ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԵԿԱՄՏԻ ԿԱՐԵՎՈՐ ԱՂԲՅՈՒՐ
Ամերիկահայ Ալեքս Գրիգորյանի ընտանիքի ֆինանսավորմամբ՝ «Արարատ» բարեգործական միության կողմից Մարտունու քաղաքամերձ տարածքում՝ 200քառ. մ մակերեսով կառուցվել է հինգ ջերմոցային տնտեսություն, որը տրամադրվել է հակառակորդի հսկողության տակ անցած համայնքներից տեղահանված և Մարտունի քաղաքում վերաբնակեցված ընտանիքներին:
Օրերս հանդիպեցինք տնտեսությամբ զբաղվողների հետ, ովքեր պատմեցին ջերմոցների ներկա վիճակի ու իրենց հետագա ծրագրերի մասին: Նրանց համար սա առաջին փորձն է: Քանի որ ջերմոցներում ջեռուցում չկա՝ ձմռան շրջանում չեն կարողանում լոլիկ, վարունգ, բիբար աճեցնել, փոխարենն ամբողջ ձմեռ ապահովում են թարմ կանաչին և ամսաբողկը:
Մարտունու շրջանի Ջիվանի գյուղից տեղահանված և Մարտունիում վերաբնակեցված Սամվել Ավանեսովը ջերմոցն օգտագործում է 2021թ․ դեկտեմբերից: Ձմռան շրջանում կանաչեղեն է աճեցրել, հետո՝ լոբի, այժմ՝ լոլիկ, բիբար, վարունգ: Արդյունքից գոհ է, միայն թե տարածքն է փոքր։ Ինչպես ինքն է նշում՝ ջերմոցից շատ մեծ եկամուտ չի ստանում, բայց գոհ է, հերիքում է իր բազմանդամ ընտանիքին: «Այս ջերմոց ինչքան ընկեր, բարեկամ է մտել, դատարկաձեռն չեմ ճամփել, բոլորի հետ կիսվել եմ իմ ունեցածով: Այսօր սա եմ կարողանում՝ սա եմ անում»,- նշում է Սամվելը։ Առաջին տարին է, դեռ չի հմտացել մշակության մեջ, բայց վստահ է, որ փորձով կավելացնի իր գիտելիքները: Նպատակ ունի հետագայում ամբողջ ջերմոցում ելակ աճեցնել:
Նվեր Հարությունյանը Հադրութի շրջանի Մեխակավան գյուղից է: Ջերմոցային տնտեսության մշակության մեջ անփորձ լինելով՝ խորհրդակցել է փորձառու մարդկանց հետ և կարողացել է յուրացնել մշակման գաղտնիքները: Գոհ է, իրացման խնդիր չունի: Նվերը 4 երեխայի հայր է:
Հադրութից տեղահանված Կարո Միրզոյանը փրկարար ծառայությունում էր աշխատում: Վերաբնակվելով Մարտունի քաղաքում՝ հոր հետ հողատարածք են վերցրել, սկսել բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվել, ու հաջողել են: Այս փաստը ոգեշնչել է նրանց, որոշել են զբաղվել նաև ջերմոցային տնտեսությամբ: Սեփական միջոցներով են ջերմոցը ջեռուցում՝ փայտով: Ձմռան շրջանում լոբի են աճեցրել, վարունգ, լոլիկ, որն իրացնելով՝ փակել են ջեռուցման ծախսերը: Մի փոքր տարածքում ելակ են աճեցրել, ճիշտ է, վաճառքի համար քիչ է, բայց ընտանիքին բավարարում է: Լոլիկի նոր սածիլներ է դրել, բերքը կհավաքի ձմռանը: Սածիլներն աճեցրել է անձամբ, լոլիկի 4 տեսակի սերմերը պատվիրել է Ռուսաստանից:
Թոշակառու զինվորական սպա Մհեր Գրիգորյանը Զորավանից է, ջերմոցային տնտեսությամբ զբաղվում է առաջին անգամ: Դեռ փորձ չունի, բայց սիրով է կատարում իր աշխատանքը, նպատակ ունի շարունակել և ավելի հմտանալ:
Լուսինե ԴԱՇՅԱՆ