1992թ. ԱՄԱՌԱՅԻՆ ՌԱԶՄԱՐՇԱՎԻ ԴԱՍԵՐԸ
ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈՒ) համար թերևս ամենածանր ժամանակաշրջանի՝ 1992թ. ամառային ռազմարշավի վերաբերյալ մեր ուսումնասիրություններում անդրադարձել ենք Շահումյանի շրջանի անկման և Մարտակերտի շրջանի ծանր կացության հիմնահարցերին։
Դրանց վերհանման տեսանկյունից կարևոր նշանակություն են ստանում 1992թ. ռազմարշավի հիմնահարցերի վերաբերյալ ԻՊՈՒ նախկին հրամանատարի`Արկադի Տեր-Թադևոսյանի գնահատականները։ Ըստ նրա՝ «Ադրբեջանը ձեռք բերելով նախկին խորհրդային 4-րդ բանակի չորս դիվիզիաների և Կասպյան նավատորմի սպառազինությունը՝ հունիսի 12-ին անսպասելիորեն լայնածավալ հարձակման անցավ ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Հակառակորդը գլխավորապես հարվածներ էր հասցնում Շահումյանի, Մարտակերտի և Ասկերանի ուղղություններով։ Հարձակվող զորքերի առաջին շարքերում ընթանում էին տանկերը՝ Ադրբեջանի ՊՆ-ի վարձած նախկին խորհրդային 23-րդ դիվիզիայի փորձառու անձնակազմերով»։
Ինչպես արխիվային փաստաթղթերն են վկայում՝ հակառակորդի հարձակումն այնքան էլ հանկարծակի չէր։ ԻՊՈՒ հրամանատարի հունիսի 8-ի հաղորդագրությունում ծանուցվում էր. «Վերջին երկու օրերի ընթացքում նկատվել են հակառակորդի զրահատեխնիկայի հապշտապ կուտակումներ բոլոր ուղղություններում՝ Միր-Բաշիրի կողմերում՝ Մարաղայի ուղղությամբ՝ 8 տանկ, 10 ՀՄՄ-2, «Գրադ» կայանք, Փափրավենդում՝ Մարտակերտի ուղղությամբ՝ 4 միավոր, Ասկերանի ուղղությունում՝ 12 միավոր, Ամիրանլար-Կուրոպատկինո հատվածում՝ 10 միավոր, Կարմիր շուկայի ուղղությունում՝ 3 միավոր, Հադրութի ուղղությունում՝ 4 միավոր զրահատեխնիկա, ավելի վաղ զրահատեխնիկայի կուտակումներ են նկատվել Կուբաթլիի (Որոտան) շրջանում՝ միջանցքի ուղղությամբ»։ Կարելի է ենթադրել, որ Շահումյանի ուղղությունում հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ տեղի հրամանատարությունն անմիջապես է զեկուցել ՀՀ ՊՆ-ին։
ԻՊՈՒ նախկին հրամանատարը այդ շրջանի ուժերն ու միջոցները ներկայացնում է հետևյալ կերպ. «Շահումյանի շրջանի պաշտպանությունն իրականացնում էին տեղացի աշխարհազորայինները, Հայաստանից՝ «Տիգրան Մեծ» կամավորական ջոկատը և Հատուկ գնդի հերթափոխային վաշտը՝ ընդհանուր թվով մոտավորապես 500 հոգի։ Շրջանի պահպանությունը համակարգում էր «Հյուսիսային կոմիտեն», որը ղեկավարում էր Շահեն Մեղրյանը»։
Գեներալ-մայոր Ա. Տեր-Թադևոսյանը Շահումյանի շրջանում անհաջողությունները պայմանավորում էր պաշտպանության գծում առաջացած ճեղքվածքով. «Հակառակորդի գրոհի սկզբից Ղարաչինարի ուղղությունը պաշտպանող հայկական զորքերը լուրջ դիմադրություն ցույց չտվեցին և նահանջեցին։ Դա խարխլեց շրջանի պաշտպանության ամբողջ համակարգը, ինչն էլ հնարավորություն տվեց հակառակորդին արագ գրավել Շահումյանը և ընդամենը երկու օրում՝ նաև համանուն շրջանն ամբողջությամբ»։
Շահումյանի շրջանի հետ կապված մարտական գործողություններում կարևոր առանձնահատկություն էր պարտիզանական պատերազմի ծավալումը բռնազավթված տարածքում, ինչի մասին նախ հայտարարել էին շրջանի ինքնապաշտպանության հրամանատարները, ապա ԼՂՀ ԳԽ նախագահությունը։
Ինչ վերաբերում էր Մարտակերտի շրջանին, ապա այստեղ ևս ուժերի ու միջոցների քանակն անբավարար էր։ Ըստ ԻՊՈՒ նախկին հրամանատարի՝ «Հունիսի 15-ին հակառակորդն սկսեց գրոհը Մարտակերտի ուղղությամբ։ Այդ ժամանակ շրջանը պաշտպանում էին մի քանի ջոկատներ, ընդհանուր առմամբ՝ 1136 մարդ, որոնք բաշխված էին երեք հիմնական ուղղություններով՝ 383 մարտիկ՝ արևմտյան (Քարվաճառի), 371-ը՝ հյուսիսարևելյան և 382-ը՝ հարավարևմտյան ուղղություններով։ Հայկական ջոկատներն ունեին 6 տանկ, 4 ՀՄՄ, 1 զրահամեքենա։ Ընդ որում՝ տանկային փորձառու անձնակազմերն ընդամենը երեքն էին, որոնց շուտով միացան ևս երկուսը։ Հակատանկային զենքերից կար «Ֆագոտ» տեսակի չորս հակատանկային կառավարելի հրթիռ (ՀԿՀ), ինչպես նաև ձեռքի և հաստոցային նռնականետեր։ Հրետանին ներկայացված էր երեք Դ-30 հաուբիցներով և ԿՍ-19 երկու թնդանոթներով»։
Ստեղծվել էր վտանգավոր իրավիճակ, որը գեներալ-մայոր Ա. Տեր-Թադևոսյանը գնահատում է այսպես. «Հունիսի 17-ին զոհվեցին Մարտակերտի շրջանի պաշտպանության պատասխանատու Վագիֆ Գալստյանը և Հատուկ գնդի հրամանատար Վլադիմիր Կարապետյանը։ Այդ ընթացքում շրջանը պաշտպանող ջոկատներում ծանր բարոյահոգեբանական վիճակ էր տիրում։ Դա բացատրվում էր հետևյալ հանգամանքներով. հայկական ջոկատներն առաջին անգամ էին ենթարկվում հակառակորդի այդքան հզոր հարձակման, որի արդյունքում համեմատաբար մեծ կորուստներ էին կրում։ Նրանց վրա ծանր ազդեցություն էր գործել հակառակորդի կողմից Շահումյանի շրջանի գրավումը և շահումյանցի փախստականների վիճակը, որոնք Մարտակերտով շարժվում էին դեպի Ստեփանակերտ»։
Նման իրավիճակում ԻՊՈՒ հրամանատարը որոշում է անձամբ ղեկավարել Մարտակերտի ռազմաճակատը. «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունը՝ հունիսի 18-ին ես մեկնեցի Մարտակերտ՝ շրջանի պաշտպանությունը կազմակերպելու համար։ Շուտով Մարտակերտի շրջանի պաշտպանությունը համակարգելու նպատակով չորս սպաների հետ միասին այստեղ ժամանեց նաև գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանը։ Փորձառու կադրային սպաների ժամանումը հնարավորություն տվեց նշանակալի կերպով բարելավել դաշտային շտաբի աշխատանքը և վստահություն հաղորդեց ջոկատների հրամանատարներին»։
Ներկայացնելով Մարտակերտի ռազմաճակատում օպերատիվ-մարտավարական իրադրությունը՝ գեներալ-մայոր Ա. Տեր-Թադևոսյանն առանձնացրել է հետևյալ յուրահատուկ կողմերը. «Հակառակորդը, գիտակցելով իր գերազանցությունը կենդանի ուժի և միջոցների հարցում, համառորեն փորձում էր ճեղքել ռազմաճակատը՝ այդ նպատակով օգտագործելով փորձառու վարձկան անձնակազմեր ունեցող զրահատեխնիկան»։
Զրահատանկային ուժերով ճեղքումների մարտավարությունից բացի՝ հակառակորդը լայնորեն օգտվում էր իր օդային գերակայությունից։ Այդ և, մասնավորապես, օդուժի մարտավարության մասին ԻՊՈՒ նախկին հրամանատարը գրում է. «Հակառակորդի գրոհին աջակցում էր ավիացիան։ Ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների անձնակազմերը նույնպես կազմված էին հմուտ վարձկան-օդաչուներից։ Իսկ մենք Մարտակերտի ուղղությունում ՀՕՊ միջոցներից ունեինք մի քանի «Ստրելա 2Ծ» շարժական զենիթահրթիռային համալիրներ և երեք «ԶՈՒ-23-2» զենիթային կայանքներ, որոնք չէին կարող էական վնաս հասցնել հակառակորդի օդուժին։ Հայկական դիրքերի վրա օդային գրոհի ժամանակ հակառակորդը, որպես կանոն, օգտագործում էր մի զույգ ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռ, որին, դարձյալ զույգերով, հետևում էին Լ-29 ուսումնամարտական ինքնաթիռները կամ Մի-24 հարվածային ուղղաթիռները»։
Ռազմաճակատի պաշտպանությանը խանգարող գործոններից ԻՊՈՒ նախկին հրամանատարն առանձնացրել է հետևյալ հանգամանքները. «Թեև հակառակորդը նշանակալիորեն գերազանցում էր կենդանի ուժի և զրահատեխնիկայի հարցում, ինչպես նաև լիակատար տիրապետում էր օդում, հայկական ջոկատները 19 օր դիմակայեցին հակառակորդի կատաղի հարձակմանը։ Սակայն կորուստներ կրելով, այդ թվում՝ նաև հրամանատարական կազմից, սկսեցին առանց հրամանի, մեկը մյուսի հետևից թողնել մարտական դիրքերը։ 1992թ. հուլիսի 4-ի դրությամբ Մարտակերտը պաշտպանում էին ընդամենը 42 հոգի ընդհանուր թվակազմով երեք փոքր ջոկատներ, որոնք այլևս ի վիճակի չէին դիմակայել հակառակորդի ճնշմանը»։ Հակառակորդի հաջողությունը զարգացնելու համար վճռորոշ նշանակություն ունեցավ 1992թ. օգոստոսի 6-ին և 12-ին Քարվաճառից ձեռնարկած հարձակումը։
Շահումյանի և Մարտակերտի շրջաններում պաշտպանության ձախողումների պատճառները մի շարք տեսանկյուններից դիտարկել ենք մեր ուսումնասիրություններում։ Մեր թեմայի շրջանակներում առանձնակի կարևորություն են ներկայացնում ռազմական բնույթի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնց վերստին անդրադառնալը պահանջված է մանավանդ 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զավթիչների ու միջազգային ահաբեկիչների համատեղ ագրեսիայի աղետալի հետևանքների համապատկերում։
Շարունակությունը՝
հաջորդ համարում։
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պ. գ. թ. , դոցենտ