ԱՊՐԵԼ` ՊԱՅՔԱՐ ՄՂԵԼՈՎ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԴԵՄ
Մեծ Շենը, ինչպես և Բերդաձորի ենթաշրջանի մնացած գյուղերը, լինելով Արցախի արևմտյան դարպասը, բազմիցս հայտնվել են կռիվների կիզակետում և հերոսական պայքար մղել թշնամիների դեմ: Արցախյան ազատագրական պայքարի տարիներին Բերդաձորի ենթաշրջանը կրկին հայտնվեց կռիվների կիզակետում: 1988-1991 թվականներին Մեծ Շենի բնակչությունը կենաց ու մահու կռիվ տվեց Ադրբեջանի ժողովրդական ճակատի հրոսակների դեմ։ Ինքնապաշտպանության կազմակերպման գործում մեծ դեր խաղաց «Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդը»՝ Անդրանիկ Հարությունյանի ղեկավարությամբ: Բնակիչները շատ զրկանքներ կրեցին։ 1992թ. մայիսի 16-18-ը Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Մեծ Շենը, և գյուղացիները վերադարձան հարազատ օջախներ: Արցախյան առաջին պատերազմի տարիներին մարտական գործողություններին մասնակցել է 75 մեծշենցի։ Նրանցից 11-ը զոհվել է։
Ենթաշրջանի գյուղերը 44-օրյա պատերազմից հետո առաջնագծամերձ են դարձել:
- Գյուղի խնդիրները բազմազան են, իսկ լուծումներն առաջիկայում տեսանելի չեն՝ սկսած գազատարի վերականգնումից: Պատկան կառույցներից խոստացել էին նոր ճանապարհի շահագործումից հետո լուծել խնդիրը,- անկեղծանում է համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանը: -Չնայած ջուր անցկացնելուց հետո մարդիկ ստեղծել են կենցաղային հարմարավետ պայմաններ, սակայն չեն կարող օգտվել`գազի բացակայության պատճառով: Բայց գյուղացիներին, առաջին հերթին, անհրաժեշտ է խաղաղություն:
90-ամյա Սուրեն պապը չի պատկերացնում իր կյանքն առանց հայրենի գյուղի: Նա հիշում է անցյալ դարի 70-ականները, երբ գյուղը 500 բնակիչ ուներ: Նրա խոսքով` գյուղից արտագաղթը սկսվել էր դեռ խորհրդային տարիներից: Լինելով մասնագիտությամբ ատամնաբույժ՝ նա երկար տարիներ աշխատանքի բերմամբ շատ է շփվել ողջ շրջանի բնակչության հետ, այդ թվում, նաև`ադրբեջանցիների: Նա համոզված է, որ համատեղ ապրել նրանց հետ հնարավոր չէ:
-Մինչ 44-օրյա պատերազմը շատ հանդեր ունեինք, որտեղ հնարավոր էր անասուններ պահել, մեղուները տեղափոխել տեղից տեղ: Այսօր նույնիսկ Մեծ Շենի ընկույզի ծառերով հարուստ անտառներին հնարավոր չէ մոտենալ, քանի որ թշնամու նշանառության տակ են հայտնվել,- ասում է Սուրեն պապը, ով զբաղվում է մեղվաբուծությամբ:
Հանդիպեցինք նաև մեծշենցի երիտասարդ Սասուն Դավթյանին, ով, պարզվեց` ՏՏ-ոլորտի «Ես» կրթական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավարն է: Նա պատմեց «Ես»-ի մի կարևոր ծրագրի մասին, ըստ որի` գյուղերի երիտասարդներն, համապատասխան կրթություն ստանալով, կապահովվեն աշխատանքով` նպատակ ունենալով կասեցնել Արցախի համայնքներից երիտասարդների արտահոսքը։
Գյուղի զարգացման գործում մեծ նշանակություն է ունեցել դպրոցը, որը հիմնվել է դեռևս 1850 թվականին: Այն եղել է ծխական դպրոց։ Ուսուցչություն էր անում գյուղի քահանա Միքայել Թովմասյանը։ Դպրոցը պահվում էր համայնքի բնակիչների միջոցներով։ 1902 թվականին բաքվաբնակ բերդաձորցի Գրիգոր Ոսկանյանի միջոցներով կառուցվել է դպրոցական շենք։ Վերանորոգվել է միայն 2017թ.: Սաիդա Մելքումյանն արդեն 22 տարի է, ինչ աշխատում է Մեծ Շենի դպրոցում՝ որպես ուսուցչուհի: Նրա տեղեկատվությամբ`դպրոցն ապահովված է մասնագետներով, ցավոք, աշակերտների թիվն է քիչ:
-Պատերազմից անմիջապես հետո ենք վերադարձել գյուղ: Խնդիրներ շատ կան, բայց այսօր բոլորիս միակ երազանքն ու ցանկությունը խաղաղությունն է: Մյուս բոլոր խնդիրները լուծելի են,- ասում է տիկին Սաիդան:
Գյուղացիների ամենահուզող հարցը, բնական է, որ անվտանգությունն է, քանի որ թշնամին տեսանելի է անգամ անզեն աչքով: Բայց տեսանելի է նաև գյուղում ապրելու գյուղացիների անկոտրում ու հաստատակամ կամքը:
Էմմա ԲԱԼԱՅԱՆ