[ARM]     [RUS]     [ENG]

«Գթության մայր»-ը` հաշմանդամ երեխաների կողքին

«Գթության մայր» մշակութային բարեգործական կազմակերպությունը գործում է 2008 թվականից և այդ ընթացքում հասցրել են կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ ու  իրականացնել աջակցության ծրագրեր։

«Գթության մայրն» մշակութային բարեգործական ընկերության գործադիր տնօրեն Իրինա Քեշիշյանը կազմակերպությունը ղեկավարում է 2014 թվականից։ «Այդ ընթացքում հասցրել ենք լուծել մի շարք խնդիրներ։ Այսօր մեր կազմակերպություն է հաճախում ավելի քան 70 երեխա, որից 35-ը` առողջական խնդիրներ ունեցող: Երեխաներ ինտեգրելու նպատակն այն է, որ շփվեն միմյանց հետ, որպեսզի հաշմանդամ երեխաներն իրենց օտարված չզգան հանրությունից։ Արդեն ունենք դրական արդյունք։ Մենք նկատել ենք, որ, առողջ երեխաների հետ շփվելով, մեր երեխաներն ավելի են բացվում, մարդամոտ դառնում և սկսում են ցույց տալ իրենց ներսում թաքնված տաղանդները։ Կան երեխաներ, որոնք այս ընթացքում սովորեցին նկարել ու երգել, կազմակերպությունը նաև օգնում է ծնողներին, որպեսզի կարողանան աշխատել։ Ծնողները մեծ հույսով են համագործակցում մեզ հետ և մենք փորձում ենք ամրապնդել այդ հույսը  և ցույց տալ դրա պտուղները»,- նշում է Իրինա Քեշիշյանը:

Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ, «Գթության մայր» մշակութային բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ և Ani food ռեստորանային համալիրի տնօրեն՝ Աշխեն Դադայանի հովանավորությամբ կազմակերպվել է տոնական հավաքույթ, որին ներկա էին նաև ծնողները։ Նրանցից ոմանք, կամավորական սկզբունքով, աշխատում են  կազմակերպությունում։

Հինգ երեխաների մայր Ռուզաննա Խաչատրյանի  երկու հաշմանդամ երեխաները տարիներ շարունակ այցելում են «Գթության մայր» կազմակերպություն: Ռուզաննան միշտ նրանց կողքին է, պատրաստակամ ցանկացած հարցով օգնելու։

«Երեխաներս հաճախում են  Վերականգնողական կենտրոն, որտեղ նրանց հետ աշխատում են հոգեբաններ և համապատասխան մասնագետներ։ Երեխաների վիրահատությունը մեծ գումար է պահանջում, սակայն մեր հնարավորությունները չեն ներում, որպեսզի կարողանանք այն իրականություն դարձնել։ Ես հավատում եմ, որ մի լույս կբացվի և մի բարի ձեռք կօգնի, որպեսզի երեխաներս մի օր կարողանան քայլել»,- ասում  է Ռուզաննա Խաչատրյանը։ 

Իրինա Քեշիշյանի խոսքով՝ կազմակերպության մշտական հովանավորն է «Հայկական Կարիտաս» բարեգործական ընկերությունը։

 

 

Նանիկ Աղասյան