Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՈԼՈՐՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

Դեկտեմբերի 7-ի կեսօրից հետո սննդային թունավորման ախտանշաններով ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում է ընդունվել 26 երեխա: Երեխաներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Դեկտեմբերի 8-ի Ժամը 10:30-ի դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում շարունակել են բուժում ստանալ 2 երեխա: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար: Խնդրի առնչությամբ մեզ պարզաբանումներ տվեցին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման մանկաբույժ Էռնեստ ԼԱԼԱՅԱՆԸ և «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ- ի գործադիր տնօրեն Օֆելյա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։

Է. Լալայանի տեղեկատվությամբ՝ դեկտեմբերի 7-ի կեսօրից սկսած սննդային թունավորման ախտանշաններով «Արևիկ» բուժմիավորում ընդունված նախադպրոցական և դպրոցական տարիքի բոլոր երեխաների մոտ ախտորոշվել է սուր գաստրիտ՝ ուղեկցվող անզուսպ փսխումներով (8-15 անգամ)։ Ընդ որում, փորլուծություն և ջերմություն ունեցել են միայն երկու երեխա։ Պարզվել է, որ բոլոր երեխաներն անխտիր այդ օրը սնվել են կաթնամթերքով (թթվասեր և կաթնաշոռ)։ «Երեխաների վիճակն ընդհանուր առմամբ բնորոշվել է միջին ծանրության։ Նրանց ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն. կատարել ենք ներերակային թերապիա և 1-2 ժամից բոլոր երեխաների վիճակը եղել է բավարար։ Գիշերվա ընթացքում ընդունվել է ևս 10 երեխա, որոնք ևս ստացել են ամբուլատոր բուժօգնություն։ Ներկայումս բոլոր երեխաների վիճակը բավարար է»,- նշեց մանկաբույժը։ Տեղում երեխաներից վերցվել են անհրաժեշտ նմուշներ հետազոտություններ իրականացնելու համար։ Դեկտեմբերի 8-ի առավոտյան սննդային թունավորման նոր դեպքեր չեն գրանցվել։ Էռնեստ Լալայանի կարծիքով՝ եթե թունավորումը լիներ բակտերիալ ինֆեկցիա, ապա երեխաների վիճակը ծանր կլիներ, իսկ տվյալ դեպքում առկա են թույլ թունավորման նշաններ, ինչի վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկություններ կլինեն համապատասխան հետազոտություններից հետո։

Թեմայի առնչությամբ մեր հարցերին պատասխանեց նաև ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ- ի գործադիր տնօրեն Օֆելյա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։

- Սննդային թունավորման ախտանշաններով ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ընդունված 26 երեխաներն էլ սնվե՞լ են կաթնամթերքով։

- Մենք դեկտեմբերի 7-ին տեղեկություն ենք ստացել «Արևիկ» բուժմիավորման մանկական բաժանմունքից, որ նրանց մոտ ընդունվել են սուր գաստրիտի թունավորման նշաններով երեխաներ։ Մեր բժիշկներն անմիջապես ճշտել են բոլոր երեխաների տվյալները, նրանց հասցեները և թե ինչով են նրանք սնվել այդ օրը։ Ստացված տեղեկությունների համաձայն` բոլոր այդ երեխաներն առավոտյան սնվել են դեկտեմբերի 6-ի արտադրության կաթնամթերքով, մասնավորապես թթվասերով և կաթնաշոռով։ Ընդ որում, թունավորման ախտանշաններն ի հայտ են եկել հիմնականում Ստեփանակերտի թիվ 7 դպրոցի նախադպրոցական բաժնի սաների, ինչպես նաև 1-5 տարեկան այլ երեխաների շրջանում։

- Ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել խնդիրը պարզելու առումով։

- Հրահանգել ենք բոլոր խանութների վաճառքից հանել տվյալ ընկերության կաթնամթերքը, իսկ մեր լաբորատորիայի մասնագետների կողմից վերցվել են համապատասխան նմուշներ, որ իրականացնեն հետազոտություններ։ Համապատասխան արտադրության թթվասերի ու կաթնաշոռի նմուշների հետազոտությունների արդյունքները հայտնի կլինեն առաջիկա երկու օրվա ընթացքում։ Այսօր մեր մասնագիտական երկու խմբերն այցելել են Ստեփանակերտի համար 7 դպրոցի ճաշարան և կաթնամթերքի արտադրամաս ու տեղերում վերցրել հետազոտության անհրաժեշտ նմուշներ, ստուգել բոլոր աշխատակիցների սանիտարական գրքույկները։ Կաթնամթերքի արտադրամասի բոլոր աշխատակիցներին հրահանգվել է ներկայանալ Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն հետազոտվելու։ Միայն համապատասխան հետազոտական և համաճարակաբանական աշխատանքներից հետո տվյալ արտադրամասը կշարունակի թողարկել և վաճառել կաթնամթերքի արտադրանքը։ Շրջաններում ևս հրահանգել ենք իրականացնել ստուգումներ և ներկայումս թունավորման նման դեպքեր չեն գրանցվել։

- Իսկ բացառե՞լ եք ջրի կամ այլ գործոնների հետևանքով թունավորված լինելը։

- Իհարկե, մենք անմիջապես ստուգել ենք բոլոր գործոնները և ըստ երեխաների շրջանում ի հայտ եկած ախտանշանների կարող ենք ասել, որ մենք գործ ունենք սննդային թույլ թունավորման դեպքերի հետ։ Նշենք, որ վերոնշյալ օրվա արտադրանքի կաթնամթերքով սնվել են նաև մեծահասակներ, բայց նրանց մոտ թունավորման դեպքեր չեն եղել, իսկ քանի որ երեխաների օրգանիզմը ավելի թույլ է, ուստի նրանք ավելի խոցելի են։ Մենք օպերատիվ արձագանքել ենք իրավիճակին և առաջիկայում կհայտնենք հետազոտության արդյունքները։

 Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ