..ԵՐԲ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԸ ԾՆՈՒՄ ԵՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սեպտեմբերի 27-ին լրացավ 44-օրյա պատերազմի 2-րդ տարին... Մեր ժողովրդին պատուհասած աղետը որքան սպասելի, նույնքան էլ անսպասելի էր։ Ինչպե՞ս են այդ արհավիրքին դիմակայել լրագրողները՝ պատմում են Արցախի հանրային հեռուստատեսության լուրերի բաժնի գլխավոր խմբագիր Նորայր Հովսեփյանն ու լրագրող Գենադի Երեմյանը։
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
- Երկու տարի անց առավել շատ դասերն ենք հիշում, չեմ կարծում, թե այդ երկու տարվա ընթացքում շատ կտրուկ փոխվել է մեր պահվածքը, գուցե նաև մեր հնարավորությունները... Ակնհայտ է, որ չի անցել և վտանգը, որ ժամանակ առ ժամանակ երևում է, իսկ հաճախ էլ, չնայած անտեսանելի լինելուն, մեր ուղեկիցն է։ Մնացած մեր մտորումները բխում են հենց այդ վտանգից... Սեպտեմբերի 27-ին ավելի շատ սկսում ես մտածել չարածի, քան արածի մասին, ակամա հիշում ես այն, ինչ կարելի էր անել։ Անելիքներ դեռ շատ ունենք՝ և՜ պատրաստվելու, և՜ աշխատանքները ծրագրելու հարցում։ Հույս ունեմ մինչև հաջորդ սեպտեմբերի 27 այդ մասով ոչ միայն մտորումները, այլև մտահոգություններն էլ քիչ կլինեն։
Բացթողումները միայն լրագրողներին չեն վերաբերվում, եթե հաշվի առնենք պատերազմի ելքն ու հետևանքները, մեզ ահռելի աշխատանք է սպասում։ Յուրաքանչյուրն իր տեղում ու բնագավառում պիտի փորձի գտնել ու վերհանել իր թերացումները։ Ես իմ ու գործընկերներիս մասով գիտեմ, թե որտեղ եմ թերացել։
Աստված մի արասցե, եթե կրկին մարտական գործողություններ լինեն, գոնե հոգեբանորեն միանշանակ պատրաստ ենք ավելի, քան 2020 թվականին։ Մենք պարբերաբար տեսնում էինք սահմանային սրացումներ, սակայն չէինք պատկերացնում այն մասշտաբները, որ ունեցանք 44-օրյայի ժամանակ։ Մտքներովս չէր անցնում, որ Ստեփանակերտը կդառնար ոչ թե թիկունք, այլ առաջնագիծ։ Հիմա, ըստ էության, պատրաստ ենք նաև դրան։ Սակայն, ինչպես ասում են, դեպքի վայրում իրավիճակը մի փոքր այլ է լինում, քան պատկերացնում ես քո առաջնահերթությունները նախանշելիս։
Մենք այնպիսի տարածաշրջանում ու այնպիսի իրավիճակում ենք ապրում, որ պատերազմի պիտի սպասենք միշտ, եթե անգամ պատերազմը մեր սահմաններին չէ, էլի վտանգը կա ու դրան դիմակայելու համար պիտի պատրաստվենք ամեն օր։ Մեր լրատվականն էլ երկրից ու ժողովրդից անմասն լինել չի կարող, ավելին մեր օպերատիվ ու առաջին ձեռքից ստացած տեղեկատվությանը սպասում են բոլորը, հատկապես ֆորսմաժորային, ծայրահեղ իրավիճակներում։ Այսօր / ու այսուհետ ևս/ մեր աշխատանքները /թե՛ ստեղծագործական և թե՛ տեխնիկական/ պլանավորում ենք այն տրամաբանությամբ, որ ցանկացած պահի կարող ենք հայտնվել պատերազմական իրավիճակում։ Այո, մենք վերջին իրողությունների հետևանքով ձեռք ենք բերել դառը, բայց օգտակար, ուսանելի փորձ։ Եվ գոնե մոտավոր պատկերացնում ենք, թե ինչ պետք է անենք վրահաս աղետի գոնե սկզբնական շրջանում, իսկ հետոն արդեն ցույց կտան զարգացող իրադարձությունները։Գ. ԵՐԵՄՅԱՆ
- Այդ ճակատագրական օրերին մենք փորձել ենք հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրել մեր հեռուստադիտողներին, իսկ թե դա որքանով է մեզ հաջողվել, թող դատի հեռուստադիտողը։ Բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք հաջողել ռեպորտաժներ վարել առաջնագծից, աշխատել-չաշխատելու ցանկությունը մեզնից վեր էր և բոլորի պես մենք էլ պարտադրված էինք վանել ընդհանուր տիրող խուճապը։
Պատերազմը որքան էլ սպասելի էր, այնուամենայնիվ, մասշտաբներն առավել քան մեծ էին, մարտի նետված զինատեսակները՝ նոր ու արդիական։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ես աշխարհազորի կազմում եղել եմ Մատաղիս-Թալիշ ուղղությունում և այդ օրերի մարտագործողությունները երբ համեմատում եմ 44-օրյայի հետ, տարբերությունն ահռելի է։ Պարտադիր զինվորական ծառայությունից բացի, մեկ տարի էլ Ազգային գվարդիայում եմ ծառայել։ Այնպես չէ, որ այդ տարիներին արտակարգ իրավիճակում չեմ հայտնվել, կամ արտակարգ դեպքերի ականատես չեմ եղել սակայն Արցախյան 3-րդ պատերազմի մասշտաբներն ու տրամաբանությունը մի փոքր այլ էին, անսպասելի ու անակնկալներով լեցուն։ Ճիշտ է, այդ օրերին մեր լրատվականի բոլոր աշխատողներն էլ իրենց նվազագույն խնդիրը կատարել են, սակայն կարելի էր ավելին անել՝ հաղթահարելով խուճապային տրամադրությունները։ Անցածն արդեն անցած է, մնում է ուսանելի դասեր առնել անցածից, կրկնվելու դեպքում, ինչը քիչ հավանական չէ, նույն սխալները չգործել։ Հասկանալի պատճառներով առաջնագիծ հասնելը գրեթե անհնարին էր, բայց որոշ սյուժեներ մեզ հաջողվել է նկարահանել, այն դեպքում, երբ թիկունք ու առաջնագիծ կոչվածը շատ հարաբերական հասկացություն էր գրեթե ողջ պատերազմի ընթացքում։ Իրարամերժ այդ ապրումներից առ այսօր ուշքի չեմ եկել։ Ինձ ստիպում եմ մոռանալ այդ օրերի բոլոր ստվերային երևույթները, ու ինձ համար անհրաժեշտ եզրահանգումների գալ։ Մեզնից և ոչ մեկն էլ պատերազմական իրադրության պայմաններում աշխատելու փորձ ու փորձառություն չունի, մեզ վիճակված է ավելի շատ մեր թերություններից ու բացթողումներից սովորել։ Մեր ողջ տեխնիկական կազմը, օպերատորները, որ մի քանի քայլ առաջ են եղել միշտ, գիշեր-ցերեկ աշխատում էին մինչև վերջին օրը, մինչև զինադադար։ Ես եկել եմ այն համոզման, որ մեր առաջին թշնամին խուճապն է և էքստրեմալ պայմաններում առաջին հերթին պետք է դրանից ազատվել, սառը դատել ու գործել սառնասիրտ։ Ահա գլխավոր դասը, որ ինձ տվել է պատերազմը. առաջին հերթին քո ներսում հաղթահարել խուճապն ու տագնապը։ Լրագրող թե աշխարհազորային, նայած ինչպես կպահանջվի՝ պիտի ձգտեմ, հաջորդ նման իրավիճակներում հայտնվելու դեպքում, ձերբազատվել նման բարդույթներից ու ամեն ծայրահեղ, բարդ իրավիճակի վերաբերվել սառնասրտությամբ։
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ