[ARM]     [RUS]     [ENG]

Հաջողության հնարավոր է հասնել միայն իրավունքների համար աննահանջ պայքարող համահայկական ներուժով. Արթուր Մոսիյան

 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 30-ի արտահերթ նիստի և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի օրակարգի էությունն ու բովանդակությունը՝ արցախահայության վճռականության արտահայտումն է՝ տեր կանգնելու ազատ, անկախ ապրելու իր իրավունքին՝ ինչպես շուրջ երեք տասնամյակ առաջ Արցախյան ազատագրական շարժման օրերին էր: Այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց ԱԺ «Հայ ՀԵղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը: «Անշուշտ, փոխվել են ժամանակները, փոխվել են իրողությունները, փոխվում է աշխարհակարգը: Անփոփոխ են մնացել միայն արցախցու կամքն ու վճռականությունը՝ տեր կանգնելու իր պատմությանը, իրավունքներին, եկեղեցուն, շիրիմներին, հազարավոր մեր նահատակ հերոսների արյամբ սրբագործված հողին ու հայրենիքին: 44-օրյա պատերազմից հետո մեր երկիրը կանգնել է նոր իրողությունների և մարտահրավերների առաջ: Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա՝ իրենք լուծել են այն: Միջազգային տարբեր դերակատարների կողմից շրջանառվում են տարբեր փաստաթղթեր, տարբերակներ, որոնց հիմքում ընկած են ոչ թե միջազգային իրավունքի համամարդկային նորմերը, այլ տարբեր ուժային կենտրոնների տարածաշրջանային շահերը: Այդպիսի քննարկվող փաստաթղթերից մեկը վերջին օրերում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում պատռվեց մեր գործընկերոջ կողմից: Այո, մենք փաստում ենք, որ անընդունելի և պատռման ենթակա է ցանկացած փաստաթուղթ, ում կողմից էլ այն ներկայացված լինի, որն Արցախը կդիտարկի Ադրբեջանի կազմում, որովհետև այն պարունակում է 21-րդ դարում նոր ցեղասպանության կամ Արցախի հայաթափման վտանգ: Այս ամենը թույլ չտալու համար կա մեկ ճանապարհ. Համախմբվենք, դառնանք մեկ բռունցք և տեր կանգնենք մեր իրավունքներին. սա երկարատև պայքարի ճանապարհ է»,-մասնավորապես ասաց Արթուր Մոսիյանը՝ համոզմունք հայտնելով, որ հաջողության հնարավոր է հասնել միայն իրավունքների համար աննահանջ պայքարող համահայկական ներուժով և Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ: