ՉՊԱՏՄՎԱԾ ԴՐՎԱԳՆԵՐ. ՀՈՌԱԹԱՂՑԻ ԿԱՆԱՅՔ, ՈՐ ՊԱՏԱՆԴ ՎԵՐՑՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՕՄՈՆԱԿԱՆՆԵՐԻՆ
1991 թվականի օգոստոսի 13-ի միջօրեն էր։ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղի մի խումբ կանայք թոնրում հաց էին թխում, երբ դպրոցի նախկին տնօրեն Նաիրա Առստամյանն աշակերտներից մեկին ուղարկեց թոնրատուն՝ տեղեկացնելու, որ շուտափույթ իջնեն գյուղի ներքևի հատված։
Բուն գործողության մասնակից Վերին Հոռաթաղի 70-ամյա Սվետլանա Լալայանը պատմում է, որ այդ օրը Հաթերքի բնակիչներ Ժորիկին ու Սուրիկին «գողացել» են օմոնականները և տանում էին Ականաբերդ (այն ժամանակվա Ումուդլու), և անհրաժեշտ էր ճանապարհը փակել։ Այս մասին հոռաթաղցիներին տեղեկացրել էր հաթերքցի Ռաֆիկ Սայիյանը։ «Հավաքվել ենք կանանցով, հարևանուհիս՝ Նատաշան էր՝ իր տեգոր կինն էր, մեր թաղի կանայք, Զոյան։ Գնացինք ճանապարհը փակեցինք, տեսանք, որ «ՈւԱԶ» մեքենա է գալիս, իսկ մեր ձեռքին միայն մահակ էր»,- հիշում է տիկին Սվետլանան։
Գյուղի տղամարդիկ հրացաններով թաքնված էին մոտակա անտառներում, որպեսզի հարկ եղած դեպքում կանանց պաշտպանեն։ Սկզբում դեպի գյուղ փորձել է մոտենալ մեկ «ՈւԱԶ» ավտոմեքենա, սակայն տեսնելով կանանց՝ հետ է շարժվել։ Ժամանակ անց երկրորդն է մոտեցել, որի անձնակազմը զինված էր։ Նատաշա Հայրիյանն այդ գործողության մասնակիցներից է, ում ամուսինն այդ ժամանակ գերության մեջ էր, իսկ տանը սպասում էր 4 մանկահասակ երեխա։ Այսօրվա պես հիշում է այդ պահը. «Մեքենաների շարասյունը կանգնեցրել ենք. ինքս նրանցից խլել եմ 6 ինքնաձիգ և նռնակներ։ Այնուհետև մեքենաները ստուգել էինք, բայց տղաները չկային»,- պատմում է տիկին Նատաշան։ Շարունակելով հարևանուհու խոսքը՝ Սվետլանա Լալայանը վերհիշում է, որ հանդիպակաց մեքենան հրել, գցել են «Գարաժներ» կոչվող տեղանք, որից հետո տղաները եկել ու զինաթափել են։
Արդյունքում հոռաթաղցի կանայք ճանապարհը փակել, զինաթափել և պատանդ են վերցրել 11 օմոնականի։ Այնուհետև տեսան դեպի գյուղ բարձրացող զինվորականների մեծ խումբը։ Կանայք՝ երեխաների ու մեծահասակների հետ կրկին փակեցին ճանապարհը։ Ժամանակ անց պարզվեց, որ զորք են ուղարկել գյուղը խուզարկելու և պատանդներին հետ վերադարձնելու համար։ Հոռաթաղցիները կրկին ըմբոստացան՝ թույլ չտալով տանկերը գյուղ մտնեն և ձերբակալեն ինքնապաշտպանական ջոկատի տղաներին։
«Կանգնեցնում ենք, տեսնում 8 զինվորական, որ ջոկատով գնում էին Չափար գյուղի հարակից տարածքում գտնվող թուրքերին պաշտպանելու։ Մթերք էին տանում։ Նատաշան առանց վարանելու բարձրացավ մեքենայի թափքը ու ինքնաձիգը միանգամից վերցրեց»,-պատմում է Ս. Լալայանը։
Գյուղի կանայք, չեն թաքցնում, ոգևորվել էին այդ օրվա իրենց ինքնակազմակերպված հերոսական քայլով։ Խոստովանում են՝ անքուն գիշերներ էին անցկացնում գյուղի բլուրներում, անհանգստանում իրենց ամուսինների ու եղբայրների համար, ովքեր ջոկատներով պաշտպանում էին գյուղը։
Մինչև Վերին Հոռաթաղ հասնելը, գործողությունը սկիզբ էր առել Հաթերքից, որտեղ կանանց ներգրավվածությամբ տանկը՝ շուրջ 30 զինվորներով առգրավվել են։ Վերհիշելով անցյալը՝ տիկին Սվետլանան շեշտում է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ բոլորը մտածում էին պայքարելու և Արցախի սրբացած հողում ապրելու և արարելու մասին՝ առանց հավակնելու մեդալի կամ հերոսի կոչման։
Գործողության մասնակից հոռաթաղցի կանայք արցախյան պատերազմների ժամանակ ոչ մի անգամ չեն հեռացել գյուղից։ 53 տարվա մանկավարժ Սվետլանա Լալայանը միշտ լավատես է եղել։
«Առողջ դատող մարդը միշտ պետք է մտածի, որ Արցախը պետք է լինի ու լինելու է»,- ընդգծում է նա։ Տիկին Նատաշայի խոսքով՝ այն ժամանակ ամեն ինչ եռանդով էին անում։
«Հիմա էլ ենք եռանդով, հույսներս չենք կտրում։ Մենք երբեք մեր հողից չենք հեռանա։ Արցախը միշտ եղել է հայինը ու, ինչ էլ լինի, կմնա մերը»,- ավելացնում է մեր զրուցակիցը։ 31 տարի առաջ Վերին Հոռաթաղում տեղի ունեցած օպերացիայի մասնակիցներն այսօր հավաքվում և գյուղի թոնրում կրկին հաց են թխում, վառարանի վրա պատրաստում ավանդական կերակուրներ և վերհիշում անցյալը։ Ցավոք, նրանցից ոմանք մահացել, ոմանք էլ տարբեր պատճառներով այժմ գյուղում չեն ապրում։
Վեհանուշ ՀՈՎՍԵՓՅԱՆ