Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՄԱՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ՝ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Իր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ է արվել պետական համակարգի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Պետական նախարարի պաշտոնում իր գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հարցերից մեկին պատասխանելով՝ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը մասնավորապես ասաց. ՙԽորհրդակցելով մասնագետների հետ՝ բարձրացրել իմ գործընկերների աշխատանքի արդյունավետությունը, ինքս էլ շատ բան սովորել եմ նաև ընթացքում։ Միշտ փորձել եմ ինստիտուցիոնալ և նորմատիվ լուծումներ տալ խնդիրներին, ինչը կարևոր է կառավարման համակարգի համար։ Կոնկրետ տարբեր ոլորտներում բավականին լուրջ նորմատիվ հիմքեր ենք ստեղծել, և կառավարման համակարգն սկսել է արդյունավետորեն աշխատել։ Այսպես՝ բնակարանային ոլորտում, կարելի է ասել, մեծ հաջողություններ ունենք։ Եվ չնայած դաշտը կարգավորվել է, բայց դեռ բարեփոխումների կարիք ունի։

Լուրջ հաջողություններ ունենք սոցիալական ոլորտում, բայց դեռ ընթացքի մեջ է սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը։ Որոշակի հաջողություններ ենք ունեցել վերապատրաստումների առումով՝ միջին և բարձր օղակների պետական, հանրային ծառայողների համար։ Այնուամենայնիվ, ես համարում եմ, որ այս ոլորտում դեռևս մեծ բացթողումներ ունենք, քանի որ իրականում Արցախում՝ պետական կառավարման համակարգում, գլխավոր խնդիրը կարողությունների խնդիրն է, որը վերաբերում է բոլոր օղակներին՚։
Խոսելով կրթական ոլորտի մասին, Ա. Բեգլարյանը մասնավորապես ասաց. ՙՑավոք, մենք պատշաճ կրթական համակարգ չունենք։ Որոշակի ջանքեր ենք գործադրել, որպեսզի ոչ ֆորմալ լուծումներ տանք՝ կրթական կարողությունների առումով բարելավումներ անելու համար։ Հուսով եմ՝ առաջիկայում լուրջ հաջողություններ կունենանք, դրա հիմքերն արդեն կան։ Այս մասին լուրջ քննարկումներ ենք ունեցել Ռուբեն Վարդանյանի հետ՚։
Ա. Բեգլարյանը խոսեց նաև ՙԵրկարօրյա դպրոց՚ ծրագրի մասին։ Նշեց, որ հաջորդ փուլում այս ծրագիրը կներդրվի նաև Ստեփանակերտի մի քանի դպրոցներում։ Մայրաքաղաքի ՙԱնտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրում՚ այդ նպատակով արդեն շինարարական աշխատանքներ են ընթանում՝ համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ ՙԵրկարօրյայի ծրագրի ընթացքը փոքր-ինչ դանդաղ է, բայց, կարծում եմ, գալիք տարի կկարողանանք մեծ թափ հաղորդել դրան՚,-նշեց Ա. Բեգլարյանը:
ԱՀ պետնախարարն, այնուամենայնիվ, հավելեց, որ շատ ավելի արմատական խնդիրներ կան կարգավորելու և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար։