ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՎԻՐՈՒՄԻ ՄԵՋ Է
Գիշի համայնքի բնակիչ Նվեր Աղաբեկյանը շուրջ 3 հեկտար նռան այգի է մշակում, որը 9 տարի առաջ է հիմնել։ Տարածքը կոլտնտեսությունից սեփականաշնորհված վարելահող էր։ Սկզբից փորձեց այստեղ հացահատիկային մշակաբույսեր ցանել, բայց պարզվեց՝ անբարենպաստ է, որովհետև և՜ դիրքն էր անհարմար, և՜ բերքատվության ցուցանիշն էր շատ ցածր։ Հարցիս՝ ինչու՞ է ընտրությունը կանգնել հենց նռան մշակության վրա՝ պատասխանեց, որ նռան այգու հիմնադրման և մշակության ծախսը համեմատաբար քիչ է։ Այգում այլ մրգատու ծառատեսակներ ևս կան՝ քիչ քանակությամբ։ Բոլոր ծառերը ջրի հանդեպ շատ պահանջկոտ են, իսկ տարածքն անջրդի է. նաև սա պատճառ եղավ հենց նռան այգի հիմնադրելու, որտեղ ունի մի քանի տեսակի նռնենի։ Դեռ մշակության 3-րդ տարում Նվերը քիչ քանակությամբ բերք է ստացել, իսկ լիարժեք՝ արդեն 7-րդ տարում: «35 տոննա բերք եմ ստացել՝ չնայած ավելի շատ էի սպասում։ Իրացումն ինքս եմ կազմակերպել՝ Երևանում։ 2020 թվականին բերքն անհամեմատ շատ էր, բայց չհասցրեցինք հավաքել։ Անցած տարվա ցուցանիշը գոհացուցիչ չէր՝ 30 տոննա բերք եմ վերցրել, բայց չեմ դժգոհում։ Այս տարվա բերքահավաքից էլ մեծ ակնկալիքներ չունեմ՝ մոտ 15 տոննա կլինի։ Նռան համար տարին, ցավոք, բարենպաստ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է վեգետացիոն շրջանում ցրտահարությամբ»,- պատմում է Նվերը։ Այգին աչքի է ընկնում մաքրությամբ ու կոկիկությամբ։ Այգեգործը նշում է, որ ինքն է անհրաժեշտ բոլոր աշխատանքները կատարում՝ ամենօրյա ու քրտնաջան աշխատանքով։ Միայն բերքահավաքի ժամանակ է աշխատուժի օգնությանը դիմում։ Ունի անհրաժեշտ սեփական տեխնիկան, ագրեգատները, որոնց միջոցով դեղեր, թունաքիմիկատներ է սրսկում, կատարում հերկի աշխատանքները
/միջշարային/։ Ինքնուրույն է ուսումնասիրել այս ծառատեսակի լեզուն. փորձառուներին հետևելով, նաև՝ համացանցի օգնությամբ։ Երբ կա ցանկություն՝ անհնար ոչինչ չկա՝ ասում է Նվերը. «2017թ. դիմել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ կաթիլային եղանակով այգու ոռոգումը կազմակերպելու համար աջակցություն ստանալու խնդրանքով։ Բայց այդպես էլ պատասխան չեմ ստացել։ Հիմնադրման օրվանից ոռոգումը կատարում եմ ակոսային եղանակով։ Անցած տարի հենց այգու կողքին պետական միջոցներով ջրամբար է կառուցվել՝ տարածքում գտնվող խաղողայգու ոռոգման նպատակով։ Հիմա արդեն ջուրն այնտեղից եմ ստանում։ Կուզենայի պետաջակցությունից օգտվել՝ կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու համար, բայց իմ այգին նորատունկ չէ, ու առաջարկվող պայմանները՝ համապատասխան 9 տարեկան այգու, ձեռնտու չեն»։ Այգեգործն իր աշխատանքից ու եկամտից գոհ է. ամսական մաքուր մոտ 500 հազ. դրամ գումար է վաստակում. «Խաղաղություն լինի՝ կարողանանք մշակել և իրացնել»։ Հավաստիացնում է. հողի հետ աշխատելով՝ կարելի է ապահով ընտանիք պահել։ «Նաև մեծ առավելությունն ունի՝ ուրիշներից կախում չունես ինքդ մշակում ես, ինքդ իրացնում քո բերքը»,- հավելում է այգեգործը, ում հաջողության գրավականը մեծ ցանկությունն ու սերն են։
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ