ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Սեպտեմբերի 27-ին, ինչպես ամբողջ Հանրապետությունում, այնպես էլ Մարտունիում, Լռության րոպեով հարգել են Արցախյան երրորդ պատերազմում նահատակված քաջորդիների հիշատակը: Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհան քահանա Հովհաննիսյանի ձեռամբ կատարվել է 44-օրյա պատերազմում մարտիրոսվածների հոգեհանգստյան կարգ: «Անմահների գնդին միացած արծիվներն իրենց ամենաթանկն են նվիրաբերել ապրողներիս: Պետք է կարողանանք արժանավայել ապրել այս հողում` հարգելով նրանց հիշատակը, շարունակելով կիսատ թողածը: Միասնական աղոթենք նրանց հոգիների հանգստության համար, աղոթենք, որ երկնքում նվիրյալ բանակ կազմածները կարողանան պաշտպանել մեր բզկտված հայրենիքը»,- ասել է Տեր Հովհանը: Այնուհետև Մարտունու շրջվարչակազմի, քաղաքապետարանի, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները, բնակիչները` շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի գլխավորությամբ, ծաղիկներ են խոնարհել Մոնթե Մելքոնյանի, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան գոյապայքարի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների պատվանդաններին` իրենց հարգանքի տուրքը մատուցելով հայրենիքի համար նահատակված հայորդիների անմար հիշատակին:
Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ