Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ի ԴԵՄՍ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ՝ COVID-19-Ի ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ՆՎԱԶԵԼ ԵՆ

 

Արցախում COVID-19-ով պայմանավորված համաճարակային ներկայիս վիճակի վերաբերյալ մեզ հետ զրուցեց ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Նարինե ՄՈՍԻՅԱՆԸ։

-Արցախում և Հայաստանում Covid-19-ով վարակվածության դեպքերն այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նկատելիորեն սկսել էին աճել։ Ի դեմս մասնագետների կանխատեսումների, որ վարակի թվերն աստիճանաբար կաճեն հոկտեմբերին՝ չարդարացվեցին։ Ինչպիսի՞նն է այԺմ COVID-19-ով պայմանավորված համաճարակային վիճակն Արցախում։
- 2022թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում Արցախում կատարվել է 1327 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 160 դեպք (թեստավորվածների 12%-ը)։ Մինչդեռ սեպտեմբեր ամսում կատարված 2022 թեստավորման արդյունքում հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 602 դրական դեպք (թեստավորվածների 29%-ը)։ Տվյալները փաստում են, որ վարակի դեպքերը նվազել են շուրջ երեք անգամ։ Ի դեպ, նույնիսկ 2022թ. օգոստոս ամսվա ընթացքում Արցախում կատարված 1315 թեստավորման արդյունքում հաստատվել էր կորոնավարակի 280 դեպք, ընդ որում՝ արդեն սեպտեմբեր ամսվա յուրաքանչյուր շաբաթ գրանցվում էր վարակի շուրջ 150-180 նոր դեպք։ Նոյեմբերի առաջին շաբաթվա տվյալներով՝ օրական իրականացվել է 30-55 թեստավորում, որի արդյունքում միջինում հայտնաբերվել է Covid-19-ի 2-7 դեպք։ Ընդհանուր առմամբ, 2022թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 19107 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 4153 դեպք։
-Փաստորեն, դիտարկումները փաստում են, որ COVID-19-ի դեպքերը բավականին նվազել են։ Իսկ ԱՀ առողջապահության նախարարության բուժհաստատությունների ստացիոնար բաժանմունքներում թագավարակով քանի՞ հիվանդ կա։
- Իհարկե, մենք չենք կարող հստակ կանխատեսել, թե առաջիկայում ինչպիսին կլինի ընդհանուր համաճարակային վիճակը կամ ենթադրել նոր շտամներով վարակելիության հավանականության աստիճանը, հատկապես, որ առաջիկա ամիսներին սպասվող եղանակային տատանումների ժամանակ աճում են սուր շնչառական վարակների դեպքերը, ուստի պետք է չթուլացնել զգոնությունը, պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները։ Ու չնայած COVID-19-ով պայմանավորված համաճարակաբանական վիճակն այժմ լարված չէ և վարակի դեպքերը բավականին նվազել են, այնուամենայնիվ, պետք է չկորցնել զգոնությունը։ Ներկայումս հիվանդանոցային պայմաններում COVID-19-ով ընդամենը 2 հիվանդ է բուժում ստանում։
-Վարակի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շարքում առողջապահության ոլորտի պատասխանատուները կարևորում են պատվաստվելը։ Շարունակվո՞ւմ է պատվաստումների գործընթացը, ինչպե՞ս է այն կազմակերպվում, և ներկայումս պատվաստանյութ կա՞ Արցախում։
-Պատվաստանյութը պաշտպանում է մարդուն վարակվելուց կամ նվազեցնում է հիվանդության բարդությունները և մահվան դեպքերը։ Ներկայումս Արցախի առողջապահության ոլորտն ունի COVID-19-ի դեմ պատվաստանյութ, և պատվաստվել ցանկացողները կարող են դիմել ԱՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքի համապատասխան մասնագետներին, ովքեր էլ կկազմակերպեն գործընթացը։ Պետք չէ սպասել համաճարակաբանական վիճակի լարմանը, այլ անհրաժեշտ է դիմել վարակի տարածման կանխարգելիչ միջոցների։
-Կորոնավարակի դեպքերի նվազմամբ պայմանավորված կարծես պատվաստվողների թիվն էլ սկսել է նվազել և, ընդհանուր առմամբ, բնակչության շրջանում էլ թուլանում է հակահամաճարակային կանոնների պահպանումը։
- Դիտարկումների արդյունքներով՝ այո, պատվաստվողների թիվը նվազել է, սակայն պետք չէ սպասել թագավարակի նոր ալիքի կամ շտամների ի հայտ գալուն, այլ անհրաժեշտ է հիմա պատվաստվել և լինել պաշտպանված։ Կհորդորեի բնակչությանը չթուլացնել զգոնությունը և խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին՝ վարակի նոր բռնկումներից խուսափելու համար։ Հատկապես պետք է զգույշ լինեն տարեցները, քրոնիկ հիվանդություններով տառապողները, հղի կանայք և երեխաները, որ հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում դիմեն բժշկի, քանի որ հետգրիպային բարդություններ կարող են լինել գրիպի ցանկացած տեսակի ու ենթատեսակի դեպքում։ Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի տարրական կանոնները՝ հաճախակի լվանալ ձեռքերը՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ, պահել հազալու և փռշտալու կանոնները, հնարավորինս չշփվել գրիպանման ախտանշաններ ունեցող անձանց հետ։ Անհրաժեշտ է նաև հագնվել եղանակին համապատասխան, սնվել ու քնել լիարժեք, հաճախակի օդափոխել փակ տարածքները։ Քանի որ շրջանառվող վարակները փոխանցվում են օդակաթիլային եղանակով, ուստի բարձր ջերմության, հազի, մկանացավի, գլխացավի, հոդացավի, հարբուխի և գրիպանման այլ նշանների դեպքում պետք է մնալ տանը և պահպանել անկողնային ռեժիմ, չզբաղվել ինքնաբուժմամբ, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, որովհետև դրանք ցուցված չեն գրիպի կամ սուր շնչառական վարակների բուժման համար, այլ դիմել բժշկի, հետևել նրա խորհուրդներին։ Հիվանդ վիճակում չի թույլատրվում այցելել ուսումնական հաստատություններ, աշխատանքի, հասարակական վայրեր, զանգվածային միջոցառումների, որպեսզի հիվանդության տարածում ու նոր դեպքեր չլինեն։

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ