[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵԿՈՐԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՆՐԱ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԴՊՐՈՑՈՒՄ

 

Սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան  համար 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ լեգենդար հրամանատար, Արցախի հերոս, «Մարտական խաչ»  առաջին աստիճանի շքանշանի ասպետ Աշոտ Ղուլյանի (Բեկոր)  կիսանդրու բացման արարողությունը:

Նախաձեռնությունը իրականացել է ԱՀ կառավարության, ՀՅԴ-ի և ավստրալահայ երիտասարդ բարերար Շանթ Կրաջյանի համաֆինանսավորմամբ  և Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ:

ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի խոսքով՝ պատահական չէ, որ այսօր հայացքը սևեռված է դեպի Շուշի, իսկ նրա կողքին կանգնած են մեր փառապանծ բանակի զինվորներն ու ապագա սերունդը:

-Այս ամենն իր մեջ խորհուրդ ունի՝ առ այն, որ Աշոտ-Բեկորի գաղափարներն իրականանալիք են,- ընդգծեց Դավիթ Իշխանյանը՝ համոզմունք հայտնելով, որ լեգենդար հրամանատարի գաղափարներն իրականություն կդարձնի նոր սերունդը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը, հերոսի մարտական ընկեր Աշոտ Սարգսյանը, ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը:

Կիսանդրու հեղինակը՝ քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը, մեզ հետ ճեպազրույցում ընդգծեց, որ քանդակում ամփոփված է համազգային կերպարը:

-Առնական կեցվածքով, շատ խրոխտ ու սևեռուն, նպատակասլաց, նաև գեղեցիկ ու ինտելեկտուալ տղամարդ եմ մարմնավորել,-նշեց քանդակի հեղինակը՝ հավելելով, որ  երջանիկ է, որ ծանոթ է Բեկորի հեռատես ու վառ անհատականությանը:

Արցախի հերոսի կիսանդրու բացման պատիվը վերապահված էր դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանին, Բեկորի տիկնոջը՝ Նելլի Ղուլյանին և թոռնիկին:

Միջոցառումն ընդմիջվում էր դպրոցի սաների ասմունքով, երաժշտական կատարումներով ու ազգային պարերով:

Հերոսի տիկնոջը՝ Նելլի Ղուլյանին, ԱՀ ԱԿԱՀՄ նախագահը պարգևատրեց միության  «Հայրենիք և հավատ» հուշամեդալով:

Ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, կրթության, մշակույթի ոլորտի պատասխանատուներ:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Աշոտ Ղուլյանի կիսանդրու պատվանդանին:

Լուսինե ՇԱԴՅԱՆ