեր ժողովրդի կյանքի ու աշխատանքի բոլոր ասպարեզներում։ Եվ ամեն անգամ էլ՝ նորանոր խնդիրներ բոլշևիկյան մամուլի առաջ։ Ես էլ, իհարկե, ուժերիս չափ մասնակցել եմ այդ խնդիրների կատարմանը։ Ջանացել եմ, մեծ Լենինն է պահանջել, լինել ոչ միայն կոլեկտիվ պրոպագանդիստ ու ագիտատոր, այլև կոլեկտիվ կազմակերպիչ։
Թերություննե՞րս։ Իհարկե, դրանք էլ եղել են. տեղ-տեղ սայթաքել եմ, տեղ-տեղ թույլ ու անատամ եմ եղել, գուցե և որոշ դեպքերում անհարկի խիստ եմ եղել։ Դա ես էլ զգում եմ։ Առածն ասում է՝ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Դա ճիշտ է։ Բայց ես դրանով չեմ ուզում արդարացնել իմ սխալները և չեմ ապահովագրում ինձ հետագայի համար։ Եկեք չսխալվենք, դա ամենից լավն է, ես պարտավորվում եմ չսխալվել։
Բայց ես իմ խոստումը կարող եմ կատարել միայն ձեր անշահախնդիր և անկեղծ օգնությամբ, սիրելի ընթերցողներ։ Չէ՞ որ ձեզնով է պայմանավորված իմ ուժը։ Դրա համար էլ այսօր չեմ կարող իմ շնորհակալական խոսքը չասել լավագույն օգնականներիս՝ մարտունեցի Մ. Դոլուխանյանին, բալուջեցի Ա. Վերդյանին, չայլուեցի Մ. Խաչատրյանին, մեծ թաղլարցի Մ. Բալյանին, ստեփանակերտցի Տ. Բարսեղյանին և շատ շատերին։ Բոլորին թվարկել հնարավոր չէ, որովհետև ձեր թիվը հազարից անց է։ Իսկ մասնագետ հեղինակնե՞րը. մի՞թե ես կարող եմ չհիշել գյուղատնտես Ջ Լալայանին ու զոոտեխնիկ Մ. Հայրապետյանին, բժիշկներ Վ. Դադամյանին և Խ. Բոզյանին, մեր ինժեներներին ու տեխնիկներին, ուսուցիչներին, կուլտուրայի աշխատողներին, մեր գրողներին ու բանաստեղծներին...
Բայց եկեք չպարծենանք։ Արածի համեմատությամբ մեր անելիքը դեռ ավելի շատ է։ Ահա մեր պարտիան գծել է կոմունիզմի հաղթանակի քսանամյա ուղին։ Եվ ես, որ գիտեմ իմ դերը այդ ճանապարհին, պետք է սրբությամբ կատարեմ այն։ Ուրեմն օգնեցեք ինձ, օգնեցեք, որ ես կարողանամ պարտիայի գաղափարները մասսաներին հասցնել, կարողանամ իմ բաժինը մտցնել լավն ու առաջավորը ձեռնարկություններում, կոլտնտեսություններում, կյանքի բոլոր բնագավառներում արմատավորելու գործում։ Այդ ճանապարհին ես պետք է և՛ քարոզեմ, և՛ գովեմ, և՛ քննադատեմ։
Քառասուն տարեկան եմ։ Ասել է թե՝ առնական հասակ ունեմ և ինձ սազական չէ սխալվելն ու կակազելը։ Սրբությամբ կկատարեմ այն ամենը, ինչ իմ առաջ դրել են մեր մեծ պարտիան և կառավարությունը։ Իհարկե, քո օգնությամբ, հարգելի թղթակից։
«ՍՈՎԵՏԱԿԱՆ ՂԱՐԱԲԱՂ»
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ