ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԾԵՍ
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
Մարդու կյանքը ներկայացնում է հաջորդական անցումների ամբողջություն՝ մի տարիքից մյուսը, գործունեության մի տեսակից մյուսը։ Իր կյանքի ընթացքում որոշակի անցումային փուլեր կատարելով՝ մարդը ստեղծում է կարգուկանոնի համակարգ։
Այդպիսի փուլեր են համարվում ծնունդը, հասունացումը, ամուսնությունը, հայրությունը (մայրությունը), հասարակական դիրքի ամրապնդումը, մասնագիտացումը և մահը: Յուրաքանչյուր փուլային անցում ուղեկցվում է որոշակի ծեսերով, որոնց նպատակն է ապահովել մարդու անցումը մի կարգավիճակից մյուսին։ Թաղման ծեսը, կյանքի և մահվան մասին պատկերացումները կենտրոնական տեղ են զբաղեցնում յուրաքանչյուր ժողովրդի ծիսական-առասպելական մտածողության մեջ։ Թաղման ծեսերի տարբերությունը կախված է անդրաշխարհի մասին պատկերացումների բազմազանությունից: Ըստ քրիստոնեական հավատամքի` մահը հոգու բաժանումն է մարմնից: Մահը լինում է երկու տեսակ՝ հոգեւոր եւ մարմնավոր: Հոգեւոր մահն այն է, երբ մարմինը, կենդանի եւ առողջ լինելով հանդերձ՝ հոռի կյանք է վարում, առողջ մարմինն էլ, անարգ ու վատթար վարք ունենալով, մեռցնում է հոգին: Իսկ մարմնավոր մահը երկակի է. նախ՝ երբ հոգին, բնականոն կյանք վարելով, առաքինի գործերի միջոցով մարմինը, հասցնում է մահվան` ինչպես Պողոս առաքյալն է ասում. ՙԹեեւ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է՚ (Բ Կոր. 4.16), երկրորդ՝ երբ մարդու հոգին բաժանվում է մարմնից:
Երբ մարդը մահանում է ֆիզիկապես` փչում է շունչը, ավանդում է հոգին, իսկ մարմինը վերադառնում է հողին, ըստ այդմ` ՙՀող էիր, հող կդառնաս՚ (Ծննդոց 3:19): Մահացածի մարմինը հողին հանձնելով` քրիստոնյան հավատում է, որ հոգին ապրում է: Քրիստոսի հարության շնորհիվ ոչնչացվել է մահվան զորությունը: Մահն այլևս չի ընկալվում իբրեւ կյանքի անզոր ընդհատում, այլ` հոգու վերադարձ Աստծո ներկայության մեջ: Այդ պատճառով քրիստոնյան մահացածի վրա չպիտի ողբա, մազերը փետի, այլ պետք է աղոթքով նրան գերեզման ուղեկցի, հավատալով, որ հանգուցյալը սպասելու է հարության` Աստծո շնորհով:
Խորհրդային Միության կոմունիստական գաղափարախոսության առանցք հանդիսացող աթեիզմը հայ մարդուն, հատկապես արցախահայությանը, որը գտնվում էր նաև ադրբեջանական իշխանությունների անմիջական հսկողության տակ, փորձել է կտրել նրան հավատքից ու քրիստոնեական բարի սովորույթներից: Առավել ուշադրության է արժանի հուղարկավորության ժամի խնդիրը: Այսօր Արցախում դեռևս շարունակվում է կյանքի կոչվել հանգուցյալին ժամը 12-ին, երկուշաբթի օրերն էլ` 13:00-ին, ինչը սնոտիապաշտություն է (թյուր կարծիք կա` երկուշաբթի մինչև կեսօր ինչպես սկսես, այնպես էլ կշարունակվի ողջ շաբաթը), տնից վերցնելու քրիստոնեական տեսանկյունից ոչ հարմար սովորությունը: Բանն այն է, որ մարդիկ ցանկանում էին մինչև ճաշի ժամն ավարտել թաղումը (ժամը 13:00-ից 14:00-ն): Ինչո՞ւ ենք նշում, որ սա քրիստոնեությանը հարմար չէ, որովհետև ժամը 12-ին, հատկապես կիրակի և տոն օրերին, սուրբ Պատարագն ավարտված չի լինում, հետևաբար համայնքի քահանան չի կարող թողնել կարևոր ծեսը հանգուցյալին հանդերձյալ կյանք տեղափոխելու քրիստոնեավայել արարողություն կատարելու համար: Ինչպես փոքրիկ ճեպազրույցում նշել է Նորք-Մարաշի սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդատու քահանա տեր Զգոն Աբրահամյանը, հանգուցյալին վերցնելու ժամը հոգևոր իմաստով նշանակություն չունի, որոշում են ըստ հարմարության։ Վաթսունականներին հուղարկավորում էին երեկոյան։ Ձմռան ամիսներին` ժամը 13-ից 14-ը, քանի որ մութը շուտ է ընկնում, ամռան ամիսներին` 14-ից 15-ը։ Ուստի, եթե հնարավոր է, ըստ եղանակային հարմարության ժամը տեղափոխել, ապա ինչու Արցախում, մինչև հիմա, ի հակադրություն հոգևորականների հորդորի, մարդիկ ոչ մի կերպ չեն ցանկանում փոխել ժամը, որպեսզի հնարավոր լինի հանգուցյալին արժանավայել տեղափոխել հանդերձյալ կյանք: Եվ, բացի այդ, ճաշից հետո թաղումը կազմակերպելը ցանկալի է նաև այն առումով, որպեսզի հոգեհացի սեղան կազմակերպելու վրա ստիպված չլինեն մեծ գումարներ ծախսել, այլ, ըստ հնարավորության, հանգուցյալի հոգու փրկության համար, ողորմություն բաժանեն աղքատներին:
;