ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՈՒՄ Է ՄԵԶԱՆԻՑ
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման արարողությունից կես տարի անց ցանկություն առաջացավ զրուցել եկեղեցու հովվի հետ. այս կարճ ժամանակահատվածում Մայր տաճարը կարողացա՞վ, արդյոք, իր շուրջը համախմբել Քրիստոսի մոլորված զավակներին: Ինչպես եկեղեցու հոգևոր հովիվն է իր պատգամներից մեկում ասել` կես տարին, այսպես կոչված` հետախուզական շրջան էր, որի ընթացքում հասցրել են միայն ՙսերմեր՚ ցանել: Կես տարվա մեջ դեպի եկեղեցի մարդկանց զգալի հոսք է նկատվում: Ուրախալի է, որ շատերը, զուտ հետաքրքրությունից դրդված, եկեղեցի մտնելով և տեսնելով իրենց համար անծանոթ արարողություններ, ինչպես նաև լսելով քահանայի հետաքրքիր ու բանիմաց պատգամները՝ ցանկանում են առավել մոտիկից ծանոթանալ հոգևոր կյանքին: Բայց, ցավոք, ոմանց համար եկեղեցին դեռևս միայն զուտ զբոսաշրջության, մոմ վառելու կամ սելֆի անելու վայր է, ուստի այս մարդիկ, չունենալով համապատասխան գիտելիքներ, բարձր զրույցներով, աղմուկով, հեռախոսազանգերով խանգարում են ծեսերին: Գուցե այն ծրագրերը, որոնցից շատերը կյանքի են կոչվել արդեն նոյեմբեր ամսից, վերջիններիս էլ կօգնեն ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ ու մասնակցել արարողություններին:
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա ԱՍՐՅԱՆԻ հետ զրույցից տեղեկացանք եկեղեցում նոյեմբեր ամսից մեկնարկած, Արցախի համար աննախադեպ նոր ծրագրերի մասին:
-Տեր Հայր, ի՞նչն է խթան հանդիսացել նոր ծրագրեր սկսելու համար, չէ՞ որ առանց այն էլ Մայր տաճարում ձեր ծառայությունն այնքան էլ դյուրին չէ:
-Մենք նոյեմբերից սկսել ենք ծառայությունների նոր փուլ: Ըստ էության, եկեղեցու բացման առաջին իսկ օրերից մենք ունենք հովվական գործունեության աստիճանական ընդլայնման ծրագիր: Քանի որ եկեղեցու բացմանը հաջորդեց Հինանց շրջանը (Զատկից մինչև Հոգեգալուստ հիսուն օրվա շրջանը կոչվում է ՙՀինունք՚), մենք ձեռնամուխ եղանք պետական կառույցներում տնօրհնեքի կարգի կատարմանը: Այս ծրագրի շնորհիվ, բացի նրանից, որ մենք նրանց փոխանցում ենք եկեղեցու օրհնությունն ու Քրիստոսի Հարության ավետիսը, նաև առիթն օգտագործելով, փորձում ենք եկեղեցական կյանքին ակտիվ ներգրավվածություն չունեցող ՀԱԵ հետևորդներին ևս մեկ անգամ հոգևոր սնունդ փոխանցել: Երկրորդ ծրագիրը հոգևոր քարոզչությունն է, որն իրականացվում է ուրբաթ օրերին ժամը 16:00-17:00 ընկած ժամանակահատվածում: Ինչպես գիտեք, եկեղեցու ներքնահարկը նախատեսված է հենց քարոզչության համար, բայց քանի որ դեռևս կահավորված չէ, ջեռուցում էլ չկա, որոշեցինք քարոզչության ծրագիրը չհետաձգել, այլ սկսել հիմա. եթե սպասենք կատարյալ պայմանների, հնարավոր է երբեք էլ չգործենք:
-Տեր Հայր, քանի որ ուրբաթը աշխատանքային օր է, ժամն էլ հարմար չէ, հնարավոր չէ, արդյո՞ք, փոխել օրն ու ժամը:
-Այո, ես էլ եմ լսել նման մտահոգություններ: Մենք կընդառաջենք հավատացյալներին, և դեկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթվա մեջ քարոզչության օրը կտեղափոխենք հինգշաբթի՝ ժամը 18:00-19:00-ը: Բայց պետք է ցավով նշեմ, որ այն մարդիկ, ովքեր ակտիվ բողոքում են Առաքելական եկեղեցում քարոզչության պակասից, ոչ միայն ուրբաթ օրը, այլև, առհասարակ, չեն գալիս անգամ պատարագներին: Լավագույն դեպքում մտնում են մի կարճ ժամանակով, մոմ վառում, լուսանկարվում և հեռանում: Ես վստահ չեմ, որ օրը և ժամը փոխելը մարդկանց մեծ հոսք կապահովի…
-Կարծում եմ` մարդկանց քանակը չպետք է ձեզ հուզի, ի վերջո, Հիսուսն էլ 12 առաքյալների օգնությամբ քրիստոնեությունը տարածեց ամբողջ աշխարհում:
-Իհարկե, եթե անգամ մեկ հոգի լինի, ես անպայման կքարոզեմ: Չէ՞ որ քահանայի հիմնական գործը դա է: Ինչպես ասում է Հովհան Ոսկեբերանը` հոգևորականը պետք է միշտ քարոզի, անկախ նրանից լսող կա նրան, թե չէ: Ինչպես աղբյուրից է մշտապես ջուր բխում, անկախ նրանից խմող կա, թե ոչ: Բնականաբար, մարդկանց պասիվության մեջ մեր մեղքի բաժինն էլ կա, պետք է ամեն մեկս տեսնենք մեր թերություններն ու շտկենք:
Մենք պլանավորում ենք նաև շուտով կազմակերպել հոգևոր զրույցներ, որ էությամբ տարբերվում է քարոզչությունից: Զրույցների ընթացքում հավատացյալները քահանայի, մյուս սպասավորների և իրար հետ հնարավորություն կունենան շփվելու, կիսվելու հուզող հարցերով, մտահոգություններով, հոգևոր վկայություններով: Սա հնարավորություն կտա նրանց իրար հետ մտերմանալու: Ի վերջո, այս ծրագրերի վերջնական նպատակը կայուն և հասուն եկեղեցական համայնք ստեղծելն է:
-Շատերը ցանկանում էին Հաղորդություն ստանալ նաև շաբաթ օրերին: Գիտենք, որ այս ուղղությամբ ևս ընդառաջել եք հավատացյալներին:
-Հաշվի առնելով, որ մեր հավատացյալների մեջ կան վատառողջ մարդիկ, փոքր երեխա ունեցողներ, հղի կանայք, ովքեր միշտ չեն կարողանում կիրակի օրերին երկուսուկես ժամ մասնակցել Սուրբ Պատարագին, որոշեցինք շաբաթ օրերին կատարել թիվ պատարագ և տալ Հաղորդություն: Այս ծրագիրը նույնպես սկսեցինք իրականացնել նոյեմբեր ամսից, բայց ակտիվություն ապահովելու համար հավատացյալները նույնպես պետք է օգնեն` նոր ծրագրերի մասին տեղեկացնելով մյուսներին:
-Տեր Հայր, շատերը բողոքում են, որ չեն կարողանում գալ ժամերգությունների` ցրտի պատճառով: Ինչպե՞ս է լուծվելու եկեղեցու ջեռուցման հարցը:
-Նախ նշեմ, որ քրիստոնեությունը հարմարավետության կրոն չէ. չէ՞ որ քրիստոնյաները մեծ զոհողությունների գնով են պաշտպանել իրենց հավատքը, իսկ այսօր մենք չենք ուզում անգամ մի քիչ դիմանալ ցրտին: Իհարկե, ջեռուցման մասին մտածում ենք: Բայց քանի որ եկեղեցին չունի հովանավոր, ոչ էլ անգամ խաչքավոր, ստիպված ենք օգտվել թեմի միջոցներից, ինչը սխալ եմ համարում, քանի որ թեմի խնդիրներն էլ շատ են:
-Իսկ տասանորդի հարցն ինչպե՞ս է դրված: Գուցե հավատացյալները կարողանա՞ն տասանորդների միջոցով ինչ-որ կերպ հոգալ եկեղեցու կարիքները:
-Չնայած որ նախկինում հոգևորականներին հենց համայնքն էր պահում, այնուամենայնիվ, մենք չենք շոշափում տասանորդի թեման, որովհետև դա կարող է սխալ մեկնաբանվել: Ամեն հավատացյալ իր խղճով է շարժվում: Մենք երբևէ աչք չենք դնում նրանց գումարների վրա: Իսկ 21-րդ դարում մարդկանց մոտ ավելի շատ սպառողական հոգեբանությունն է գործում, ամեն ինչից փորձում են օգուտ քաղել սեփական անձի համար: Ցավոք, այս մտածողությամբ մարդիկ մտնում են եկեղեցի և ամեն ինչից դժգոհում, չմտածելով, որ այդ հարցերի լուծումը բոլորիս խնդիրն է:
-Վերջերս մամուլում և սոցցանցերում ակտիվ շրջանառվում է ՀԵՊ առարկայի դասավանդման թեման: Ի՞նչ եք կարծում, ավելի լավ չէր լինի, որ դրա փոխարեն դպրոցներում դասավանդվեր կամ քարոզվեր Ավետարանը՝ առաքելական ու ճիշտ վարդապետական մոտեցմամբ:
-Որքանով տեղեկացված եմ, ՀԵՊ առարկայի դասավանդումն սկսվել է Արցախից` Պարգև արքեպիսկոպոսի անմիջական աջակցությամբ, այնուհետև տարածվել է ամբողջ Հայաստանով: Սկզբում առարկան կրոն էր կոչվում, բայց քանի որ բողոքներ եղան այլադավան ծնողներից, այն փոխարինվեց ավելի ընդունելի՝ ՙՀայ եկեղեցու պատմություն՚ տարբերակով: Իհարկե, թերություններ այստեղ կան, քանի որ առարկան դասավանդում են ոչ մասնագետները, անգամ աղանդավորները, որոնք էլ, օգտվելով առիթից, իրենց քարոզչություններն են անում: Ինչ մնում է այն առաջարկությանը, թե իբր առարկան կարելի է ներգրավել հայոց պատմության մեջ, ընդունելի չէ, քանի որ այստեղ կան կրոնական տարրեր: Ոմանք ասում են, որ կան փոքրամասնություններ, որոնց կարծիքը նույնպես պետք է հաշվի առնվի: Ժողովրդավարության գաղափարներով տոգորված այս մարդիկ հաշվի չեն առնում, որ ժողովրդավարությունը ժողովրդի մեծամասնության իշխանությունն է, այլ ոչ թե առանձին փոքրամասնությունների: Երբ երկրի ղեկավար է ընտրվում, ոչ բոլորն են գոհ մնում, բայց ընտրվում է նա, ում մեծամասնությունն է հավանություն տալիս: Չպետք է մոռանանք, որ հայ ժողովրդի մեծ մասը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, ուստի պետք է հարգվեն մեծամասնության ցանկությունն ու կարծիքը: Բայց ՀՀ-ում ապրում են այլ ազգի մարդիկ ևս, որոնք փոքրամասնություն են կազմում, և եթե դպրոցներում պարտադիր դասավանդվում է հայոց պատմություն, հայոց լեզու, հիմա ինչ է ստացվում, դրանք էլ պետք է հանվի, որպեսզի վիրավորվող չլինի՞: Սա կարծես թե հասկանում են, բայց ահա ինչ վերաբերվում է հոգևորին, նախընտրությունները փոխվում են: Կոնկրետ իմ կարծիքով, ցանկալի է, որ ՀԵՊ առարկայի փոխարեն դպրոցներում տարվի Ավետարանի քարոզչություն:
-Տեր Հայր վերջում կցանկանայինք անդրադառնալ եկեղեցու երգչախմբի և դպրաց դասի համալրման համար երեխաների ներգրավման վերաբերյալ Ձեր վերջին հայտարարությանը: Շատ հավատացյալ ծնողներ որգևորված են այդ հայտարարությամբ: Կա արդյո՞ք տարիքային սահմանափակում:
-Կարևորը երեխայի ցանկությունն է: Կընդունվեն դպրոցահասակ երեխաներ, միայն աղջիկները պետք է ունենան երգելու ունակություն: Ի վերջո, երեխաները կկտրվեն համակարգչից ու փողոցից, հնարավորություն կունենան նաև ստանալու հոգևոր դաստիարակություն: