Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՉՆԱՅԱԾ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎԵԼՈՒՆ` ՀԱՄԱՅՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ ՈՒ ԱՐԱՐԵԼ

Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքը վերջին պատերազմի ժամանակ թեժ մարտերի կիզակետում էր: Գյուղը մշտապես ռմբակոծվում էր: Անգամ պատերազմից հետո Կարմիր Շուկան հաճախ էր թշնամու սադրանքի թիրախ դառնում: Համայնքի տների 90 տոկոսը, շատ թե քիչ չափով, վնասվել է հրետակոծություններից և ռմբակոծություններից:

Կարմիր Շուկայի համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը, ով 2019-ի սեպտեմբերից է ստանձնել համայնքապետի պաշտոնի պարտականությունները, ներկայացնում է այսօր գյուղում տիրող իրավիճակը:

Պատերազմի ընթացքում ավերվեցին նաև ենթակառուցվածքները: Վերականգնման աշխատանքները մեծ թափով էին ընթանում, վկայում է համայնքապետը` հավելելով, որ արդեն 2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ վերականգնված էին և՛ էլէկտրաէներգիայի, և՛ գազի մատակարարումը: Ներքին ջրատարի նորոգումից հետո արագ լուծվեց նաև ջրի մատակարարման հարցը: Մարդիկ սկսեցին վերադառնալ հարազատ օջախներ և, զուգահեռ դրան, ինտենսիվ կերպով սկսվեցին վնասված տների վերանորոգման աշխատանքները: Գործընթացում ներգրավված էին թե՛ Հայաստանից ժամանած և թե՛ տեղացի շինարարները: Աշխատանքներն այդ մեծ թափով շարունակվում են նաև 2022-ին, վկայում է նա:

Համայնքում կառուցվեց փայտե կոնստրուկցիաներով հավաքովի 5 առանձնատուն, որոնցից 3-ը տրամադրվեց գյուղի այն բնակիչներին, ում տներն ամբողջությամբ ավերվել են, 2-ն էլ` տեղահանված ընտանիքներին: Պատերազմից հետո Կարմիր Շուկայում բնակություն է հաստատել 17 տեղահանված ընտանիք, տեղեկացնում է նա ու շեշտում` քանի որ բնակֆոնդի 90 տոկոսն է վնասվել /անգամ հիմա փոխհրաձգությունից վնասվում են արդեն նորոգված տանիքները/, խիստ անհրաժեշտ են նոր կառույցներ:

Տվյալ պահին, տեղեկացնում է Ն. Աթայանը, հիմքից կառուցվում է 4 բնակելի տուն, որոնք պատերազմի ժամանակ ամբողջությամբ ավերվել են: Ընդհանուր առմամբ, նշում է նա, գյուղում կար ամբողջությամբ վառված 5 և 8 ավերված տուն, որոնց վերանորոգումն աննպատակ է: Զուգահեռ կատարվում են աշխատանքներ` ուղղված ավելի թեթև վնասված տների վերանորոգմանը:

Այսօրվա դրությամբ, տեղեկացնում է համայնքապետը, գյուղի բնակիչները գրեթե ամբողջությամբ վերադարձել են, ինչի մասին վկայում է նաև դպրոցում սովորող աշակերտների խոսուն թիվը` 200-ից ավելի: Մարդիկ շարունակում են ապրել հարազատ գյուղում և կապել իրենց երեխաների ապագան գյուղի զարգացման հետ: Ինչո՞վ է պայմանավորված նման լավատեսությունը:

-Կարծում եմ,- ասում է Ն. Աթայանը,- որ ոչ միայն Կարմիր Շուկայում, հարակից Թաղավարդում, այլև Արցախի մյուս բնակավայրերում ապրող մարդկանց մեծամասնությունն ուղղակի կապված է հայրենիքի հետ:

Համայնքապետը չի ժխտում, որ համայնքային կյանքին խոչընդոտող, անհանգստացնող շատ հանգամանքներ կան: Գյուղի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից հաճախակի են կրակում տարբեր զենքերից: Պատերազմից հետո գյուղամիջով հաճախ էին անցնում ադրբեջանցիների ավտոշարասյուները, ինչը լարվածություն էր առաջացնում: Բարեբախտաբար, շեշտում է նա, այս տարի ավելի քիչ են անցնում, և լուրջ միջադեպեր չեն գրանցվում, հույս կա, որ հայկական գյուղերով այդ շարասյուներն էլ չեն անցնի:

Ն. Աթայանը տեղեկացնում է, որ գյուղում պարբերաբար իրականացվում են տարբեր ծրագրեր` թե՜ կառավարության, թե՜ բարերարների կողմից: Պատերազմից տուժած բնակիչներին Կարմիր Խաչի կողմից տրամադրվում են 30 քառ.մ մակերեսով ջերմոցային տնտեսություններ, շրջվարչակազմի միջնորդությամբ էլ՝ տնկիներ` այգիներ հիմնելու նպատակով: Մի խոսքով, շեշտում է նա, բնակիչները ցանկություն չունեն լքել գյուղը, հակառակը` պատրաստակամությամբ են ընդունում ցանկացած օգնություն` այս կամ այն գործն սկսելու առումով:

Ամենահրատապ խնդիրներից երիտասարդ համայնքապետը մատնանշեց հրետակոծությունից ավերված տների վերականգնումը: Նրա կարծիքով, այս պայմաններում նոր տների կառուցումը կարող է թեթևացնել բնակարանային խնդիրը: Կան տեղահանված բնակիչներ Շեխերից, Ջիվանիից, Վերին Թաղավարդից, որոնք ուզում են Կարմիր Շուկայում բնակություն հաստատել, բայց նոր կամ վերանորոգված տների քանակը քիչ է, որպեսզի հնարավոր լինի ապահովել նրանց բնակարաններով: Կան դեպքեր, նշում է նա, որ պետությունն այդ ընտանիքների համար արդեն իսկ գնել է տներ, բայց դրանք նորոգման կարիք ունեն:

Իսկ գյուղի տարածքում կառուցվող բազմահարկ բնակելի տներն ո՞ւմ համար են նախատեսված` տեղահանվա՞ծ ընտանիքների, թե՞ նաև Կարմիր Շուկայի բնակիչների: 2019 թվականին, տեղեկացնում է համայնքապետը, սկսեցին բազմահարկ 2 բնակելի շենք կառուցել, յուրաքանչյուրը 16 բնակարաններով` 3 կամ 4-սենյականոց, նկուղային հարկով: Մինչև պատերազմը նախատեսված էր բնակարաններն այդ բաժանել համայնքի բազմազավակ և ՊԲ սպաների ընտանիքներին: Պատերազմից հետո որոշումը փոխվեց, իսկ խնդրի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: Համայնքի ղեկավարությունն իր հերթին առաջարկել է տրամադրել բազմազավակ ընտանիքներին, տեղահանված բնակիչներին, անօթևան մնացած համագյուղացիներին: Պատերազմի ժամանակ կիսակառույց այդ շենքերը բավականին վնասվել են, վկայում է Ն. Աթայանը, այս տարի շինաշխատանքները շարունակվել են, այժմ ավարտման փուլում են:

Գյուղապետը նշեց, որ մարդիկ զբաղվում են և՛ հողագործությամբ, և՛ անասնաբուծությամբ: 5 բնակիչ գյուղի մերձակա տարածքներում հիմնել են նոր այգիներ: Համայնքն ունի խմելու ջրի շուրջօրյա մատակարարում, բայց չունի ոռոգման ջուր: Կա ջրհոր փորելու ծրագիր, բայց այն կիրականացվի հաջորդ տարի: Գյուղացիներն աշխատում են նաև գինու, ձեթի գործարաններում շինարարական կազմակերպություններում: Գործում են դպրոցը, մանկապարտեզը, համայնքապետարանը, փոստի բաժանմունքը:

-Մի խոսքով,- գոհունակությամբ նշում է Ն. Աթայանը,- Կարմիր Շուկայում մարդիկ համեմատաբար ապահովված են աշխատանքով: Մի քանի ընտանիք խոշոր եղջերավոր անասուններ են պահում: 3 ընտանիք ոչխարաբուծությամբ են զբաղվում: Բավականին շատ ընտանիքներ էլ՝ խոզաբուծությամբ: Վերջինիս համար խթան է հանդիսացել Կարմիր Խաչի աջակցությունն այս հարցում: Ներկայում խոզաբուծությամբ ավելի շատ են զբաղվում, քան անցած տարիներին: Մոտ 200 հեկտար աշնանացան է իրականացվել, կատարված հունձքը բավականին լավ ցուցանիշ է ունեցել: Գյուղհիմնադրամի կողմից տրամադրվել են բարձր որակի սերմացուներ, պարարտանյութեր: Ճիշտ է,- ընդգծում է նա,- վարելահողերից 50-60 հեկտարը չեզոք գոտում է գտնվում, բայց խաղաղապահների ուղեկցությամբ կարողանում ենք բոլոր անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել: Խաղողայգիների զգալի մասը նույնպես չեզոք գոտում է գտնվում: Դրանց բերքահավաքն էլ կարողացանք կատարել` նույնպես խաղաղապահների օգնությամբ:

Ի մի բերելով համայնքում կատարվող աշխատանքները` Ն. Աթայանը նկատեց, որ պատերազմից հետո, չնայած թշնամու նշանառության տակ գտնվելուն, գյուղացիները մեծ նվիրումով են զբաղվում իրենց գործով, ավելի մեծ պատրաստակամությամբ են հակված իրականացնել հավակնոտ ծրագրեր, լարել ուժերը` հանուն թե՜ իրենց ընտանիքների բարեկեցության և թե՜ հարազատ գյուղի զարգացման` հասկանալով, որ յուրաքանչյուր արցախցուց է կախված երկրի հարատևությունը:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ