[ARM]     [RUS]     [ENG]

«ՀԱՅ ՇԻՆԱՐԱՐԸ ՄԻՇՏ ԿԱՌՈՒՑԵԼ Է ԵՎ ՊԻՏԻ՜ ԿԱՌՈՒՑԻ»

Ամեն տարի Արցախում օգոստոս ամսվա երկրորդ կիրակին նշվում է որպես Շինարարի օր։ Տոնն այդ ինքնանպատակ չէ. շինարարն ամենախաղաղարար մասնագիտություններից է: Այն ձեռնոց է նետում ժամանակակից պայթյունավտանգ աշխարհին՝ ավերումի դեմ կառուցում, ամայացման դեմ՝ շենացում։ Հիրավի, այս խոսքն առավել քան տեղին է հայ շինարարի համար, որը մեր ժողովրդի պատմության տարբեր դժվարին ժամանակահատվածներում կառուցելով է պայքարել։ Կառուցել է և հաղթել։

Այսօր էլ շինարարության ոլորտը հանդիսանում է մեր հանրապետության կենսագործունեության գերակա ուղղություններից մեկը, և այն, որ Արցախն արդեն իսկ դարձել է բարետես ու բարեկարգ՝ իրեն պարտադրված բոլոր պատերազմներից հետո, նաև շինարարների տքնաջան աշխատանքի արդյունքն է։ Նրանցից մեկն էլ Վալերի ՔԱՄԱԼՅԱՆՆ է, ով Արցախյան առաջին պատերազմից հետո՝ հիմնադրելով «Նարեկ» սահմանափակ պատասխանատվությամբ շինարարական ընկերությունը, տասնամյակներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալում Արցախի շինարարության բնագավառում՝ հեղինակելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության բազմաթիվ կառույցներ։

Մարդկային արժանիքները բնութագրելիս փորձում ես ընտրել լավագույն խոսք, բնորոշիչ արտահայտություններ, սակայն երբեմն զգում ես, որ բառերը չեն կարող նկարագրել մարդու ողջ կերպարն ու առանձնահատկությունները... և ահա այստեղ է, որ օգնության է հասնում դասականը. «Մարդու գործն է միշտ անմահ»...

Ավարտելով Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի արդյունաբերության և քաղաքաշինության բաժինը, 1984 թվականին Վալերի Քամալյանն աշխատանքի է անցել Ստեփանակերտի «Տրեստ հ.9» շինարարական ձեռնարկությունում՝ որպես գլխավոր ինժեներ, այնուհետև՝ շինարարության բաժնի պետ՝ մինչև 1990 թվականը։ Այդ ընթացքում կառուցվել և շահագործման են հանձնվել արտադրական, հասարակական, բնակելի և տարբեր նշանակության մի շարք կառույցներ, որոնցից են «Ռեմբատ»-ը, բնակելի մի քանի շենքեր Հեքիմյան և Սասունցի Դավիթ փողոցներում։

Երբ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը, Վ. Քամալյանը ծառայության անցավ ՊԲ հրետանային զորամասում՝ առանձին հետախուզական դիվիզիոնում։ 1994-ին «զինադադարից հետո, որպես պահեստազորի սպա զորացրվեց և կրկին անցավ շինարարական աշխատանքի։ Այդ օրվանից մեկնարկեցին բազմաթիվ ծրագրեր ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ Արցախի մյուս բնակավայրերում։ Տվյալների վիճակագրությունը բավականին հետաքրքիր է. ալրաղաց՝ Բերքաձորում, քարի մշակման արտադրամաս՝ Այգեստան տանող ճանապարհին, գյուղական մի շարք բնակավայրերում գազատարի հետ կապված օբյեկտներ՝ Հադրութից Կարմիր շուկա տանող ճանապարհահատվածի, Շեխեր գյուղի կամրջի կառուցում, ԱՀ կառավարության շենքի հիմնանորոգում: Ամենից խոշոր ծրագիրը եղել է Թրղե գետի հոսքի տեղափոխումը Սարսանգի ջրամբար։ Բացի այդ, 2004թ. Լինսի հիմնադրամի կողմից հայտարարված տենդերով «Նարեկ» ՍՊԸ-ն Ալավերդի քաղաքում երկու խոշոր կամուրջ է կառուցել։

Վաստակաշատ շինարարն անթաքույց հպարտությամբ է ներկայացնում հատկապես 2002 թվականից հետո իր ղեկավարած շինարարական կազմակերպության կառուցած օբյեկտները. 6 դպրոց՝ ընդ որում՝ Շոշի, Մատաղիսի, Ուղտասարի կրթօջախները հիմքից են կառուցվել։ Ներկայում ավարտման փուլում են Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի կրթօջախի հիմնանորոգման և կցակառույցի շինարարարական աշխատանքները։ Մատաղիսի և Ուղտասարի դպրոցների կառուցման մանրամասների մասին խոսելիս նա ցույց տվեց դրանց լուսանկարներն ու չկարողանալով զսպել հուզմունքն ասաց. «Գիտե՞ք ինչքան հրաշալի ու տիպային շենքեր էին... Ինչպես հարազատ մարդուն կորցնես՝ այդ զգացողությունն ունեի, երբ իմացա, որ այդ կրթօջախները պետք է մնան թշնամուն։ Պատկերացնում եմ, թե ինչպիսի ցավ են ապրել նաև սփյուռաքահայ մեր բարերարները... Հատկապես Տորոնտոյի հայ համայնքի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը, ով երեխայի պես ուրախանում էր ամեն մի օբյեկտ՝ լինի դա դպրոց, մանկապարտեզ, համայնքային կենտրոն և այլն, շահագործման հանձնելիս... Նա մեծատառով Հայ է, մինչև ուղնուծուծը՝ հայրենասեր։ Ավելի քան երկու տասնյակ տարի նրա հետ համագործակցելով բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, որոնց թվում նաև ջրատարների կառուցումն է։ Վերջին ջրատարը Դադիվանք գյուղի համար էր. ծրագիրն արդեն ավարտման փուլում էր, երբ Քարվաճառն անցավ թշնամուն...»։

Հիրավի, Արցախն այսօր վեր է ածվել խոշոր շինհրապարակի՝ և մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում երկրում ընթացող շինարարությունը փորձառու շինարարն ասաց. «Ողջունելի երևույթ է։ Երբ երկրում բավականին կապիտալ շինարարություն է կատարվում՝ նշանակում է տվյալ երկրում զարգացման ռիթմն առկա է։ Մեր ժողովուրդը դարեր ի վեր աչքի է ընկել իր ստեղծարար աշխատանքով, միշտ կառուցել ու շենացրել է հայրենի օջախն ու երկիրը: Նրա հազարամյակներ առաջ կառուցած ամրոցներն ու կամուրջները, հոգևոր ու ռազմական նշանակության կառույցներն այսօր էլ հիացնում են արարողի վարպետությամբ։ Վարպետներ, որոնք իրենց փորձն ու գիտելիքները սերնդեսերունդ փոխանցելով` ստեղծել են մնայուն արժեքներ»։ Վ. Քամալյանը մի առանձին պատկառանքով է նշում Արցախի շինարարության բնագավառում մեծ ավանդ ունեցած՝ երջանկահիշատակ Մակիչ Բեգյանի անունը։ Մարդ, շինարար, ով վայելում էր ժողովրդի հարգանքը։ Ինքը՝ Վ. Քամալյանը, նրա կազմակերպչական ձիրքն է ընդօրինակել։ Պետականորեն նշվող տոնն էլ, ըստ Քամալյանի, առիթ է հիշելու շինարարների այն սերնդին, ովքեր հիմքից են կառուցել մեր քաղաքը, շենացրել արդյունաբերական, մշակութային, ուսումնական, առողջապահական, կենցաղային նշանակության կառույցներով ու ճանապարհներով։

Յուրաքանչյուր շենքի, օբյեկտի կառուցում Վալերի Քամալյանի համար նման է մի նոր երեխայի ծննդի։ Չի թաքցնում. շինարարությունը նաև շահութաբեր գործ է։ Ուրախ է, որ այսօր այն հետաքրքրում է երիտասարդներին։ Խնդիրը, սակայն, աշխատուժն է. որմնադիրի և, ընդհանրապես, բանվորի պակաս կա։ Ոչ վաղ անցյալում պրոֆտեխուսումնարաններն արհեստավորներ էին պատրաստում, իսկ այսօր բոլորը կարծես ձգտում են տնտեսագետներ, իրավաբաններ դառնալ։ Ինչ վերաբերում է շինարարության որակին ու ժամկետների պահպանման հետ կապված հարցերին՝ այդ առումով հմուտ շինարարի գնահատականը նույնպես դրական է. Արցախում նշված ոլորտը կայացած է։

Երկրի իշխանությունները բարձր են գնահատել և շարունակում են արժևորել Վալերի Քամալյանի ավանդը՝ շինարարության բնագավառում։ Երկարամյա գործունեության ընթացքում նա պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով, ԱՀ վարչապետի հուշամեդալով, բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով, այդ թվում նաև Լինսի հիմնադրամի կողմից։

«Երբ անցնում եմ իմ կառուցած շենքի մոտով՝ ոգևորություն ու հպարտություն եմ զգում։ Այն պետությունը, որտեղ զարգանում է շինարարությունը, առաջընթաց է ապրում։ Եթե երկրում ակտիվ շինարարություն է ընթանում, ակտիվանում են նաև մյուս բնագավառները։ Հայ շինարարը միշտ կառուցել է և պիտի կառուցի։ Մասնագիտական տոնի առթիվ իմ գործընկեր շինարարներին մաղթում եմ ստեղծագործական միտք, անխոնջ աշխատանք, անսահման ներշնչանք, շինարարության աճող ծավալներ և աշխույժ շինհրապարակներ»,- զրույցը եզրափակում է Վալերի Քամալյանը։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ