Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԸ ԿՐԿՆՎԵԼՈՒ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

 

1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպեին, աղետալի երկրաշարժը վայրկյանների ընթացքում ավերեց Հայաստանի հյուսիսային հատվածի բնակավայրերի մեծ մասը։ Չնայած երեսունչորս տարի է մեզ բաժանում երկրաշարժից, բայց չսպիացած վերքը դեռ զգացնել է տալիս։ Դեկտեմբերի 7-ը մեր ազգի համար մնաց որպես սգո խորհրդանիշ…

Կարծում եմ, մենք պետք է ճիշտ դասեր քաղենք Սպիտակի երկրաշարժից և հատկապես իրավասու համակարգում խնդիրները ճիշտ լուծելու պարագայում շատ ավելի պատրաստ կլինենք բնության մարտահրավերներին։

Այս և այլ հարցերի մասին է զրույցը՝ «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Վարդգես ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆԻ հետ 

-Պարոն Ուլուբաբյան, երեք տասնյակից ավելի տարի է անցել Սպիտակի երկրաշարժից։ Կարողացա՞նք դասեր քաղել Հայոց ազգին պատուհասած արհավիրքից:

- Սպիտակի երկրաշարժը աշխարհի լավ ուսումնասիրվածներից մեկն է: Մասնագետները մանրամասն վեր են լուծել աղետի հիմնական պատճառները, որոնց հիման վրա ձեռնարկվել են քայլեր՝ սեյսմիկ վտանգի հուսալի գնահատման և պաշտպանության կազմակերպման ուղղությամբ: Եզրակացությունը մեկն էր՝ Սպիտակի ողբերգության դասերը պետք է դրվեն սեյսմիկ պաշտպանության ցանկացած խնդրի լուծման հիմքում:

Ցավալի է, սակայն, որ Սպիտակի դասերի մասին խոսում ենք տարին մեկ անգամ՝ դեկտեմբերից դեկտեմբեր։ 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժը ցույց տվեց, որ Խորհրդային Հայաստանը պատրաստ չէր դիմակայել բնության նման ահեղ աղետի։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուժեղ երկրաշարժերը կրկնվելու հատկություն ունեն։ Խնդիրն այն է, թե բնության կողմից մեզ հատկացված հարաբերական դադարի այս ժամանակահատվածն ինչպես է օգտագործվել թե՛ հասարակության և թե՛ պետական համապատասխան մարմինների կողմից։ Ինչքան հեռանում ենք նախորդ ուժեղ երկրաշարժից, այնքան մոտենում ենք հաջորդ նմանատիպ արհավիրքին։ Ուստի՝ հնարավոր երկրաշարժերից պաշտպանվելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները պետք է տարվեն մշտապես, այլ ոչ թե աղետից անմիջապես հետո, իսկ հետագայում էլ մոռանան դրանց մասին։

Հարկ է նշել, որ Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանում հսկայական աշխատանքներ կատարվեցին. 1991թ. ստեղծվեց ՀՀ ԿԱ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որի հիմնադիրը աշխարհահռչակ գիտնական Սերգեյ Բալասանյանն է։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվեցին տարածքային ստորաբաժանումներ, իսկ 1996թ. աշնանը ստեղծվեց ՀՀ ՍՊԱԾ-ի Լեռնային Ղարաբաղի բաժանմունքը, որը հետագայում դարձավ ՊՈԱԿ։ Ս. Բալասանյանի ծառայությունը սեյսմոլոգիայի բնագավառում այնքան է արժևորվել, որ 1998թ. ՀՀ ԿԱ ՍՊԱԾ-ը ճանաչվել է աշխարհում լավագույններից մեկը՝ օրինակ ծառայելով զարգացած երկրների համար. ՄԱԿ-ը հայաստանյան ծառայությանը շնորհել է Սասակավայի մրցանակ, որն այս բնագավառում հավասարազոր է Նոբելյան մրցանակին։ ՀՀ տարածքում գործում է ծառայության տարածաշրջանային և տեղական ցանցերի ավելի քան 150 կայան, իրականացվում են երկրակեղևի և մթնոլորտի սեյսմոլոգիական, երկրաֆիզիկական, ջրաերկրադինամիկական, երկրաքիմիական, գեոդեզիական և կենսաբանական շուրջօրյա դիտարկումներ։ Գործող ՊՈԱԿ-ներում առկա դիտացանցերի միջոցով մշտադիտարկում է կատարվում՝ ընթացիկ սեյսմիկ իրավիճակն ստուգելու համար։ Մեր ծառայությունն ամեն օր առավոտյան մինչև ժամը 10-ն այդ տվյալները փոխանցում է ՀՀ ՍՊՏԾ-ին։ Համապատասխան սարքերի միջոցով կատարվող դիտարկումներից բացի, մեզ մոտ՝ Ստեփանակերտ քաղաքում՝ Նաբերեժնայա փողոցում գտնվող հանքային թթու ջրի հետազոտություն է իրականացվում, որը բավականին ճշգրիտ տվյալներ է տալիս դրա բաղադրության մեջ 10 բաղադրիչների առկայության վերաբերյալ։ Վերջիններիս փոփոխությունները նախանշում են տարածաշրջանում տեղի ունենալիք երկրաշարժի մասին, բայց թե ինչ ուժգնությամբ և կոնկրետ որտեղ՝ հնարավոր չէ կանխատեսել. տարածաշրջանը մեծ է, իսկ երկրաշարժը սահմաններ չի ճանաչում։ Այսօրվա դրությամբ գիտությունը չի կարողանում հստակ որոշել այդ ամենը։ Բայց համոզված եմ, որ դրա ժամանակն էլ է գալու… Այժմ աշխարհում այդ ուղղությամբ հսկայական միջոցներ են ներդրվում։

Սպիտակի երկրաշարժի հիմնական դասը եղավ այն, որ Հայաստանում վերանայվեցին շինարարական բոլոր տեսակի նորմերը։ Մեր հանրապետությունում իրականացվող շինարարության ժամանակ՝ դեռ նախագծային փուլում, բոլոր աշխատանքները կատարվում են՝ հաշվի առնելով, որ շենքը պետք է ունենա 8-9 բալի հասնող սեյսմակայունություն։ Խորհրդային տարիներին ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար ընտրված էր 7 բալ սեյսմակայունության սանդղակը։

- Որքանո՞վ է հաջողվում իրականացնել Ձեր ծառայության առջև դրված խնդիրները։ Տեխնիկական ի՞նչ հնարավորություններ ունեք։

- Սեյսմապաշտպանական համակարգի ներդրումը և ընդհանրապես սեյսմիկ պաշտպանության իրականացումը ազգային անվտանգության խնդիր է։ Դեկտեմբերյան երկրաշարժի ժամանակ ընդամենը վայրկյանների ընթացքում զոհերի թիվը կազմել է 25 հազար, և սա՝ պաշտոնական տվյալներով։ Ընդ որում՝ լրիվությամբ ավերվեց Հայաստանի հյուսիսային մասը։ Այնպես որ՝ քամահրական կամ անպատասխանատու վերաբերմունքը ոլորտի հանդեպ՝ անթույլատրելի է։ Մեր աշխատանքներն իրականացնում ենք՝ առաջնորդվելով «Սեյսմիկ պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքով և կառավարության համապատասխան որոշմամբ։ Վերջինս երկարաժամկետ ծրագիր է, որն ուղղված է ԼՂՀ տարածքում սեյսմիկ ռիսկի գնահատմանն ու նվազեցմանը։ Սեյսմիկ ռիսկը հնարավոր մարդկային և նյութական կորուստներն են երկրաշարժի դեպքում։ Ուստի ամբողջ աշխատանքները նախ պետք է ուղղված լինեն սեյսմիկ ռիսկի գնահատմանը, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն դրա նվազեցման համար։ Այս առումով կարևորելով սեյսմակայուն շինարարության իրականացումը, մեր ծառայության կողմից կատարվում են հանրապետության տարածքում հատուկ, կարևոր, ընդհանուր նշանակության օբյեկտների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ։ Դրանք իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, որոնց էլ տրամադրվում են կազմված եզրակացության պատճենները՝ շրջաններում իրենց հետագա աշխատանքների ժամանակ հաշվի առնելու նպատակով։

- Բնակչությանն ուղղված Ձեր խոսքը։

- Նախ՝ պահպանել երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները՝ աղետի ժամանակ և հետո։ Չհետևել որևէ մեկի կողմից անզգույշ, անհիմն արված հայտարարությանը։ Երբեք խուճապի չմատնվել։ Երկրաշարժը տևում է մի քանի վայրկյան, և այդ ժամանակ ոչինչ ձեռնարկել հնարավոր չէ։ Կան ընդամենը պաշտպանվելու վարքականոններ, որոնց ուսուցմամբ զբաղվում է մեր ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների բաժինը, որը դասընթացներ է վարում հանրապետության հիմնարկ-ձեռնարկություններում, հանրակրթական դպրոցներում։ Անգամ մանկապարտեզներում ենք միջոցառումներ կազմակերպում՝ երկրաշարժից պաշտպանվելու տարրական կանոնները երեխաներին սովորեցնելու նպատակով։ Ընդհանրապես, յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա, այսպես կոչված, ահազանգի պայուսակ, որտեղ պետք է լինեն ընտանիքի անդամների փաստաթղթերը, թեկուզ մի փոքր շիշ ջուր, առաջին օգնության պարագաներ և այլն։ Մարդիկ պետք է մի քանի պարզ կանոն իմանան. երկրաշարժի ժամանակ չի կարելի օգտվել վերելակից, տանը՝ սենյակում գտնվելիս պետք է կանգնել հիմնական պատերի տակ։ Փողոցում չպետք է կանգնել էլեկտրական սյուների տակ, բարձրահարկ շենքերի մոտ և այլն։ Շենքի ստորին հարկերում գտնվելիս պետք է անհապաղ դուրս գալ և հեռանալ բաց տարածություն:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ