Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՄՈՍԿՎԱԲՆԱԿ ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակներում Մոսկվայի Գաստրոէնտերոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ, ծննդով ստեփանակերտցի Կարինե Ասկարյանի կողմից Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում և «Արևիկ» բուժմիավորումում նոյեմբերի սկզբից երկու շաբաթ շարունակ իրականացվեցին հետազոտություններ և խորհրդատվություններ: Ներկայացնում ենք մեր հարցազրույցը մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ Կարինե ԱՍԿԱՐՅԱՆԻ հետ։

-«ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի պատասխանատուները ԱՀ առողջապահության նախարարին ներկայացրել են Ռուսաստանի Դաշնությունից պարբերաբար Արցախ այցելող բժիշկների գործունեությունը, ինչպես նաև Արցախից ՌԴ մեկնող մասնագետների վերապատրաստման աշխատանքները և հավաստիացրել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Դուք արդեն երկրորդ անգամն եք «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի ծրագրով Արցախի բնակչությանը ցուցաբերում նեղ-մասնագիտական բուժօգնություն։
- Քանի որ Հիմնադրամի նպատակն է ոչ միայն Հայաստանի ու Արցախի հիվանդանոցները համալրել դեղորայքով և բժշկական սարքավորումներով, այլև աջակցել մասնագետների վերապատրաստմանն ու տեղի բնակչությանն անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելը, ուստի պարբերաբար տարբեր ոլորտների մասնագետներ այցելում են Արցախ մասնագիտական խորհրդատվություններ ու հետազոտություններ կատարելու համար։ Ծրագրի շրջանակներում մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու նպատակով առաջին անգամ Արցախ այցելեցի 2021թ.: Այժմ Ստեփանակերտում շուրջ երկու շաբաթ հետազոտեցի և՛ մեծահասակների և՛ մանուկների։ Մեր նպատակն է օգնել բնակչությանը տեղում ստանալու անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն, ինչպես նաև մասնագիտական փորձի փոխանակմամբ զարգացնել ոլորտը։ Իհարկե, արցախցի բժիշկներից մենք նույնպես սովորում ենք որոշ նրբություններ։
-Այս ժամանակահատվածում օրվա առաջին կեսն աշխատում էիք Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում, իսկ երկրորդը՝ «Արևիկ» բուժմիավորումում։ Ինչպե՞ս եք կազմակերպել խորհրդատվություններն ու հետազոտությունները և ի՞նչ խնդիրներ եք արձանագրել դիմողների շրջանում։
-Հանրապետական բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Իննա Ասրյանի հետ համատեղ օրական զննել ենք շուրջ 30 հիվանդի և անհրաժեշտության դեպքում նշանակել դեղորայքային բուժում։ Իսկ «Արևիկ» բուժմիավորման հիվանդներն ավելի քիչ էին։ Երեխաների և մեծահասակների մոտ հիմնականում արձանագրվել են նույնանման խնդիրներ՝ սրտխառնոց և փսխում, որոնք հիմնականում պայմանավորված են սթրեսային վիճակներով, կլիմայական պայմաններով, սննդով։ Խորհրդատվությունների ընթացքում պարզվել է, որ տեղի բնակիչներից շատերը սովոր են սնվել անկանոն, այսինքն ուտել ոչ թե այն, ինչ անհրաժեշտ է, այլ ինչ իրենք են ուզում։ Իսկ արդյունավետ բուժման կարևոր գործոններից մեկը համարվում է առողջ սնունդը, այնինչ հիվանդներից շատերը չեն ուզում հետևել համապատասխան դիետայի։ Դրան զուգահեռ առողջության խնդիրներ ունեցողները չարաշահում են նաև ալկոհոլային խմիչքները, ինչի հետևանքով շատերի մոտ զարգացել են գաստրիտ, լյարդի ցերոզ և աղեստամոքսային տրակտի այլ հիվանդությունները։ Երեխաների շրջանում խնդիրները քիչ էին ու նրանք նաև պարբերաբար զննվում և վերահսկվում են տեղամասային մանկաբույժների կողմից։ Ընդհանուր առմամբ՝ հիվանդությունների մեծ մասը պայմանավորված էր սթրեսային վիճակներով։ Համապատասխան խորհրդատվություններից հետո կատարել ենք էնդոսկոպիկ զննումներ, նշանակել դեղորայքային բուժում, տվել այլ ցուցումներ։
-Ո՞ր տարիքում և ինչի՞ հետևանքով կարող են ի հայտ գալ նշյալ հիվանդությունները։
-Ներկայումս շատ հիվանդություններ երիտասարդացել են և նույնիսկ նորածինների շրջանում գրանցվում են այնպիսի հիվանդություններ, որոնք հատուկ էին մեծահասակներին։ Քանի որ երեխաները փորձում են նմանակել մեծահասակներին, ուստի սկսում են հետևել նաև նրանց վատ սովորություններին՝ ծխախոտի, ալկոհոլի օգտագործմանը, ինչը, բնականաբար, անդառնալի ազդեցություն է թողնում նրանց օրգանիզմի վրա։ Ցավոք, վատ սովորությունները, ոչ առողջ սնունդը, սխալ կենսակերպը որոշիչ գործոն են հանդիսանում նաև աղեստամոքսային հիվանդությունների առաջացման գործում։ Այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս կարևորել որակյալ և առողջ սննդի ընդունումը, հատկապես պետք է նվազեցնել տապակած և յուղոտ կերակրատեսակները ու սնվել չափավոր։ Մարդու օրգանիզմում կարևոր դերակատարում ունի նյարդային համակարգը և եթե այն ենթարկվում է սթրեսի, ապա դա արտացոլվում է ոչ միայն աղեստամոքսային, այլև մյուս օրգանների հիվանդություններով։ Սակայն առավել խոցելի են աղեստամոքսային հիվանդությունները և պատահական չէ, որ մարդու մոտ վախի, անելանելի ու անորոշ սթրեսային վիճակների պարագայում որովայնի շրջանում առաջանում են ցավեր։ Նման դեպքերում ցավի մեղմացման կամ վերացման համար կարևորվում է հոգեհուզական վիճակի կայունացումը։ Հետազոտվողների 60%-ի ցավերը պայմանավորված էին հենց հոգեբանական գործոնով։
-Որպես մասնագետ Ձեր խորհուրդը բնակչությանը։ Ի՞նչ ախտանշանների դեպքում պետք է անհանգստանալ։
-Խորհուրդ կտայի գանգատների դեպքում ժամանակին դիմել բժշկին և չսպասել առողջության վատթարացմանը, երբ բուժման արդյունավետությունը նվազում է։ Անհրաժեշտ է նաև հետևել բժշկի խորհուրդներին, հատկապես քրոնիկ հիվանդություններով տառապողները։ Աղեստամոքսային հիվանդությունների հիմնական ախտանշանը որովայնի շրջանի ցավն է, ինչը սակայն կարող է ի հայտ գալ նաև այլ հիվանդությունների ժամանակ։ Ամեն դեպքում պետք է անհապաղ դիմել բժկի և չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ։ Քանի որ աղեստամոքսային տրակտի հիվանդությունները սրվում են գարնան և աշնան ամիսներին, կարևոր է ուշադիր լինել այդ շրջանում, սակայն քրոնիկ որոշ հիվանդությունների դեպքում հիվանդը պետք է ամեն ամիս այցելի բժշկին։

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ