ՍԻՐԻԱ-ԴԵՐ ԶՈՐ-ԱՐՑԱԽ. ՖՐԱՆՍԱՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ «ԼՌՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ»
Անցյալը ցույց տալու համար նա ընտրել է ներկան հավերժացնելու տարբերակը։ Արցախում էր 44-օրյա պատերազմի օրերին, համագործակցում էր 2 միլիոն ընթերցող ունեցող «Le Figaro Magazine» թերթի հետ և իր լուսանկարներով պատմում աշխարհին իրականությունը։ 30 տարուց ի վեր իրեն լուսանկարչական արվեստին նվիրած մեր հայրենակիցը պատերազմներ է լուսաբանել նաև Սիրիայում և Իրաքում՝ ամենուր փնտրելով ու վավերագրելով իր ազգային հիշողությունը։
Մեր ճեպազրույցը ֆրանսահայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող Անտուան ԱԳՈՒՋՅԱՆԻ հետ։
-Պարոն Ագուջյան, Դուք Արցախում էիք 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ի՞նչ զգացողություններ էին ուղեկցում Ձեզ այդ օրերին։
-Ցեղասպանության մղձավանջն ապրելու տարօրինակ զգացողություն ունեի՝ 1915 թվականը վերապրած տատիկներիս ու պապիկներիս նկարագրած դրվագներով։
-Արցախում պատերազմը լուսաբանելու որոշումն ինչպե՞ս կայացրիք։
-Լուսանկարչական աշխատանքս սկսել եմ 1988-ին Սպիտակի երկրաշարժի օրերին և այդ ժամանակից ի վեր շարունակել եմ կառուցել այս «հուշահամալիրը» Արցախում և Ջավախքում, այնուհետև Թուրքիայի արևելքում՝ նախկին Օսմանյան կայսրությունում, որտեղ շատ մեծ են հայկական հետքն ու հիշողությունը։ Դժվար է մարտի դաշտում, ուր այդուհանդերձ, ես հայտնվում եմ առանց վարանելու։ Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում Արցախում էի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 20-ը։ Այդ օրերին ինձ ակնհայտ դարձավ, որ պիտի քայլեմ ինքնության ու պատմական հիշողության հետքերով՝ իմ պատմությունը կառուցելու համար, և լուսանկարներս ներկայացնում են իմ արտիստիկ ուղերձը։ Ավելի երկար պիտի մնայի Արցախում. տեսախցիկները վնասվել էին։
-Ի՞նչը երբեք չեք մոռանա Արցախում կամ ի՞նչը կառանձնացնեիք՝ որպես «Մի լուսանկարի պատմություն»։
-Հայրենի հողի կորուստն ապրեցի։ Մինչև նոյեմբերի 3-4-ը, չնայած ռմբակոծություններին, ամեն օր գնում էի Շուշի՝ Ղազանչեցոցում մոմ վառելու։ Նման հնարավորություն այլևս չունենալն ամենացավալին էր։
Շատ լուսանկարներ կան, որ կարևոր են ինձ համար։ Առանձնահատուկ է գնդապետ Արթուր Սարգսյանի լուսանկարը։ Հաճախ էինք միասին լինում։ Ռումբերի տակ գնացինք Մարտակերտ, Գանձասարում գիշերեցինք։ Հաջորդ օրը Ստեփանակերտում էինք։ Մարտունի պետք է գնայինք։ Ռազմական կենտրոնում ժամերով սպասեցի նրան... չեկավ... Զոհվեց Մարտունիում։
-Ինչո՞վ պիտի գրավի Ձեզ պատմությունը։
-Պատմությունը փոխանցվում է վավերագրածի հիշողությունով։
-Թեմաներ, որոնց երբեք չեք անդրադառնա։
-Ինձ համար արգելքներ չկան։ Ցանկացած իրավիճակում կնկարեմ, չնայած երբեմն շատ դժվար է։
-Սիրելի լուսանկարները հիշողություն պիտի արթնացնեն...
-Պատկերներն արթնացնում են իմ հիշողության ժառանգությունը։ Նկարում եմ այն, ինչն իմ մեջ է, իմ ժառանգությունը...
-... Ձեր նպատակը։
-Հայոց պատմությունը համամարդկային է, և լուսանկարչությունն այն արթնացնելու իդեալական միջոց է։ Նպատակս լուսանկարչությամբ հիշողություններ փոխանցելն է։ Անցյալը հիշեցնելու համար ընտրել եմ ներկան ցույց տալու տարբերակը։
-Ե՞րբ է հասունանում լուսանկարելու պահը։
-Ամբողջ ժամանակ։ Լուսանկարչությունն ինքնին արվեստ է։
-Երևակայականը գերազանցու՞մ է իրականին, թե՞...
-Երևակայականն իշխում է ամեն ինչում, կյանքիս մեջ նույնիսկ։ Ոտքերս, կարծես, գետնին չեն։ Ես հետաքրքրված եմ այն ամենով, ինչ գեղեցիկ է ներքուստ։ Հայկական ժառանգությունն իմ մեջ ստեղծեց մի աշխարհ՝ երևակայական... այն միակն է, որ իշխում է ինձ։
Հ. Գ. Երևանում օրերս բացվել է Անտուան Ագուջյանի «Լռության ճիչը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը։
Զրույցը՝
Լուսինե ՇԱԴՅԱՆԻ