[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈԳԵՎՈՐ ՀԱՄԵՐԳ` ՈՐՊԵՍ ՅՈՒՐՈՎԻ ՊԱՅՔԱՐ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 ՙԱշխարհի հայեր՚ Գիտապատմական մշակութային (ԳՊՄ) բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ մարտի 8-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ վերջին համերգ`ՙԼույս Եղիցի՚ հոգևոր համերգային ծրագրի շրջանակներում: Մինչ այդ ծրագրի շրջանակներում համերգներ են անցկացվել Ասկերանում, Բերձորում, Մարտունիում, Շուշի քաղաքում, Շուշիի քրեակատարողական հիմնարկում: Ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի թեմի հոգևոր քարոզչական կենտրոնի տնօրեն, Ասկերանի շրջանի հոգևոր առաջնորդ Մեսրոպ քահանա Խունոյանը, ՄԵՀԶ նախարարության ազգային փոքրամասնությունների և կրոնի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը:

Համերգի սկզբում ՙԼույս Եղիցի՚ ծրագիրն օրհնվեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից:
Ծրագրի նպատակների մասին խոսք ասաց ՙԱշխարհի հայեր՚ կազմակերպության նախագահ Անահիտ Դանիելյանը: Ծրագիրը կոչված է միջնադարյան հայ քնարերգուների, տաղերի ու շարականների միջոցով անեղծ պահել հայ մարդու հոգու քրիստոնեական արժեհամակարգը, ամրապնդել հավատը: Կազմակերպության նախագահը շեշտեց, որ ծրագիրը մշակելիս հաշվի է առնվել հոգևոր դաշտում առկա իրավիճակը` կապված աղանդավորների կողմից կազմակերպված հայ քրիստոնյա մարդու հոգին ավերելու, քայքայելու, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց հեռացնելու, հայ քրիստոնյային իրենց հրեշավոր ազդեցության տակ գցելու ազգակործան գործընթացը:
Այնուհետև հոգևոր անվտանգության իրավիճակի մասին զեկուցեց ՄԵՀԶ նախարարության ազգային փոքրամասնությունների և կրոնի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը, ով համարում է, որ տեղի ունեցող բազմադավանությունը մեր փոքր երկրի համար լի է վտանգներով, որի դեմ պետք է պայքարել` օրինակելով պայքարի ձևը գտած երկրներին: Նա ներկաներին ծանոթացրեց այդ ասպարեզում տիրող ՀՀ-ի վիճակագրության հետ, որը հոգևոր անվտանգության տեսակետից բավականին վտանգավոր բնույթ է կրում: Խղճի ազատության եւ ցանկացած կրոն ազատ դավանելու պատրվակով Հայաստան են թափանցել եւ պետական գրանցում ստացել մոտ 70 կրոնական կազմակերպություններ, որոնց 70 %-ը աղանդավորականներ են: Ըստ Ա. Սարգսյանի` Արցախում իրավիճակն ավելի լավ է` գրանցված են միայն քրիստոնյա քույր եկեղեցիներ ներկայացնող կազմակերպությունները: Չգրանցված աղանդավոր խմբերն են՝ ՙԵհովայի վկանները՚, ՙԱրթնության կրակը՚, ՙՅոթերորդ օրվա ադվենտիստները՚, ՙՌեման՚, ՙԱգապեն՚, ՙՀիսունականները՚: Սակայն պատերազմական իրավիճակում այդ ավերիչ կրոնական կազմակերպությունները կարող են կործանարար դեր խաղալ:
ՙԱշխարհի հայեր՚ կազմակերպությունը փորձում է պայքարել այդ վտանգի դեմ նաև հոգևոր համերգային ծրագրերով, ինչպիսինն է ՙԼույս Եղիցին՚, ընդգծել է կազմակերպության նախագահը, հավելելով, որ ՙԼույս Եղիցի՚ համերգային ծրագրով հանդես կգան նաև Հայաստանում: Համերգի կատարողներն էլ այդ նույն ծրագրի մասնակիցներն են, տեսողական խնդիրներ ունեցող` Երևանի հատուկ ստեղծագործական կենտրոնի շրջանավարտ, մեներգչուհի Լուսինե Դավությանը և Երևանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի ազգային նվագարանների բաժնի շրջանավարտ Հակոբ Բաբայանը: Լուսինե Դավությանը կատարեց միջնադարյան հայ քնարերգուների տաղեր, շարականներ: Հակոբ Բաբայանն էլ կատարեց Կոմիտասի ստեղծագործություններից: