Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Նոյեմբերի 21-ը՝ Հեռուստատեսության համաշխարհային օր. ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ…

«ԱԱ»-ի հարցերին պատասխանում է Արցախի հանրային հեռուստատեսության ծրագրերի և նախագծերի բաժնի պետ Արմինե ՀԱՅՐԻՅԱՆԸ

 - Արցախի հանրայինը հանապազօրյա «հաց» է  հեռուստադիտողներիս համար… Նոր՝ աշնանային եթերաշրջանը ի՞նչ նորություններ կամ անակնկալներ ունի:

- Արցախի հանրայինը եթերում է 8 ժամ,  հաղորդումների քանակը հասնում է գրեթե երեք տասնյակի… Աշնանային եթերաշրջանը փոքր-ինչ թարմացմամբ  մեկնարկեց: Գարնանային եթերաշրջանից մեկնարկած ծրագրերը մեծ մասամբ պահպանվել են, մի քանիսն էլ փոխարինվել են նորերով:

-Հաշվի՞ եք առնում հեռուստադիտողների ճաշակը, ցանկությունները, թե՞ ճաշակի ձևավորման «առաքելությունը» հեռուստատեսությունն է ստանձնում:

- Նախագծերի, ծրագրերի ընտրության հարցում ամենադժվար չափանիշը, չափորոշիչը հենց դա է, և կռահել հետպատերազմյան իրավիճակում առանձնապես ի՞նչ է պետք հանրությանը՝ թերևս ամենադժվարն է: Բայց ինչքան էլ փորձենք բավարարել բոլորի ճաշակը, նախասիրությունները, ընկալումները, միևնույն է, շատ դժվար է, դրան գումարած՝ չենք ուզում խորացնել մարդկանց ցավը, տակնուվրա անել հուզաշխարհը՝ չմոռանալով այն տղաներին, որոնք իրենց կյանքը տվեցին: Պատահական չէ, որ պատերազմից հետո սկսեցինք «Կոչեմ ապրողաց» ծրագիրը: Միաժամանակ քաջ գիտակցում ենք, որ պետք է մարդկանց հանենք այդ ծանր հոգեվիճակից: Դրան զուգահեռ հաճախ մեզ մեղադրում են երիտասարդական ծրագրերի համար, սակայն չմոռանանք, որ նրանց նախասիրություններն էլ հաշվի պիտի առնվի, իսկ երեխաների առօրյան պիտի ներկայացվի իրենց մանկության վառ գույներով:

- Գաղտնիք չէ, որ լավ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալների թիմ, ձեր աշխատանքը բոլոր կողմերից տեսանելի է, ես կասեի՝ կյանքը սկուտեղի վրա…

- Քանի որ մեր գործում արդյունքն ապահովում են երեք կարևոր օղակներ՝ նկարահանման, տեքստային ու հաղորդավարական, դրան գումարած նաև մոնտաժային և ռեժիսորական աշխատանքը, ապա յուրաքանչյուրի թույլ լինելու դեպքում, բնականաբար, արդյունքն այն չի լինելու, ինչն ակնկալվում է մեր կողմից: Միայն թիմային աշխատանքը քիչ է, անհրաժեշտ են նաև մասնագիտական բարձր որակներ, ինչը, ցավոք, միշտ չէ, որ գոհացնում է մեզ, հետևաբար նաև մեր լսարանին: Մեր աշխատակիցները մինչև հեռուստատեսություն գալը ոչ մի տեղ հնարավորություն չեն ունենում ծանոթանալու մեր աշխատանքային առանձնահատկություններին,  ոչ ֆորմալ կրթությունն այս առումով մի փոքր հնարավորություն ընձեռում է, ինչը, սակայն, բավարար չէ: Այս եթերաշրջանում մենք փորձեցինք խնդիրը լուծել նոր՝ «Smart-սերունդ» հաղորդաշարի միջոցով: Նախքան եթերը մեր փորձառու մասնագետներն աշխատում են նրանց հետ, բայց մենք խնդիր ունենք և տեխնիկական կազմի հետ, նրանք էլ ստիպված են սովորել աշխատելու ընթացքում, ինչը, մեղմ ասած, ցանկալի չէ: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է հեռուստատեսությունում աշխատանքի անցնելուց առաջ որոշակի գիտելիքներ ձեռք բերել: Այսօր մեր առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկն էլ սա է: Այդ առումով մեզ ձեռք մեկնողներ կան, սակայն որքան արդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը: Մենք ուրախ կլինենք ողջունել բոլոր նրանց, որոնք որոշակի մասնագիտական պատրաստությամբ ոտք կդնեն հեռուստատեսություն: Միշտ պատրաստակամ ենք աշխատել գրագետ, հմուտ, կիրթ, պրոֆեսիոնալ լրագրողների հետ, որոնք մնացած հմտությունները ձեռք կբերեն աշխատանքի ընթացքում: Շատ կարևոր է այդ նախնական դպրոցն ունենալը, ցանկալի է նաև, որ այն լինի հեռուստատեսությանը կից: Նման դպրոց ունենալը, կարծում եմ, չափազանց կարևոր է այսօր՝ մասնագետներ պատրաստելու համար: Ցավալի է, որ մեր մասնագետները հղկվում, կայանում են աշխատանքին զուգընթաց, այնպես չէ, որ մենք չենք նկատում թերացումները, պարզապես այլընտրանք չունենք: Խոստովանենք, որ մեզնից շատերն էլ այդպես են կայացել և ցավալի է, որ հեռուստադիտողի աչքի առաջ հղկվել-կայանալու պրոցեսը դեռևս շարունակվում է: Սա պրոֆեսիոնալ հեռուստատեսություն ունենալու ճանապարհին մեր ամենամեծ խնդիրն է:

- Լրագրողների աշխատասենյակի պատին տեսա, որ գրված էր՝ կրակային պատրաստություն՝ վաղը ժամը 10-ին… Դուք նաև մարտական պարապմունքների՞ եք գնում:

- Տարվա ընթացքում սա երկրորդ անգամն է: Ի դեպ, աշխատողների մեծ մասը զորավարժարանում մասնակցում է կրակային վարժանքների, ոգևորված են ոչ միայն երիտասարդները, այլև տարեցները: Տա Աստված, կրակային հմտությունները պետք չգան, երբեք կրակելու առիթներ չլինեն, սակայն պատրաստ լինել պարտավոր ենք` մեծ ու փոքրով:

- Գարնանային նոր եթերաշրջանում նորությունների սպասե՞նք…

- Ակնկալում ենք, որ տարեվերջին եթերաժամանակը կավելանա, այսինքն` կունենանք նաև առավոտյան եթերներ… Քանի տարի արդեն հույս ենք փայփայում, տեսնենք կկարողանա՞նք այս անգամ հաջողել ամեն օր ասելու «Բարի լույս Արցախ»: Կհավաքենք երիտասարդների մեծ թիմ, կունենանք ժամանցային ծրագրեր, քննարկումների հարթակ, կփորձենք գոնե մասամբ բավարարել մեր  հեռուստադիտողների հետաքրքրասիրությունն ու պահանջմունքները: Ժամային այդ բաժանումը մեզ էլ թույլ կտա ճիշտ ժամանակին, ճիշտ թիրախային լսարան ընտրել՝ առավել նպատակային աշխատելու համար: