Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Արցախյան 44-օրյա պատերազմական իրականությունը լի է անհավատալի  պատմություններով: Այդ պատմություններն առավելապես ժամկետային ծառայության մեջ գտնվող, դեռ կյանքի գարունը չճաշակած տղաների մասին են, նրանց, ովքեր թշնամու դեմ-դիմաց էին, ում թիկունքում մենք թաքնվել էինք այդքան երկար, ովքեր մինչև վերջ հավատում էին հաղթանակին, անում անհնարինը դրան հասնելու համար ու այդպես էլ չեն հաշտվել պատերազմի շշմեցուցիչ արդյունքի հետ: Ալեքս Աղաջանյանը, ում 2020թ. հոկտեմբերի 3-ին  Վարանդա-Կարախանբեյլի հատվածից որպես զոհված էին տեղափոխում, այդ պատմությունների հերոսներից է:  Հադրութի զորամասում էր ծառայում: Երեք ամիս էր մնացել զորացրվելուն, ընտանիքն ապրում էր Քաշաթաղի Վարդուտ գյուղում, լավ էին ապրում, ինքն էլ գոհ էր ծառայությունից, վարորդ էր. ինչ մեքենա ասես` վստահում էին,  մանկուց էր հոր մեքենան թաքուն վարել ու սովորել` մայրն է ասում` ցավի և ուրախության արցունքներն աչքերին իր տղայի փոխարեն խոսող Վեներան: Պատերազմի առաջին օրերին հարավային սահմանն ամենածանր ուղղությունն էր,  թշնամին ամենաշատ հակագրոհներն ու ամենամեծ կորուստներն այդտեղ ստացավ, պատերազմի ամենաարյունալի օրերն էին նաև մեզ համար:  Ալեքսն «Կամազով» զինվորներին էր դիրքեր տանում, ընկերներին պատմելով`մեկ օր առաջ մնացել է դիրքում, հաջորդած ողջ օրը ծանր մարտեր էին, երեկոյան կողմ, օգտվելով դադարից, ընկերներով ուզում էին հաց ուտել, այդ պահին է նռնականետի արկն ուղիղ Ալեքսի կողքին պայթել: Ընկերն է շոշափել զարկերակն ու, չնայելով արյան մեջ կորած գլխին ու վերջույթներին, մինչև Հադրութ բաց չի թողել դաստակը` գոռալով, խնդրելով, որ խոսի իր հետ:  Հասցրել են Հադրութի հոսպիտալ, հետո Ստեփանակերտ, այնուհետև ուղղաթիռով` Երևան: Վիրավոր զինվորին սխալմամբ որպես Նարեկ էին գրանցել, արդեն Մուրացանի հոսպիտալում, թերևս, ողջ ուժը կենտրոնացնելով, ասել է` ես Ալեքսն եմ: Վերջին անգամ է արտաբերել իր անունն ու դրան հետևել է  ավելի քան մեկ ամիս տևած  կոմային վիճակը: Ծնողների ու հարազատների համար սկսվել են  ցավի, հույսի ու հուսահատության ու անընդհատ հրաշքի սպասման ծանր օրերը: Բժիշկները խուսափում էին հույս տալ հարազատներին:

Մեկ ամսից Ալեքսը բացել է աչքերը, սակայն կյանք վերադառնալու առաջին նշանները մի շաբաթ անց են երևացել. որդու մոտ օր ու գիշեր մենախոսող մոր ջանքերը զուր չեն անցել: Ծանր վերքերը խլել էին խոսելու, շարժվելու ունակությունը, մարմնի աջ կողմն անկենդան վիճակում էր: Դեկտեմբերի սկզբին այդ վիճակում են  տեղափոխել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն:
Անցել է երկու տարի, այսօր Ալեքսն ընտանիքի հետ ապրում է Ասկերանի Իվանյան համայնքում: Զինվորի տան բարձրակարգ մասնագետների, իսկ մինչ այդ էլ «Էրեբունի» ԲԿ հմուտ նեյրովիրաբույժների շնորհիվ Ալեքսն սկսել է շարժվել, մորը հենված քայլել: Արցախ տեղափոխվելու օրվանից գրեթե ամեն օր Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն էին բերում` բուժման ու վերականգնման հատուկ կարգ էին մշակել նրա համար: Ալեքսի համար կյանքը սկսվել է նորից,  նորից ծանոթացել է հարազատների ու հարևանների հետ, հիշել նրանց, նորից սովորել հնչյուններ արտաբերել, քայլել:  Առայժմ  Ալեքսը երեք բառ է ասում` «հա, չէ,  մամ»:  «Առաջին անգամ, երբ Երևանի հիվանդանոցի բակում սայլակի վրա նստեցրել էինք, ես գլուխն էի պահում, հայրը` մեջքը, Վարդուտի մեր հարևանը սայլակն էր քշում, ողջ Վարդուտն էր ուրախացած  հիվանդանոց եկել այդ օրը»,-մայրն է պատմում` մասնագիտությամբ մանկավարժ Վեներան: Մեր այցելության օրը Ալեքսը պիտի մեկներ Երևան, վեց ամիսը մեկ նրան «Զինվորի տանն» են հյուրընկալում`մեկամսյա բուժական ու վերականգնողական ծրագրով:  Ծնողների` Սոսի և Վեներայի համար շատ է դժվար, սակայն դժվարությամբ են խնդիրներից խոսում:  Ապրում են վարձով, Իվանյանի միհարկանի երկուսենյականոց առանձնատան համար ամսական  60 հազար են վճարում, 40 -հազարական դրամ կազմող բնակվարձերի փոխհատուցման ծրագրի շահառու չեն ճանաչվել, քանի որ այդ տունը նախկին կենվորների` դարձյալ տեղահանվածների համար վերանորոգվել է պետության կողմից: Պետությունն ամսական առաջին խմբի հաշմանդամ դարձած զինվորի համար որոշակի գումար է հատկացնում: Ուղեղի սալջարդ ու անոթին կպած բեկոր ունեցող Ալեքսը օրական երեք անգամ դեղեր է ընդունում, փոքրիկ հուզմունքի դեպքում նրա մոտ հանկարծակի ջղաձգումներ են լինում: Նման պահերին Ալեքսին ոտքի կանգնեցրած բժիշկը խստիվ պատվիրել է, որպեսզի շտապ օգնության բժիշկները կապվեն իր հետ: Եթե համապատասխան բուժօգնությունն ուշանա, հետևանքը ճակատագրական կարող է լինել: Ալեքսի հայրը մի քանի անգամ դիմել է համապատասխան կառույցներին` առաջնահերթություն ունեցող խմբում ընդգրկվելու և բնակարան ստանալու համար` պատասխանել են, որ Ալեքսի հաշմանդամությունը ժամանակավոր բնույթ ունի, որ նրանց բնակարանային պայմանները վատ չեն և այլն:

Սոսը նախկին զինծառայող է, այժմ գործազուրկ, «Կապավոր» շինարարական ընկերությունից են սեզոնային աշխատանքների կանչում:  Աղաջանյանները Քաշաթաղի Վարդուտի ամենաաշխատասեր ու գործարար ընտանիքն էին. «Սեփական ջիփ ունենք, բեռանատար այլ մեքենաներ, դա են մատնանշում, երբ խնդիրներից ենք խոսում: Գյուղը նվիրեցին, մեր ունեցածը չհանեի՞նք»,-դառնացած ասում է Վեներան: Նա նաև դիմել է Ասկերանի կրթության բաժին` դասվարի իր պարտականություններին վերադառնալու խնդրանքով. մեկ առաջարկ է եղել միայն` Խնձրիստանի դպրոցում ազատ տեղ կար, հասկանալի պատճառով մերժել է:

Պատերազմն այսօր էլ չի ավարտվել, մենք բոլորս այդ գիտակցումով ենք ապրում: Ալեքսի  առողջությունը հայրենիքի համար կորցրած տղաների համար այն ավարտվել է: Ալեքսի նման տղաներին բոլորս հերոսների շարքն ենք դասում, հաճախ` միայն խոսքով: Նրանք այսօր մի կողմ են  մղվել դժվար ու խառնակ իրավիճակում, ավելի ճիշտ, բազմաթիվ կարիքավորների, բողոքողների կողքին նրանցից շատերը համեստորեն սաստել են սեփական ձայնը` դրանով իսկ հետզհետե փոխակերպվելով վիճակագրական տվյալի` հաշմանդամների, ծանր ու թեթև վիրավորում ստացած զինվորների մասին թվական տվյալի. սա է ամենացավոտը նրանց հարազատների համար:
Երիտասարդ պաշտոնյայի` Ալեքսի հաշմանդամության ժամանակավոր լինելու մասին ասածը մինչև հոգու խորքը վիրավորել է զինվորի մորը: Վեներան ինքն իրեն  խոստացել է, եթե իր` երբեմնի ամենաչարաճճի, ամենաշատախոս, ամենաուժեղ ու կատակասեր տղան առաջվանը դառնա, հավաքելու է այս տարիների ընթացքում նրա ստացած նպաստն ու վերադարձնելու է պետությանը:   

 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ