1992թ. ԱՄԱՌԱՅԻՆ ՌԱԶՄԱՐՇԱՎԻ ԴԱՍԵՐԸ
(Սկիզբը՝ «ԱԱ» 22)
Պետք է խոստովանել, որ հունիսի 12-ի (1992թ.) ռազմական գործողությունները հակառակորդը կազմակերպել ու անցկացրել է հիմնավոր և գրագետ։ Մարտակերտի շրջանի Թալիշ, Մարաղա, Չայլու գյուղերի ինտենսիվ հրթիռահրետակոծություններով և Կիչան-Խաչենագետի կամուրջ ռազմավարական գծով ձեռնարկված հարձակմամբ Շահումյանի շրջանը լրիվությամբ մեկուսացվեց Մարտակերտի շրջանից, իսկ Մարտակերտն էլ՝ Ստեփանակերտից։ Ասկերանի ռազմավարական ուղղությամբ հարձակումը և Սառնաղբյուր, Վարազաբուն, Վարդաձոր, Նախիջևանիկ ու Դահրազ գյուղերի զավթումը անմիջական սպառնալիք էին ստեղծել մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի համար, բնականաբար, գրավելով ԻՊՈՒ հրամանատարության ուշադրությունը։ Ուստի, երիցս սխալվում են նրանք, ովքեր պնդում են, թե ռազմական օգնությունը դիտավորյալ չի հասցվել Շահումյանի պաշտպաններին։ Շուտափույթ ռազմական օգնություն ակնկալելը, կարծում ենք, որ անիրական էր ոչ միայն տեխնիկական (հեռավորության, կարճ ժամկետում այդ առաքումը կազմակերպելու անհնարինության հաշվառմամբ), այլև, ընդհանրապես, հասունացող ներքաղաքական ճգնաժամի պատճառներով։ Քաղաքական երկատվածությունը պետք է որ խանգարեր արագ ու ճիշտ կողմնորոշվելուն։ Դժկամություն եթե կար էլ, ապա չպետք է ամեն ինչ պայմանավորել դրանով։
Ինչ վերաբերում է ԼՂՀ ԻՊՈՒ շտաբի կողմից անհրաժեշտ օգնությունը չհասցնելու խնդրին, ապա հանուն ճշմարտության պետք է ասել, որ նման հնարավորություն, ընդհանրապես, չկար, քանզի առկա սուղ պաշարները բաշխվել էին շրջաններին կամ տրամադրվել ռազմաճակատի ամենավտանգավոր տեղամասերին։ Ի դեպ, մի ուշագրավ հաղորդագրություն գալիս է հաստատելու այդ միտքը։ Այսպես, 1992թ. հունիսի 11-ի ժամը 00։25-ին Շահումյանից Շ. Մեղրյանը դիմեց Ա. Տեր-Թադևոսյանին ու Ս. Սագսյանին. ՙԽնդրվում է հայտնել ռազմագործողության ժամանակ տեխնիկայով աջակցելու հնարավորության մասին՚։ Ժամը 00.30-ին տրվում է պատասխանը. ՙՇահումյան։ Շահենին։ Ամբողջ տեխնիկան օժանդակելու նպատակով ուղարկված ու ներգրավված է շրջաններում, պաշտպանական տեղամասերում։ Տեխնիկայով օգնելու հնարավորություն չկա։ Արկադի՚։
Երբ խոսք է գնում ինչ-որ խոստացված, բայց չուղարկված տանկերի մասին, ապա պարզ չկամության կողքին հարկ է դնել նաև այդ տեխնիկան շահագործելու ընդունակ մասնագետների առկայության գործոնը։ Այն փաստը, որ հունիսի 15-ից սկսած զինկոմիսարիատներ էին հրավիրվում ռազմական տեխնիկայի, հատկապես տանկերի մասնագետներ, վկայում է տեխնիկային տիրապետողների սուր պահանջարկի մասին։
Հարկ է նշել, որ տարանջատ ջոկատներով ու թույլ զինվածությամբ դժվար էր կասեցնել բանակային մեծածավալ օպերացիան, համազորային մարտի բոլոր կանոններով առաջնորդվող և ժամանակակից զենքերով ու զինտեխնիկայով հագեցված զորքին։
Կանոնավոր բանակի, միասնական հրամանատարության բացակայությունը, նամանավանդ՝ Մարտակերտում, ունեցան իրենց աղետալի, ողբերգական հետևանքները։
Շ. Մեղրյանին մեղադրել դավաճանության մեջ՝ անհեթեթություն է։ Ինչ խոսք, որպես շրջանի հրամանատար, նա էր պատասխանատու պաշտպանության, բնակչության անվտանգության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, իրադրության սրման վերաբերյալ վերադասին զեկուցելու համար։ Մի քանի հեղինակների այն պնդումը, թե ագրեսիայի նախօրեին հետախուզությունը ոչ մի արտասովոր շարժում ու փոփոխություն հակառակորդի դասավորության առաջնագծում չի նկատել, առնվազն տարօրինակ է։ Դա այն դեպքում, որ արդեն իսկ հունիսի 8-ին ԻՊՈՒ ղեկավարությունը հաղորդում էր Միր-Բաշիրում, Փափրավենդում և այլուր թշնամական ուժերի կուտակման մասին։ Ճակատագրական թերացումն այն էր, որ հետախուզությունը բավարարվեց սոսկ Գետաշենի ենթաշրջանում առկա հակառակորդի կենդանի ուժի ու միջոցների մասին տեղեկություններ ստանալով։
Ի դեպ, խոսելով շրջանի ԻՊՈՒ հրամանատարության և Շ. Մեղրյանի թերացումների մասին, հարկ է անպայման ընդգծել, որ շրջանի պաշտպանությունը սկսվում ու վերջանում էր սահմանագծով։ Երկրորդ և երրորդ գիծ, որպես այդպիսին, չկար։ Այնինչ, պաշտպանական բնագիծ պետք է ունենար յուրաքանչյուր բնակավայր՝ վերածվելով ամրացված շրջանի կամ ամրակետի, այսինքն՝ հանդիսանալով դիմադրության օջախ։ Շահումյանում դիմադրության կազմակերպման դժվարություններից կարելի է համարել զանգվածաբար դուրս եկող (տեղահանվող) բնակչության գործոնը ու նրա անվտանգության, հնարավորինս քիչ կորուստներով դուրս բերելու մտահոգությունը, ինչը, բնականաբար, կաթվածահար էր արել շրջանի պաշտպանությունը։ Հակառակորդը նպատակային, հետևողականորեն և անխնա հրետակոծում կամ ռմբակոծում էր ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլ նաև փախստականների կուտակման, ժամանակավոր կանգառի վայրերը, քարավանները։ Դա ավելի էր ուժեղացնում խուճապը, կամազրկում և ուժասպառ անում վտանգի ենթարկված ընտանիքի պաշտպանին։
Թշնամու հաջողության գործոններից կարելի է համարել ուժեղ քարոզչությունը և լրատվական ճակատում նախաձեռնությունը վերցնելը։ Ագրեսիա իրագործող կողմը բազմակողմանիորեն լրատվական քողարկում էր կատարել, հայ գրոհայինների սպառնալի կերպարն էր ստեղծել և այն տպավորությունը, թե իբր ադրբեջանցի զինյալները միայն ստիպված են հարձակվում գրոհայիններին կանխելու համար։ «Ադրբեջանցիները Մոսկվայում հայտարարեցին, թե իրենց այս աննախադեպ արշավանքը պատասխանն է հայերի այն պատրաստություններին, որոնց նպատակն էր գրավել Ֆիզուլի, Աղդամ, Թարթառ ու Ղազախ քաղաքները»,- հաղորդում էր ռուս հաղորդավարը։
Ասես, ի հաստատումն այն ասեկոսեների, թե Լաչինի միջանցքը հակառակորդը փորձում էր օգտագործել ուժեղ ճնշումով արցախցիներին Հայաստան դուրս մղելու նպատակով, Ադրբեջանի լրատվամիջոցները Մոսկվայից լուրեր էին տարածում, թե վաղուց փակած կլինեին այն, բայց սպասում են միջանցքով հայերի հեռանալուն։ Այսպես, Ադրբեջանի ուժային նախարարներից մեկը՝ Ի. Համիդովը, հունիսի 18-ի իր հայտարարությունում պնդում էր, թե հիմա էլ կարող են վերանվաճել Լաչինը, սակայն դա հետաձգում են, որ բաց ճանապարհով հայկական ռազմական ուժերը հեռանան «Ղարաբաղի լեռնային մասից»։
ԻՊՈՒ նախկին հրամանատար, գեներալ-մայոր Ա. Տեր-Թադևոսյանը շարադրել է 1992թ. հունիս-հուլիսին Շահումյանի և Մարտակերտի շրջաններում հայկական Ինքնապաշտպանության ուժերի պարտության հիմնական պատճառները.
«1. Զինված ուժերի ստեղծման դանդաղումը։ Թեև 1990 թվականից բոլորի համար ակնհայտ էր ԶՈՒ կազմավորման անհրաժեշտությունը (առաջին հերթին՝ խոշոր ռազմական կազմավորումների ստեղծումը, դրանք այդպես էլ չէին կազմավորվել)։ Դա բացատրվում էր տնտեսական ծանր կացությամբ, որն այդ ժամանակ ստեղծվել էր հանրապետությունում, և երկրի ղեկավարությունը դրա համար անհրաժեշտ ֆինանսական հնարավորություններ չուներ։ 1990թ. դրությամբ ստեղծվել էր ընդամենը մեկ կանոնավոր զորամաս՝ Հատուկ գունդը։ Դրա պատճառով, երբ 1992թ. հունիսին սկսվեց պատերազմի նոր փուլը, և ռազմական գործողությունները ծավալվում էին արդեն ռազմարվեստի բոլոր կանոնների համաձայն, հայկական կամավորական ջոկատներն այլևս ի վիճակի չէին դիմակայել Ադրբեջանի ԶՈՒ կանոնավոր զորամասերի խոշորածավալ հարձակումներին, որոնք պաշտպանությունը ճեղքելու համար փորձառու վարձկան անձնակազմերով զրահատեխնիկա էին կիրառում։ Ո'չ Հայաստանի Հանրապետությունում, ո'չ էլ Արցախում չկային բավարար թվով կանոնավոր զորամասեր, որոնց կարելի էր տեղափոխել ռազմաճակատի այն հատվածը, ուր ճեղքման վտանգ կար։ 2. Հայաստանի առաջատար կուսակցությունների միջև քաղաքական կոշտ դիմակայությունը, որն ավելի էր ուժեղացել Շուշիի ազատագրումից հետո։ Քաղաքական ուժերի հակամարտությունն անդրադառնում էր ջոկատների փոխհարաբերությունների և բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։ Շուշիի ազատագրումից և Լաչինի միջանցքի բացումից հետո ստեղծված էյֆորիկ վիճակը, որի արդյունքում կտրուկ ընկավ զորքերի կարգապահությունը։ Ժողովրդին և նույնիսկ հրամանատարական կազմի մի մասին թվում էր, թե պատերազմն ավարտված է, և շատ կամավորական ջոկատներ վերադարձան տուն։ Հաճախակի դարձան զենքերի գողության դեպքերը։
3. Հետախուզության թերացումները։ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը ժամանակին չէր ստացել հետախուզական տվյալներն այն մասին, որ հակառակորդը լայնածավալ հարձակում է նախապատրաստում՝ 4-րդ բանակի Կիրովաբադում տեղակայված 23-րդ դիվիզիայի նախկին զինծառայողներով համալրված տանկային փորձառու անձնակազմերի ընդգրկմամբ։ Սույն փաստը կարելի է գնահատել որպես թե' ռազմական և թե' քաղաքական հետախուզության խոշոր թերացում։
4. Մարտական ոգու անկումը և խուճապը։ Շահումյանի և մասամբ Մարտակերտի քաղաքացիական բնակչության տեղահանությունը և դեպի Ստեփանակերտ շարժվելը հանգեցրին նրան, որ տեղացի մարտիկները և նույնիսկ այդ շրջանի ամբողջ ջոկատներ հետևեցին իրենց ընտանիքներին և դադարեցին պաշտպանել Մարտակերտի շրջանը։
5. Օգնության բացակայությունը։ Մարտակերտի պաշտպանության հրամանատարությունն անհրաժեշտ օգնությունը չստացավ։ 1992թ. փետրվարին Ստեփանակերտում ստեղծված և Շուշիի ազատագրմանը մասնակցած Ինքնապաշտպանության վաշտերից Մարտակերտի շրջանի պաշտպանությանը, մինչև նրա անկումը (1992 թ. հուլիսի 4), մասնակցում էր միայն Աշոտ Ղուլյանի վաշտը»։
Հուսանք, որ սույն ուսումնասիրության արդյունքներն օգտակար կլինեն մեր երկրի պաշպանական ու անվտանգային ռազմավարության մշակման և դրա արդյունավետ իրականացման համար։
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պ. գ. թ. , դոցենտ