ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԹԵՎՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՌԱԶՄԱՐՇԱՎԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(Սկիզբը՝ «ԱԱ» թիվ 30, 31)
Երբեմնի Կարյագինո քաղաքի ազատագրումը
Օգոստոսի 20-ին, ձգտելով բեկում մտցնել մարտական գործողությունների թատերաբեմում, Մարտունու շրջանի ուղղությունում գտնվող թշնամու զորակայանից փորձ արվեց ճեղքել ՊՇ-ի արևելյան պաշտպանական գիծը։ Հայ մարտիկները, կորուստներ պատճառելով հակառակորդին, ստիպեցին թողնել նրա իսկ հենակետերը։ Մարտական գործողությունները շարունակվեցին նաև Հադրութի ՊՇ և Լաչինի (Քաշաթաղի շրջան) ուղղություններում։ Մարտական գործողություններ սկսեցին նաև Մարտունու ՊՇ մյուս ստորաբաժանումները և սրընթաց գրոհով ժամը 20.15-ին տիրեցին 472 նիշով բարձունքին (Քավթառլու) և Աղբուռուն լեռանը։
Նախապատրաստական ձեռնարկումներից հետո, 1993թ. օգոստոսի 22-ին ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանումները հակահարձակման անցան Ֆիզուլի(Վարանդա)-Ջաբրայիլ (Ջրական)-Կուբաթլու (Որոտան) օպերացիոն ուղղություններով։ Հադրութի ՊՇ 13-րդ, 14-րդ, 15-րդ, Մարտունու ՊՇ 21-րդ, 22-րդ ԱՄՀԳ-ին և Հադրութի ՊՇ-ին օգնության եկած 83-րդ Առանձին մոտոհրաձգային բրիգադին (ԱՄՀԲր), ինչպես նաև կենտրոնական ենթակայության ականանետային դիվիզիոնին հաջողվեց նույն օրը մտնել Ֆիզուլի՝ դրանով իսկ լիովին անվտանգ դարձնելով ԼՂՀ արևելյան սահմանները։ Վերոհիշյալ ադրբեջանցի հեղինակը ստիպված է խոստովանել, որ «հակառակորդի ուժերի ճնշման տակ ադրբեջանական 160-րդ գնդի և տեղի բրիգադի զորամասերը հարկադրված էին թողնել Ֆիզուլին և համանուն շրջանը 1.050 քառ.կմ ընդհանուր մակերեսով»։
Զուգահեռաբար ազատագրվեց նաև Սեյիդահմեդլի գյուղի մոտակա 378,7 նիշով բարձունքը։ Կուբաթլուի և Ջաբրայիլի շրջանների միջակայքում շրջապատվեց ադրբեջանական ՙԳորշ գայլեր՚ խմբավորումը և ջախջախվեց։ Գերի հանձնվեց վեց գրոհային։
Մարտական գործողությունների հիմնական թատերաբեմից ՊԲ հրամանատարության ուշադրությունը շեղելու նպատակով թշնամին օգոստոսի 22-ին փորձեց ճեղքել ԻՊՈՒ պաշտպանությունը Օմարի լեռնանցքի ուղղությամբ, բայց, կորուստներ կրելով, հետ շպրտվեց։ Այդուհանդերձ, օգոստոսի 23-ին մարտերը նշված ուղղություններում շարունակվեցին։ Մարտունու ՊՇ ստորաբաժանումները հակառակորդի զինված ուժերից մաքրեցին Կարախանբեյլի մեծ գյուղը և պաշտպանություն բռնեցին գյուղից դուրս։ Նույն օրը վերահսկողություն սահմանվեց Ալխանլը գյուղի մոտակա 236,0 նիշով բարձունքի ու ոչխարապրանքային ֆերմայի (ՈԱՖ), ապա այգիների շրջակայքի վրա։ Մարտունու ՊՇ զրահատեխնիկան մտավ Ալխանլու։ Հայ մարտիկներին հաջողվեց հասնել Վերին Քյուրդմահմուդլու բնակավայրի հենակետերին։ Վերահսկողության տակ առնվեցին նաև Խորովլու բնակավայրը և նրա շրջակա բարձունքները։
Դեռևս օգոստոսի 20-ին Հադրութի շրջանում ազատագրելով Առաքել գյուղը և այդ տեղամասում հակառակորդին ամբողջությամբ հետ շպրտելով ԼՂՀ տարածքից՝ 6-րդ ՊՇ մարտիկները օգոստոսի 23-ին, հյուսիսից և արևմուտքից հակահարձակման անցան Ջաբրայիլի ուղղությամբ։ Միաժամանակ, արևելքից առաջխաղացում սկսեցին 11-րդ, 12-րդ ԱՄՀԳ-ները Դաշքեսան լեռան-Չերեքեն-Խորովլու գծի ուղղությամբ և օրվա վերջում, 61-րդ, 62-րդ, 63-րդ ԱՄՀԳ-ների հետ միասին տիրեցին Ջաբրայիլ քաղաքին։
Կուբաթլուի ուղղությունում Շուշիի ՊՇ ստորաբաժանումներին օգնության հասած ԻՊՈՒ այլ ստորաբաժանումների համագործակցված գործողությունների արդյունքում վերջապես կոտրվեց թշնամու կատաղի դիմադրությունը։
Հաջողությամբ շարունակելով առաջխաղացումը՝ ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանումներն ազատագրեցին Կազանզամին բնակավայրը, 134,0 նիշով բարձունքի (Սեյիդլի անբնակ գյուղի) մոտ, դուրս եկան Թումասասարի (Թովմասասարի) (նիշ 1580,5) և 1322,8 նիշով բարձունքի բնագիծը։ Այդտեղից շարժվելով Դաղդումաս-1 և Դաղդումաս-2 բնակավայրերի ուղղությամբ՝ օգոստոսի 25-ի երեկոյան կողմ հայ մարտիկները ձախ թևում տիրեցին գերիշխող 1079,8 նիշով բարձունքին, իսկ աջում՝ Դաղմաշանլը բնակավայրին։ Հակառակորդի կրակակետերը ճնշվեցին Դաշվեյսալի և Խավըսլը գյուղերում (Ջաբրայիլի շրջան), որից հետո հայկական կազմավորումները շարժվեցին Թովմասասարի և համանուն բնակավայրի ուղղությամբ։ Օրվա ընթացքում անընդհատ հրետակոծվեցին 83-րդ ԱՄՀԲր պաշտպանական դիրքերը։ 360,4 և 341,0 նիշերով բարձունքների միջև ընկած տեղամասի վրա թշնամին գրոհ ձեռնարկեց մեկ վաշտի կազմով ու փորձեց մտնել Ալասկարլը գյուղը։ Հետ մղելով գրոհը՝ հայ մարտիկները հակահարձակման անցան և, կոտրելով թշնամու դիմադրությունը, մտան Վերին Սեյիդահմեդլի և Կորգան գյուղերը։
Իսկ արդեն օգոստոսի 28-ին 83-րդ ԱՄՀԲր ստորաբաժանումները մտան Վերին Շուքուրբեյլի և Ներքին Աբդուռահմանլու, որով կանխվեց հակառակորդի հարձակումը Ֆիզուլու օպերատիվ-մարտավարական ուղղությունում։ Ինչպես ասում են՝ մարտադաշտը ցույց տվեց, որ հակառակորդի ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների օդային հարձակումները ևս չէին կարող խանգարել հայ զինվորների անկասելի առաջխաղացմանը։ Հետախուզության հայթայթած տեղեկությունների և գերիների ցուցմունքների համաձայն, մոտակա ադրբեջանական գյուղերը խուճապահար ու արագ լքվում էին։
Հաջողությամբ էին զարգանում Կուբաթլուի շրջանում հակառակորդի կրակակետերի ճնշման նպատակով մղվող մարտական գործողությունները։ Օգոստոսի 29-ին 5-րդ ՊՇ ստորաբաժանումները՝ Ն. Դանիելյանի հրամանատարությամբ, մարտական գործողություններ սկսեցին Կուբաթլուի շրջանում և մտան Կարակիշիլյար գյուղը։
Օգոստոսի 30-ի մարտական գործողությունների արդյունքում հայկական ստորաբաժանումները վերահսկողության տակ առան Կուբաթլուի շրջանի Խոջիկ, Բալա-Սոլթանլը և Խանդեկ բնակավայրերը։
Հադրութի ՊՇ մարտիկները շարունակեցին առաջխաղացումը Ֆիզուլու շրջանի Ներքին Քյուրդահմեդլի գյուղի ուղղությամբ։ Թշնամու գերակշիռ ուժերին հաջողվեց ծուղակի մեջ առնել հայ մարտիկներին։ Սակայն անհապաղ ձեռնարկված միջոցների շնորհիվ հայ մարտիկներին հաջողվեց ճեղքել շրջապատման օղակը։
Արդեն օգոստոսի 31-ին հայ մարտիկները տիրեցին 835,0 նիշով բարձունքին։ Նույն օրը 4-րդ ՊՇ ստորաբաժանումները տիրեցին Գյումբեզ լեռանը (նիշ 1004,4)։ Ավելի աջ գործող Հ. Բաղմանյանի ստորաբաժանումը թշնամուց մաքրեց Կուրբանթեփե լեռը (նիշ 1762), Մելիքահմեդլի բնակավայրը, Խըդըրլը գյուղը և 4-րդ ՊՇ ստորաբաժանումների հետ շարունակեց առաջխաղացումը Աբդալանլը-Լեփեխեյրանը- 781,0 նիշով բարձունք գծով։ Մարտունու ՊՇ ստորաբաժանումները ԹԱՖ-ից առաջացան 830,0 և 798,0 նիշերով բարձունքների ուղղությամբ։
Հադրութի շրջանի արևմտյան մասի և Կուբաթլուի շրջանի թշնամական կրակակետերի ոչնչացման մարտերին մասնակցեցին Շուշիի ՊՇ 51-րդ, 52-րդ, 53-րդ, Հադրութի ՊՇ 16-րդ ԱՄՀԳ-ները, ինչպես նաև 2-րդ և 4-րդ ՊՇ-ների առանձին ստորաբաժանումներ։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե ԻՊՈՒ հաղթարշավը հեշտ ու սահուն էր ընթանում։ Ամենևին։ Հատկանշենք, որ Կուբաթլուի շրջանում մարտերը մղվում էին մեծ դժվարությունների հաղթահարմամբ։ Միայն Շուշիի ՊՇ-ի և օգնության հասած ԻՊՈՒ այլ ստորաբաժանումների փոխհամագործակցված գործողությունների արդյունքում հաջողվեց Կուբաթլուի ուղղությունում կոտրել հակառակորդի դիմադրությունը։ Այս ճակատում, Բաշառաթ գյուղի ուղղությամբ Շուշիի ՊՇ-ի ձեռնարկած զորաշարժը մեծապես նպաստեց հակառակորդի դիմադրության ընկճմանը, ուստի արժանի է հատուկ ուսումնասիրության։
ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
պահեստազորի մայոր,
«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար
(շարունակելի)